ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Թողեք աշխատենքին» կփոխարինի «թողեք սովորենքը»

«Թողեք աշխատենքին» կփոխարինի «թողեք սովորենքը»
14.12.2018 | 01:01

Եթե առաջնորդվեք Ֆրոյդի «կրկնվող երազների» տեսությամբ, ապա անընդհատ անհանգստացնող երազներից ազատվելու համար անհրաժեշտ է հրաժշտ տալ տանջող գաղափարին ու վերադառնալ իրականություն: Վերջին երկու տասնամյակում Հայաստանն ասես նմանատիպ թմբիրի մեջ լիներ, երբ քաղաքական դաշտի խաղացողները մերթ ընդ մերթ իշխանափոխության սցենարներ էին գծում, բայց վերջնարարին հասնել այդպես էլ չէր հաջողվում: Դա հաջողվեց Նիկոլ Փաշինյանին, որ վերջապես վերջ դրեց իշխանափոխության մասին անավարտ երազներին ու խրոխտ ձայնով ազդարարեց նոր Հայաստանի սկիզբը: Ըստ վերոնշյալ տեսության՝ Փաշինյանն այժմ պետք է իրականություն վերադառնա ու կառուցի իրապես նորը, տարբերվողն ու այլընտրանքայինը: Նոր իրողությունների ու նոր Հայաստանի մասին վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները, սակայն, առայժմ «կրկնվող երազների» հարթությունում են: Ինչքան էլ հասարակությանը համոզենք, թե «դուխով» կարելի է 5 կգ կարտոֆիլ ու 2 մատնաքաշ գնել, մարդիկ մի գեղեցիկ օր հասկանալու են, որ սոված են ու պահանջատիրոջ իրավունքով իրական փոփոխությունների հայտ են ներկայացնելու:


Նախքան ընտրություններն իշխող ուժը հասարակության արդեն իսկ դժգոհող հատվածի և չորրորդ իշխանության ներկայացուցիչներիս քննադատություններին ի պատասխան «մեղմացուցիչ դեպք հանցանաց»-ներ ուներ։ Դրանցից առաջինը մեղքը նախկին, բայց դեռևս լծակներ ունեցող իշխանությունների՝ «Հանրապետականի» վրա գցելն էր: Ասում էին՝ պետության կառավարման լծակներն ամբողջությամբ մեր ձեռքում չեն, հետևաբար. չենք կարող բարձրացված հարցերին լուծում տալ: Իրողությունն այժմ բոլորին այլ է. ՀՀԿ-ն ո՛չ լիազորություն ունի, ո՛չ էլ նվազագույն մանդատ նորընտիր խորհրդարանում, հետևաբար երկրի համար կարևորագույն հարցերի լուծման ամբողջ պատասխանատվությունը նորերի վրա է:


Երկրորդը որոշ լրատվականների և հանրության մի հատվածին հակահեղափոխականի տիտղոս «շնորհելն» էր: Սրտնեղում էին, թե լրագրողները չարակամ են, չեն թողնում աշխատել, հորդորում էին սպասել ընտրությունների ավարտին, նոր միայն պահանջներ ներկայացնել: Ընտրություններն այժմ անցյալում են, և երկրի կառավարումը ստանձնածները մանևրելու տարբերակ չունեն այլևս, բացի «թողեք աշխատանքը» «թողեք սովորենքով» փոխարինելուց:


Թե ով ինչքան ու ինչպես կսովորի, ժամանակը ցույց կտա, թեև նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպված բանավեճերը փաստեցին, որ իշխանության եկածները պետք է այբուբենից սկսեն: Իհարկե, հասարակությունը մեծահոգաբար կուլ կգնա նաև նորեկների «թողեք սովորենքի» հորդորին, բայց դա կլինի արդեն 27 պատգամավորի համար բյուջեից հավելյալ գումար հատկացնելու, նրանց մեծ մասի համար մայրաքաղաքում բնակարան վարձելու, պետական ապարատում խոստացված, բայց այդպես էլ չկրճատված ավտոպարկը սպասարկելու, մանր չինովնիկների չաղ ու բախտավոր կյանքն ապահովելու ու տարաբնույթ այլ երևույթների հաշվին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ