Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չնայած Մեսիի դուբլին

Չնայած Մեսիի դուբլին
13.11.2018 | 02:36

Դորտմունդի «Բորուսիան» բունդեսլիգայի առաջին հորիզոնականում գտնվելու իր ոչ պատահական լինելն առարկայնորեն հավաստեց նաև «Բավարիայի» հետ ունեցած դեմառդեմ մրցակցությունում, տարօրինակության աստիճանի գոլառատ հանդիպում գրանցվեց բարսելոնյան դիմակայությունում ու, որքան էլ զարմանալի է, հանդիպումն այդ ավարտվեց իսպանական ֆուտբոլի գրանդի պարտությամբ, մանչեստրյան թիմերի մրցակցությունում «Սիթին» անառարկելիորեն ուժեղ էր «Յունայթեդից», ու բնավ էլ նշանակություն չունի, որ դրանից Ժոզե Մոուրինիոյի մոտ փսիխոզային երևույթներ են նկատվում:

ԻՍՊԱՆԻԱ
Անսովոր լարված է եղել Բարսելոն»-«Բետիս» դիմակայությունը, և դրանում առաջին հերթին շեշտենք արևաշող Անդալուզիայից ժամանածների վաստակը: Առաջին խաղակեսն ավարտվել է «Բետիսի» համոզիչ առավելությամբ, 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում տանտերերը միացրել են իրենց յուրահատուկ տիեզերական արագությունը, դարձել երեք գոլի հեղինակ (վնասվածքից հետո առաջին անգամ դաշտ դուրս եկած Մեսին հեղինակել է դուբլ), սակայն անդալուզցիներն էլ պարապ չեն նստել, այդ երեքին կարողացել են պատասխանել ևս երկուսով (մեկը եղել է այն բանից հետո, երբ «Բարսելոնը» մնացել է 10 հոգով), ինչն էլ հանրագումարում բերել է հաղթանակ 4:3 հաշվով: Վիճակագրության սիրահարների համար նշենք, որ սեփական հարկի տակ վերջին անգամ չորս գոլ «կապտանռնագույնները» բաց էին թողել այսօր արդեն հեռավոր ներկայացող 2003 թվին:
Այս պարտությունից հետո 24 միավորով մնացած «Բարսելոնի» պոչին մերձ հարևանությամբ նստեց միանգամից երեք թիմ: Դրանք են հյուր եկած «Էսպանյոլին» ու «ՈՒեսկային» նույն 2:1 հաշվով պարտության մատնած «Սևիլիան» ու «Ալավեսը», լրացուցիչ գործակիցների հաշվարկով նրանց միջև խցկված «Աթլետիկոն», որը, դարձյալ տնային խաղում, 3:2 հաշվով պարտության է մատնել «Աթլետիկին»:
Հիշատակենք նաև հյուրընկալվելիս Մադրիդի «Ռեալի» 4:2 հաշվով հաղթանակը «Սելտայի» նկատմամբ ու անցնենք մառախլապատ Ալբիոնի կողմերը:

ԱՆԳԼԻԱ
Մանչեստրյան երկու ակումբների՝ «Սիթիի» ու «Յունայթեդի» մրցակցությունն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:1, ինչը նշանակեց, որ Խոսեպ Գվարդիոլայի սաները հպարտ միայնության մեջ շարունակում են գլխավորել աղյուսակը:
Նախորդ տուրի արդյունքով երկրորդ հորիզոնական բարձրացած «Չելսին» մեկ սանդղակով նահանջեց, ու դա նրան պարտադրեց հյուր ժամանած «Էվերտոնն» իր գոլազուրկ ոչ-ոքիով:
Երկրորդ հորիզոնականում «ազնվականներին» եկավ փոխարինելու սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակի առավելությամբ «Ֆուլհեմին» պարտության մատնած «Լիվերպուլը»:
Պրեմիեր լիգայի առաջին եռյակը կազմածներն իրար զիջում են երկուական միավորով: «Ման. Սիթին» ունի 32, «Լիվերպուլը»՝ 30, «Չելսին»՝ 28 միավոր:
Նշենք նաև «Արսենալին» իր ունեցած 24 միավորով ու հինգերորդ տեղով: Հենրիխ Մխիթարյանի ներկայացրած թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Վուլվերհեմպտոնի» հետ ու թիմին պարտությունից փրկած գոլը խփել է մեր ֆուտբոլիստը, որը փոխարինման է ելել խաղավարտին մոտ:

ԳԵՐՄԱՆԻԱ
Տուրը բունդեսլիգայի ու առհասարակ եվրոպական ֆուտբոլի համար առանձնահատուկ հետաքրքրական է եղել ի հաշիվ Դորտմունդի «Բորուսիա»-«Բավարիա» դիմակայության: Խաղասկիզբը խոստումնալից է եղել մյունխենցիների համար ու նշանավորվել է Ռոբերտ Լևանդովսկու կողմից տանտերերի դարպասի գրավմամբ, սակայն վերջնահաշվում հանդիպումը շահել են դորտմունդցիները՝ 3:2: Նկատենք, որ Լևանդովսկու դուբլին դուբլով է պատասխանել Մարկո Ռոյսը:
Շարունակում է հաջող մրցելույթների շարքը Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Արտագնայում 3:1 հաշվով հաղթանակը «Վերդերի» նկատմամբ շարունակեց իրենով արած պահել երկրորդ հորիզոնականը:
Առաջին եռյակում «Բորուսիաներին» հաջորդում է «Լայպցիգը», որը երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Բայերի» դարպասը:
Դորտմունդցիներն ունեն 27, մյոնխենգլադբախցիները՝ 23, «Լայպցիգը»՝ 22 միավոր: Նշենք Մյունխենի «Բավարիայի» ունեցած միավորների չափից ավելի փոքր քանակը՝ 20, ինչպես նաև չափից ավելի համեստ դիրքը մրցաշարային աղյուսակում՝ հինգերորդ:

ԻՏԱԼԻԱ
«Միլան»-«Յուվենտուս» դիմակայության բարձր կարգը չհիշատակենք. այն այդպիսին է էն գլխից ու համաեվրոպական նշանակության մրցակցությունների շարքից է: Կարճ կապենք՝ «ծեր սինյորան» անգամ դույզն-ինչ զիջման չի գնացել միլանյան դիմակայությունում, որքան էլ խաղից առաջ Իվան Գատուզոն բարձրաձայնում էր ունեցած հակաթույների մասին: «Յուվեն» հաղթել է 2:0 հաշվով:
Ջենովայում համանուն թիմի հետ ծանր հանդիպում է անցկացրել «Նապոլին» ու կամային հաղթանակ տոնել 2:1 հաշվով: Ոչ պակաս ծանր հանդիպում է անցկացրել «Ատալանտայի» հետ «Ինտերը»: Հանդիպման անպատվաբեր խոշոր 4:1 հաշիվն ավելի շատ արդյունք է նրա, որ խաղավարտին հյուրերը նետվեցին առաջ գոնե միավոր վաստակելու համար ու երկու անգամ բռնվեցին տանտերերի կտրուկ հակագրոհների վրա:
«Յուվենտուսն» ունի 34, «Նապոլին»՝ 28, «Ինտերը»՝ 25 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Կարելի է անվրեպ ասել, որ դիվիզիոնում պարզապես մրցակից չունի «Պարի Սեն Ժերմենը», որի ուժեղագույն ակումբի հավաստումը թիմը պիտի կարողանա հաստատել եվրոպական խաղարկություններում: Դառնալով ներքին առաջնությանը՝ այս անգամ մայրաքաղաքցիների առաջ ծնկածը «Մոնակոն» էր (4:0), որի խաղամակարդակում դեռևս ոչ մի կարգի դրական տեղաշարժ չի եղել Անրիի գալով: Ավելին, թիմը գտնվում է աղյուսակի նախավերջին հորիզոնականում, միավորների ծիծաղելի քանակով՝ 7, ու սա այն դեպքում, երբ օրվա մրցակցի ունեցածը 39 է:
«Պարի Սեն Ժերմենից» 13 միավոր պակաս ունի երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիլը», որը գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել «Ստրասբուրգի» հետ տնային հանդիպումը: Իր հերթին «Լիլից» մեկ միավորի հեռավորության վրա է արտագնայում «Անժին» նվազագույն հաշվով զիջած «Մոնպելիեն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ