Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գիտնականը պարտադրված ներողություն է խնդրում նախարարից

Գիտնականը պարտադրված ներողություն է խնդրում նախարարից
23.11.2018 | 02:21

Գիտության զարգացումը խոսքով չի լինում, ոչ էլ նոր իշխանության հավաստումների տարափով։ Այն, ինչ արվում է գիտության` վտանգի մեջ հայտնված ճյուղերից մեկի հանդեպ, դժվար է խելքը գլխին որևէ բնորոշմամբ հիմնավորել։ Կառավարությունը ցանկանում է օտարել օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից երկուսը և տրամադրել շվեյցարական մի ներդրողի, առանց հաշվի առնելու, թե դա ինչպես կանդրադառնա քիմիական միակ շնչող կառույցի ճակատագրի վրա։ Բայց ամեն ինչ հերթով։
Երկար տարիներ պետության ունեցվածքը պետությունից փրկող կենտրոնի տնօրեն ՎԻԳԵՆ ԹՈՓՈՒԶՅԱՆԻՆ հանդիպեցինք, երբ կրթության ու գիտության նախարարությունից նոր էր վերադարձել։ Գնացել էր հերթական անգամ նախարարին ներկայացնելու, թե ինչ է լինելու կենտրոնի հետ, եթե այդ երկու մասնաշենքերն օտարեն։ Սակայն նախարարը չի ցանկացել որևէ բովանդակային քննարկում ծավալել, մինչև կենտրոնի գիտնական տնօրենը հրապարակավ ներողություն չխնդրի իրենից, քանի որ այս հարցով բողոքի ակցիայի ժամանակ նրան համարել է հանցագործ։

«Իրատեսի» միջոցով Վիգեն Թոփուզյանը փոխանցեց. «Ներողություն եմ խնդրում Արայիկ Հարությունյանից, ընդունում եմ, որ սխալ եմ վարվել, չպետք է վիրավորեի, հիմա ստացվել է։ Փորձեցի նախարարին իրական խնդիրը ներկայացնել, սակայն ապարդյուն, ամեն ինչ լղոզվեց»։ Թոփուզյանը նախարարին հորդորում է այդ մեկ բառի համար իրե՛ն պատժել, ոչ թե ողջ կոլեկտիվին։ Փաստորեն, նախարարն էլ արհամարհում է կենտրոնի այն բազմաթիվ աշխատակիցների դիմումը, որով նրանք իրենց անհանգստությունն են հայտնում օտարման վերաբերյալ։ Թոփուզյանը վստահեցնում է` ցանկացած պատժի պատրաստ է և անգամ դատարանում կարող է քայլ-քայլ ներկայացնել, թե ինչու է հանցագործ համարել նախարարին, բայց կրկին փաստում է, որ իր պատճառով չպետք է տուժի մի ողջ կոլեկտիվ։ «Ես գնացել էի պետության դուռը պետական հարցեր լուծելու, ոչ թե անձնական»,- հավելեց Թոփուզյանը՝ հընթացս պնդելով, որ նախարարն իրեն հնարավորություն չի տվել 280 անդամ ունեցող կոլեկտիվի մտահոգությունները հայտնելու, թե ինչ վնասներ կունենա իրենց կառույցը, եթե կառավարությունը որոշի այդ ճանապարհով գնալ: Որքան էլ «մեջտեղից երկու կես» է եղել գիտնականը և առաջարկել բովանդակային քննարկում ծավալել, ջանքերն իզուր են անցել, որովհետև նախարարին հետաքրքրել է միայն իրեն ասածը։ Իսկ Վիգեն Թոփուզյանի տպավորությամբ` բուն հարցին չեն ցանկացել անդրադառնալ նաև այն պատճառով, որ նախապես որոշում է կայացվել, և իր ցանկացած հիմնավորում անընդունելի կլիներ։


Այս առնչությամբ նաև ԿԳՆ նախարարին դիմեցինք. «Ինչու՞ եք պարտադրել հրապարակավ ներողություն խնդրել գիտնական մարդուն»։ «Ես ոչ մեկին չեմ պարտադրել, տեղեկացրել եմ, որ իր արտահայտությունների համար դիմելու եմ համապատասխան ատյանների»,- ասաց նախարարը։ Դատի՞ եք տալու։ «Այո»։ Դա որքան է առնչվում այն կարևոր խնդրին, որն այդ կոլեկտիվի անունից տնօրենը ներկայացրել է, և այս ամենը եսակենտրոնության մասին չի խոսում, դիտարկմանն էլ եղավ այսպիսի պատասխան. «Չի առնչվում կոլեկտիվին, յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար։ ՀՀ-ում ամեն մեկը այլևս պետք է պատասխան տա իր խոսքերի համար, առավել ևս, որ նախարարին մեծ հանցագործ է համարել»։ Ի վերջո, գիտնական մարդ է, վրդովված է եղել, Ձեզ չի՞ բավարարել, որ Ձեզ հետ զրույցում մի քանի անգամ ներողություն է խնդրել։ «Եթե հրապարակային է արել այդ հայտարարությունը, ուրեմն հրապարակային էլ պիտի ներողություն խնդրի»,- անկոտրում էր խոցված ինքնասիրությամբ նախարարը։


Փորձեցինք նախարարից նաև իրական խնդրին առնչվող պարզաբանում ստանալ։ Պարզվեց, որ նա նախագիծը օրակարգ չի մտցնում, մինչև վերջնական քննարկումներ չլինեն։ Այստեղ էլ հարց է առաջանում` ներողություն խնդրելուց առա՞ջ, թե՞ հետո։ Գիտության կարևորագույն այս ճյուղի հետ կապված` նախարարի գնահատականը շատ ուշագրավ էր։ Ըստ նրա, իրենք միայն միջնորդավորված մասնակցություն ունեն այս գործում, քանի որ հարցով զբաղվում են ԳԱԱ-ն և անշարժ գույքի կոմիտեն։ «Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ Հայաստանում քիմիան մեռնում է» հարցին էլ Արայիկ Հարությունյանը հակադարձեց, որ նախ պետք է նայել, թե ինստիտուտն ինչ ծրագրեր ունի. «շենք պահելն ինքնանպատակ չէ, եթե ծրագրեր չունեն»։ «Կնայենք, թե նախորդ 5 տարիներին ինստիտուտը ինչ արդյունք է տվել, ինչ տեսլական ունի, դրանց մեջ մտնում է նաև այդ շենքերի տնօրինումը»,- նշեց նախարարը, հավելելով, որ գիտության կոմիտեն ևս պետք է ներգրավվի այս գործում։ Սակայն Վիգեն Թոփուզյանի դիտարկմամբ, առնվազն ծիծաղելի է, որ գույքի պետական կոմիտեի ղեկավարն է հայտարարում, թե իրենք արդյունավետ չեն աշխատում։ «Նախ գտեք այն գործիքը, թե ինչպես են արդյունավետ աշխատանքը չափում, դրա հիման վրա հայտարարություն արեք։ Իսկ ես հակառակն եմ պնդում, մենք արդյունավետ ենք աշխատում»։ 2018-ի աշնանը հայտարարվեց, որ թեմատիկ հայտերի 50 տոկոսը պետք է այս կենտրոնում կատարվի։ Սա ստորագրել է անձամբ Արայիկ Հարությունյանը։ «Բա սա գնահատական չէ՞»,- հռետորական հարց է հնչեցնում Թոփուզյանը՝ ավելացնելով, որ այսօր դեղատներին իրենց արտադրած դեղն են տալիս, միայն գիտությամբ չեն զբաղված։


Կենտրոնի տնօրենը փաստում է, որ դեմ չէ ներդրողների 20 մլն եվրո գումարը Հայաստան բերելուն, սակայն ոչ իրենց կենտրոնի լաբորատորիաների հաշվին, իրենք էլ պակաս կարևոր գործ չեն անում։ Այդ մասնաշենքերում կան 33 աշխատող և հինգ տարբեր լաբորատորիաներ, հինգ տարբեր առաջադրանքներով։ Հնարավոր չէ նման լաբորատորիաները տեղափոխել գլխավոր մասնաշենք, քանի որ քիմիական լաբորատորիան հատուկ պահանջներով է կառուցված և եթե տեղափոխվի, մեծ գումարներ են հարկավոր նման լաբորատորիաներ կառուցելու համար։ Գիտնականը բավականին հանգամանալից պատմեց, թե ինչ կորուստներ կլինեն, եթե կառավարությունը հետ չկանգնի իր որոշումից։ Ավելին, կենտրոնը նվազագույնը երկու տեղ է առաջարկել, որտեղ ներդրողը կարող է հետազոտական ինստիտուտներ կառուցել, դրանք այսօր դատարկ են։ «Այսօր արտադրական քիմիան ընդհանրապես ոչնչացավ, բուհական համակարգում ևս այդ ֆակուլտետը նեղացված է։ Մենք ենք վերջին մոհիկանը, որ պետք է հանրապետությունում պահենք օրգանական քիմիան։ Բայց, երևում է, մենք էլ ավելորդ ենք։ Ավելի ազնիվ կլիներ, որ և՛ նախկին, և՛ ներկա իշխանության անդամները կանգնեին ասեին՝ մեզ այդ գիտությունը պետք չէ, փակենք, քան այսպիսի ճանապարհներով, կսմթոցներով գիտության վրա գրոհեն»,- ընդգծեց Թոփուզյանը, շեշտելով, որ գիտության հանդեպ վերաբերմունքը ինչպես նախկինում, հիմա էլ նույնն է մնացել։


Այս ողջ գործընթացը, Վիգեն Թոփուզյանի վստահեցմամբ իրենց վարկանիշի վրա ևս ազդում է, քանի որ այսօր ունեն մի քանի երկրների հետ 200 հազար դոլարի պայմանագրեր, որոնք կարող են վտանգի տակ հայտնվել։ Ընդ որում, պահանջվող նյութով զբաղվում են հենց այն լաբորատորիաները, որոնք ցանկանում են օտարել։ «Նրանք, տեսնելով այս վիճակը, կարող են կանգնեցնել բանակցությունները, քանի որ այլևս վստահելի չենք։ Մեր իշխանությունը կարող է ամեն վայրկյան գալ և ասել` կենտրոնի այս հատվածը տալիս եմ այս մարդուն, այն հատվածը՝ այն մարդուն։ Այլևս վստահելի պարտնյոր չենք դիտարկվի»,- եզրահանգնեց Վիգեն Թոփուզյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ