Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խավարի կուրությունը

Խավարի կուրությունը
20.11.2018 | 00:06

«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված. ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի» (Սաղմ. 13;1)։
Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով:
Անհավատ մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ՝ ասելով. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի. և երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից:
Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու, որովհետև մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խոսքը՝ կայծ, որ ծնվել է մեր սրտի տրոփից:
Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը: Եվ, ինչպես ամպի հետք, պիտի անցնի մեր կյանքը և պիտի ցրվի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածված ու քշված նրա տապից:


Արդարև, մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել» (Իմաստ. 1, 2):
Այսպիսին է անզգամ և անհավատ մարդու կյանքը, երբ մերժում է Աստծուն և ապրում ըստ մարմնի ցանկության, այսինքն, կենդանիների պես` թողնելով բանականությունը և տրվելով բնազդային կրքերին: Հստակ է, որ բոլոր կենդանիները ապրում և գոյատևում են բնազդի շնորհիվ, միայն մարդն է, որ ունի և՛ բանականություն, և՛ բնազդ, և ինչ զարգացում կա իր մեջ, այն էլ իշխում է նրան. եթե բնազդն է զարգացած` գործում է ըստ բնազդի` պահի ազդեցությամբ, մարմնի ցանկությամբ, իսկ եթե բանականությունն է զարգացած` ապրում ու գործում է հոգով, Աստծո մասին խորհելով, իր նմանի հանդեպ խոր հարգանքով` այս տեսակ առաքինությամբ արժանանալով Աստծո օրհնությանը: Սուրբ Գիրքը հստակ մեզ ասում է. «Մեղքի վարձքը մահ է»: Հետաքրքիր մի փաստ. աշխարհի ստեղծումից ի վեր չկա մի հավատք, որ մերժի հանդերձյալ կյանքի առկայությունը, արդար դատաստանը, դժոխքն ու դրախտը: Սա հիշողությու՞ն է, թե՞ մարդու կողմից հնարված մի բան: Դեռևս իրենց ժամանակին Էյնշտեյնը, Նիկոլա Տեսլան, Ցիոլկովսկին, Մենդելևը և շատ հանճարներ, որոնք աստվածային հայտնությամբ սերունդներին ավանդեցին մարդկության զարգացման համար անհրաժեշտ տեսությունները, վկայեցին Բարձրյալի գոյության մասին, անգամ փորձեցին գիտության տեսանկյունից ապացուցել բացարձակ Ճշմարտության իրականությունը: Եթե մենք չենք հավատում Աստվածաշնչին, Աստծուն, գոնե պետք է հավատանք գիտությանը և ընդունենք Աստծո գոյության փաստը, իսկ եթե մերժում ենք Աստծուն և գիտությունը, ուրեմն դատաստանի ենք ենթարկում ինքներս մեզ, իսկ եթե չենք մերժում, ապա ինչու՞ ենք ապրում որպես կույրեր, անբան անասուններ, ինչպես առաքյալն է ասում. «Իսկ սրանք հայհոյում են այն բանի դեմ, որ չգիտեն. և ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպես անբան անասունը, նրանցով էլ ապականվում են»: Բազմաթիվ հետազոտություններ են կատարել կլինիկական մահ տարածների վրա, որոնցից ոմանք դրախտն են տեսել, ոմանք էլ դժոխքը, և այս ուսումնասիրություններից պարզ է դարձել դրանց իրականություն լինելը, և կլինիկական մահ տարածները փոխում են իրենց կյանքը` դառնալով ավելի մարդասեր, առաքինի և հավատքով. և չեն վախենում մահից, որովհետև տեսել են այնտեղի կյանքը, և շատերը, մեր կողքին ապրելով, վկայում են դրա մասին: Կամ ովքե՞ր էին Քրիստոսի աշակերտները. անգետ մարդիկ, որոնցից ոմանք անգամ գրել չգիտեին: Երբ բռնեցին Հիսուսին, բոլորը փախան` իրենց անձերը փրկելու համար, ու հանկարծ այդ նույն մարդիկ սկսեցին իրենց կյանքը զոհել հանուն Հարուցյալ Փրկչի, որին տեսել էին Հարություն առած ու վկայում էին. «Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը» (Ա Հովհ. 1;1): Բոլորը զարմանում էին, թե ինչպես կարող են այս անգետ մարդիկ այսպիսի իմաստությամբ խոսել ու քարոզել. «Բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին, և Աստված աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծո առաջ, որովհետև նրանո՛վ դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ, որը եղավ մեզ համար Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն, որպեսզի, ինչպես գրված էլ է. Նա, ով պարծենում է, թող պարծենա Տիրոջով» (Ա Կորնթ. 1; 27-31): Նրանց քարոզչության շնորհիվ աշխարհը լուսավորվեց Քրիստոսի Ճշմարիտ Գիտության Լույսով: Նրանցից սերվեցին մեծագույն սրբերը, շատերը նահատակվեցին և իրենց արյամբ վկայեցին Քրիստոսին և հավիտենական կյանքը, շատերը գրական մեծ ժառանգություն թողեցին գալիք սերունդներին, որով պիտի լուսավորվեին, շատերը եղան Սուրբ Գրքի մեկնիչներ: Մենք իսկապես այսքան փաստեր ու վկայություններ ունենալով Քրիստոսի Ավետարանը` որպես հավիտենական կյանք տանող ճանապարհ, սրբերը` որպես այդ ամենի վկայություն, և գիտությունը` որպես այդ ամենի հաստատում, գերադասում ենք տգիտությունը, քան թե Ճշմարիտ գիտությունը: Վախենու՞մ ենք ճշմարտությունից, տեսեք, թե Ավետարանը ինչ է ասում մեզ. «Եվ դատաստանը այսպե՛ս իսկ է. որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին. որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան» (Հովհ. 3;19-20):


Քրիստոսի ճշմարիտ լույսը տեսնելու համար նախ պետք է հրաժարվենք խավարից, չար գործերից ու ապաշխարենք, խոստովանենք մեր մեղքերը, որպեսզի մոտենանք Լույսին, այլապես կմնանք խավարի մեջ ու կմեռնենք մեր մեղքերի մեջ ու կդատապարտվենք: Քանզի մեզ սիրող Աստված Հիսուս այսպես է ասում. «Եթե չհավատաք, որ Ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհ. 8; 24):


Տեր Ահարոն քհն. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ