Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2. Չինական մեծ պարիսպն ու հայկական փոքր պատը

2. Չինական մեծ պարիսպն ու  հայկական փոքր պատը
20.11.2018 | 13:47

ԱԺ Չինաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը նոյեմբերի 12-ին Պեկինից մեկնեց Գուանդուն նահանգ, որը մայրցամաքային Չինաստանի հարավում է` հարևանում է Հոնկոնգին ու Մակաոյին: 180000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող նահանգը 106 միլիոն բնակչություն ունի, հիմնականում խաներ` հին չինացիներ, որ պահպանել են հազարամյակների իրենց մշակույթն ու ավանդույթները: Գուանդունը այսօրվա Չինաստանի առավել զարգացած շրջաններից է ու առաջատար նոր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Գուանդուն նահանգի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Լի Յուանլինի հետ ընթրիք- հանդիպմանը մանրամասն քննարկվեցին նահանգի տնտեսական հնարավորություններն ու հայկական բիզնեսի հետ կապերի հաստատման հեռանկարները: Մասնավորապես, Գուանդուն նահանգի ղեկավարությունը պատրաստակամ է աշխատել Չինաստանում Հայաստանի դեսպանատան հետ` արդեն 2019-ից իր պատվիրակությունը Հայաստան ուղարկելու և տեղում կոնկրետ նախագծեր մշակելու համար` գյուղմթերքների ներկրման, շինանյութերի արտադրության, կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտներում: Չինաստան-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը խոստացավ և արդեն դեսպանին է փոխանցել պայմանավորվածությունները` համագործակցությանն ընթացք տալու համար:
Հայկական պատվիրակության անդամները Գուանդուն նահանգի Գուանչժոու կենտրոնից բացի եղան Ֆոշան քաղաքում, ուր նրանց ներկայացվեցին կենցաղային տեխնիկայի ձեռքբերումներն ու չինական վերամշակող արդյունաբերության հնարավորությունները:
Հավարտ այցի` խնդրեցի պատվիրակության անդամներին իրենց տպավորությունները ներկայացնել։

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ (Չինաստան-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար)
-Պետական բարձր մակարդարկով հանդիպումներում, այդ թվում կոմկուսի միջազգային բաժնի ղեկավարության, ԱԳՆ-ի փոխնախարարի հետ, զգացվում էր չինական կողմի շահագրգռությունը Հայաստանի հետ հարաբերությունների խորացումով ու շարունակականությամբ: Այս հանդիպումներին առանձնահատուկ երանգ էր հաղորդում այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Հայաստանում քաղաքական փոփոխություններ են կատարվել: Կարծում եմ` նրանց համար հատկապես կարևոր էր լսել, որ Հայաստան-Չինաստան բարեկամական հարաբերությունները մնալու են անփոփոխ ու շարունակական: Մենք տեղ հասցրինք մեր պետության համար կարևոր խնդիրները` տնտեսական զարգացմանը չինական մասնակցության հեռանկարները, չինական ներդրումներով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, Հայաստանի ընդգրկման կարևորությունը Մետաքսի ճանապարհում, զբոսաշրջության զարգացման մեջ, Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի կայուն ու հաստատակամ դիրքորոշման կարևորությունը: Մեզ լսեցին ու մեզ հետ համաձայնեցին, նաև փոխանցեցին իրենց մտահոգություններն ու գերակայությունները: Վստահ եմ, որ այս հանդիպումները իրենց նպաստը բերեցին ոչ միայն հայ-չինական ժողովրդական դիվանագիտության զարգացմանը` պատգամավորական բարեկամության խմբերի մակարդակով, այլև հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ընդհանրապես: Ոչ պակաս կարևոր էր հանդիպումը Գուանդուն նահանգում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ: Գուանդունը Չինաստանի խոշորագույն ու բարձր տեմպերով զարգացող նահանգներից է, որ տնտեսական հսկայական ներուժ ունի, Հայաստանից առաջին անգամ էր Գուանդունում պատվիրակություն լինում, և շատ կարևոր էին տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավոր հարթակներ ստեղծելու պայմանավորվածությունները:
Խոսել ենք քաղաքական խնդիրների մասին` ՉԺՀ-ի դիրքորոշումները միջազգային հարթակներում, արծարծվել են բազմաթիվ արտաքին քաղաքական թեմաներ` Լեռնային Ղարաբաղի հարցում չինական դիրքորոշումը, ցեղասպանության ճանաչումը, հարաբերություններն Իրանի ու Վրաստանի հետ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ Հայաստանի առավելագույնս ներգրավվածության խնդիրը և բոլոր դեպքերում հանդիպել ենք համագործակցության պատրաստակամության:

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-(ՀՀԿ)
Վստահաբար` բոլոր հանդիպումները շատ կարևոր էին, և քննարկվում էին ինչպես մեր տնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, արդեն գործող կապերի ամրապնդման, այնպես էլ շարունակականության խնդիրները: ՈՒզում եմ կարևորել զբոսաշրջության զարգացումը, որը միանշանակ կնպաստի և՛ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, և՛ բարեկամական կապերի ամրապնդմանը: Բացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից ուզում եմ կարևորել ԳԱԱ ակադեմիկոսների հետ հանդիպումը, որտեղ նախանշվեցին համագործակցության ուղղությունները, ներկայացվեցին չինական գերակայությունները ոչ միայն Հայաստանում, այլև մեր տարածաշրջանում: Գուանդունի հանդիպումներում շատ հաճելի էր, որ բարձրաստիճան պաշտոնյան խորքով ուսումնասիրել էր հայոց պատմությունը և ներկա քաղաքական իրավիճակը ու համագործակցության պատրաստակամություն էր հայտնում: Անցած տարիներին բարեկամական խմբի աշխատանքի արդյունքները տեսանելի են, հույս ունեմ, որ այդ աշխատանքները կշարունակվեն, անկախ քաղաքական որ ուժը իշխանություն կլինի: Չինաստանը մեզ համար կարևորագույն գործընկեր է, և չի կարելի կորցնել բարձրամակարդակ հարաբերությունների զարգացման հնարավորությունը, մարդկային կարևորագույն կապերը, որ ժամանակի մեջ են ստեղծվում:

ՇՈՒՇԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ (ՀՀԿ)
-Հայ-չինական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական վեկտորներից են, և հայկական կողմը, բնականաբար, իր արտաքին քաղաքականության հայեցակարգում շահագրգռված է հայ-չին հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Հայ-չինական պատգամավորական բարեկամության խմբի Չինաստան այցի, որ կազմակերպված էր և՛ քաղաքական, և՛ կազմակերպական շատ բարձր մակարդակով, բոլոր հանդիպումներում քննարկվեց բազմակողմ օրակարգ` քաղաքական, տնտեսական, մշակութային, վերլուծական, գիտակրթական ծրագրերի իրականացման նկատառումներով: Հետաքրքիր էր, որ երկուստեք միմյանց առաջարկվելիք օրակարգ կար, մասնավորապես, տնտեսական համագործակցության դաշտում ներդրումների ներգրավումը` Հայաստանը հետաքրքիր շուկա է, լոգիստիկան անբավարար է, բայց շուկան մեծ է` հաշվի առնելով Հայաստանի դիրքը տարածաշրջանում` ԵԱՏՄ+Իրանի ազատ տնտեսական գոտի, Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ լինել ներդրումների, համատեղ ձեռնարկությունների, նոր շուկաներ դուրս գալու համար: Քննարկվեցին զբոսաշրջության զարգացման հարցերը` սկսած ուղիղ չվերթից մինչև տարածաշրջանային զբոսաշրջային տուրեր Վրաստան-Հայաստան-Իրան, որ կխթանի նաև երկկողմ համագործակցությունը: Շատ ողջունելի է, որ չինական հեռուստաընկերությունները լինում են Հայաստանում, ու ճանաչողական ֆիլմեր են նկարահանվել Հայաստանի մասին` ՀՀ դեսպանատան անմիջական աջակցությամբ, որը միլիարդուկես շուկային ներկայացնում է Հայաստանը: Այցը մեզ համար էլ ճանաչողական էր, շինարարական ու կենցաղային ապրանքների, ՏՏ տեխնոլոգիաների ընկերություններում եղանք, փորձը ուսանելի էր` թե ինչից ուր են հասել: Չինական ընկերությունները կարճ Ժամանակահատվածում ապահովել են բարձր արդյուանվետություն: Կարևոր է, որ չինացիները շատ շահագրգռված էին հանդիպումների բազմազանությամբ, և իրենք էլ իրենց օրակարգն ունեին, որ կառուցողական էր դարձնում քննարկումները:

ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ (ՀՀԿ)
-Տպավորիչ էր չինական կողմի շատ բարձր մակարդակով կազմակերպվածությունն ու հյուրընկալությունը: Ամեն մանրամասն հաշվարկված էր, ամեն ինչ արվում էր, որ բոլորը գոհ լինեն, իսկ հանդիպումները` արդյունավետ ու ծառայեն իրենց նպատակին: Մեր պատվիրակությունն էլ աշխատում էր համակարգված ու թիմային: Գեղեցիկ էր տեսնել, որ շատ քաղաքակիրթ ու բարեկամական մթնոլորտում շոշափվում էին ընտրություններից հետո աշխատանքի շարունակականության հարցերը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բավականին արդյունավետ համակարգել էր աշխատանքը և ստեղծել շատ գեղեցիկ մթնոլորտ` և՛ աշխատանքային, և՛ մարդկային շփումների հարթություններում: Տպավորիչ էր մեր դեսպանատան` դեսպանի ու աշխատակազմի աշխատանքը, փորձում էին օժանդակել բոլոր հարցերում:

ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ (ՔՊ)
Կարծում եմ` Աժ ընտրություններից հետո անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բարեկամական խմբի կապերն ամրապնդելու և արդեն իսկ արված աշխատանքի շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու համար: Հանդիպումների ժամանակ զգացվեց մեծ հետաքրքրություն Հայաստանի հանդեպ: Հայաստանը ճանաչելու ցանկությունը մեզ հուշում է, որ մենք ի պատասխան այս հրավերի, նույնպես պետք է հնարավորություններ ստեղծենք, որ Չինաստանի խորհրդարանի պատգամավորները այցելեն Հայաստան: Կարծում եմ` պետք է բարեկամությունն ամրապնդել կոնկրետ ծրագրերով, որ մենք արդեն իսկ պատրաստի առաջարկներով պետք է ներկայացնենք: Չինաստանը բաց է ու պատրաստ է համագործակցել, պարզապես լավ հարաբերությունները պետք է մենք կարողանանք դրսևորել նաև կոնկրետ տնտեսական, մշակութային, հումանիտար ծրագրերի միջոցով, ոչ միայն Հայաստանի համար հետաքրքիր ու օգտակար, այլ նաև Չինաստանի:
Նոյեմբերի 14-ին Չինաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը վերադարձավ Երևան` հրաժեշտին ստանալով չինական կողմի հավաստիացումը, որ խմբի գործունեության արդյունքում հաստատվել են կայուն ավանդույթներ և կարևոր հիմք` համագործակցությունը շարունակելու ու փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Չինական մեծ պարիսպը, Արգելված քաղաք Գուգուն, Երկնքի տաճար այցերը մշակութային մասն էին ու գուցե ավելին են պատմում երկրի ու ժողովրդի մասին, քան բոլոր պաշտոնական հանդիպումները: Քաղաքակրթությունը այն հենքն է, որի վրա պետություններն ու ժողովուրդները կառուցում են իրենց փիլիսոփայությունն ու պատմությունը, արժեհամակարգն ու ապագան` անցյալն ու ներկան ունենալով իբրև շինարարական հումք: Սա այն հարթակն է, որտեղ Չինական մեծ պարսպի համադրությամբ հայկական ներկան չի դիտարկվում իբրև… պատ, այլ դառնում է կամուրջ երկու պետությունների միջև, որ ռեալ քաղաքականության մեջ անհամադրելի են տարածքով, բնակչության թվով, տնտեսական վիճակով ու աշխարհում իրենց դիրքով ու ազդեցությամբ: Իմ երրորդ ու համարյա պատմական նախանձը Չինաստանում հարուցեց նրանց նախանձելի ունակությունը` ոչնչով չզգացնել իրենց մեծությունը բանակցությունների երկրորդ կողմի համեմատությամբ: Ժամանակակից միջազգային հարաբերություններում դա գրեթե եզակի դիրքորոշում է, որ վկայում է Չինաստանի քաղաքականության խորապես գիտակցված ուժն ու հզորությունը` իր դերն ու արժեքը գիտակցելով հանդերձ` գործընկերոջը հավասարի պես վերաբերվելու մեջ ձևավորել վստահության աշխատանքային մթնոլորտ ու բարեկամության ցանկություն: Դա արժանի է հարգանքի: Բուդդայի իմաստուն լռությունը իրականում երկխոսություն է աշխարհի հետ:

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ