Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էստի համեցեք

Էստի համեցեք
18.12.2018 | 02:03

Տասը տարի առաջ, երբ մասնակցում էի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության քննություններին, ստեղծագործական շարադրության համար հանձնաժողովը երեք թեմա էր առանձնացրել, այդ թվում նաև՝ «Փողոցը` շուկա»: Այն ժամանակ հանձնաժողովականների ընտրած վերնագիրն ինձ ծայրաստիճան տարօրինակ թվաց, մարզից Երևան եկած պատանու համար շուկան փողոցում չէր կարող լինել: Առօրյան ու տարիները, սակայն, այլ բան ցույց տվեցին:


Նախատոնական այս օրերին փողոցը հերթական անգամ շուկայի է վերածվել: Մաշտոցի պողոտայի հատկապես դեպի նախկին Փակ շուկա տանող ճանապարհահատվածը, Տիգրան Մեծ պողոտայից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող մայթեզրին բաց առևտուր է: Է՛լ սիգ, է՛լ արհեստական ձկնկիթ, է՛լ տանձ, խնձոր, մանդարին, է՛լ կենցաղային մանրուքներ. մի խոսքով, շուկա բառիս լայն իմաստով: Եթե մի կողմ թողնենք իրավիճակի զուտ գեղագիտական կողմը, ապա սանիտարական տեսանկյունից լրջագույն խնդրի առաջ կարող ենք կանգնել: Առանց որևէ ծածկի, փաթեթավորման, ձեռնոցներ կրելու սնունդը՝ ձկնեղենը, ընդեղենն ու միրգ-բանջարեղենը, որ կլանում են փողոցի փոշին, աղտոտված միջավայրի բացիլները, հայտնվում են սպառողի ձեռքում: Նման վայրերից առևտուր անողը պետք է գիտակցի իրավիճակի լրջությունն ու հնարավոր պատուհասող վտանգը՝ ամենատարբեր վարակների ու հիվանդությունների տեսքով: Բայց եթե փողոցի առևտուրն օր օրի աճում է, ուրեմն դրա պահանջարկը կա, փողոցում վաճառվող ապրանքը մարդկանց գրպանին հարմար է:
Վտանգավոր է հատկապես առանց որևէ վերահսկողության տարաբնույթ ճայթուկների վաճառքը, ինչով հիմնականում անչափահասներն են զբաղվում, այն էլ` երեկոյան ժամերին: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, մեր հարևան Վրաստանում օրերս նոր օրենք է սահմանվել, ըստ որի, անչափահասներին ճայթուկներ վաճառող ֆիզիկական ու իրավաբանական անձինք տուգանվելու են:


Շուկա դարձած փողոցի մասին տարիներ ի վեր խոսել ու խոսվում է, խնդիրը նախորդ իշխանություններին լուծել չհաջողվեց, նորերը, որ նախկիների ամենամոլի ընդդիմախոսներն էին, խոստանում էին վերջ տալ երևույթին: Իրավիճակը, ինչպես նկատում ենք, չի փոխվել, փողոցի առևտուրն է՛լ ավելի է ծաղկել: Քավ լիցի, ոչ ոք չի ցանկանում «վայիս լինել» մանր առևտրականների օրվա հացին, բայց չվերահսկվող իրավիճակը լրջագույն խնդիրների կարող է հանգեցնել: Քաղաքապետարանի համապատասխան բաժիններն օր առաջ պետք է լուծում գտնեն հարցին, գուցե մատչելի գնով տարածք տրամադրեն այդ մարդկանց կամ այլ աշխատանք փորձեն գտնել վերջիններիս համար, թե չէ, մեկ էլ տեսար, մենք էլ չենք իմանա, թե ինչպես շուկան տուն մտավ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ