Եվ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի Մարդու Որդու գալստյանը (Մատթ. 24; 37)

Եվ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի  լինի Մարդու Որդու գալստյանը  (Մատթ. 24; 37)
21.12.2018 | 00:09

Քրիստոսի խոսքի համաձայն, աշխարհի վերջը կլինի այն ժամանակ, երբ մարդիկ չեն սպասի, ըստ Տիրոջ խոսքի. «Աշխարհի վերջը կգա ինչպես գող»,- այսինքն` անսպասելի:
Անշուշտ, Աստված չէր կարող իր սիրելիներից թաքցնել աշխարհի վախճանի նշանները, որոնցից շատերը արդեն կատարվել են, շատերն էլ կատարման փուլում են. «Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ կացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև շատերը պիտի գան Իմ անունով և պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, և շատերին պիտի մոլորեցնեն» (Մարկ. 13;5-6), և. «Այն ժամանակ, եթե մեկը ձեզ ասի, թե՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոս կամ այնտեղ», չհավատաք. որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի, նույնիսկ ընտրյալներին: Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի» (Մարկ. 13;21-23):


Այսօր մոլախոտերի պես բազմացող բազմաբնույթ աղանդավորական կազմակերպություններից ամեն մեկն ասում է. «ՈՒզու՞մ ես Քրիստոսին տեսնել, արի՛ մեզ մոտ. ես եմ միակ փրկությունը, ես եմ միակ ու անկրկնելի ճշմարտությունը...», և շատերին այսպես մոլորեցնելով, դեպի կորուստ են տանում, դրան զուգահեռ կոտրում են ազգի պայքարելու, կեցության ու հարատևության իմունիտետը:
«Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ. և մեծ երկրաշարժեր ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից» (Ղուկ. 21;10-11): Բոլոր ժամանակներում էլ եղել են պատերազմներ, երկրաշարժեր, խռովություններ, անբուժելի հիվանդություններ, արհավիրքներ, բայց մեր օրերում դրանց քանակը, ըստ վերջին գիտական հետազոտությունների, բյուրապատկվել է, և կարծես մտահոգում է այսօրվա մարդուն:


Վերջին ժամանակների մասին Հիսուս ասում է. «Եվ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա: Եվ երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի և խռովության նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն» (Ղուկ. 21;25-26): Մենք տեսնում ենք թե ինչքան են շատացել ծովամրրիկներն ու ծովային փոթորիկները, որոնք շատ երկրներ ջրհեղեղների ու պատուհասների են վերածում: Քրիստոս թզենու օրինակով մեզ նախազգուշացնում է. «Նայեցե՛ք թզենուն և ամեն մի ծառի. երբ իրենց բողբոջը ցույց են տալիս, տեսնում եք այն ու դրանից իմանում եք, որ մոտ է ամառը: Նույնպես և դուք, երբ տեսնեք այս բոլորը կատարված, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է» (Ղուկ. 21;29-31): Թե՛ պատմությունը, թե՛ գիտությունը Ավետարանի մարգարեությունների ճշմարտությունը կասկածի տակ չեն դնում, այլ կարծես զգուշությամբ հետևում են դրանց ի կատար ածմանը:
Մեր Տերն ասում է, որ. «Կլինի սարսափելի սրբապղծություն»: Մենք ակնհայտ տեսնում ենք, թե ինչ մեծ արագությամբ են հեռուստատեսությամբ, ԶԼՄ-ներով, համացանցով տարածվում, քաջալերվում անառակությունը, անբարոյականությունը, դավաճանությունը, խաղամոլությունը, թմրամոլությունը... Անգամ պետություներն են այդ ամեն տեսակի հակամարդկային, հակաբնական ու անաստված օրենքները ընդունում, տեսնում ենք ինչպես են այսօր աշխարհում, հատկապես մայրամուտ ապրող Արևմուտքում ընդունվում այլասերվածությունն ու աղանդավորությունը պաշտպանող օրենքներ, քաջալերվում է սեռափոխությունը, մանկապղծությունը քաջալերող օրենքներ են ընդունվում: Սրանք այն սարսափելի սրբապղծություններն են, որոնց մասին ասում էր Քրիստոս:


Ի կատար են ածվում նաև Հայտնության Գրքի 13-14-րդ գլխում գրվածները` թվային հասարակության մասին, որի ստեղծումն արդեն ընթացքի մեջ է: «Նույնականացման քարտերը, կենսաչափական անձնագրերը», որոնց պետք է հետևի մարդկանց չիպավորումը, դեպի գլոբալացում տանող հասարակության ծիծեռնակներն են: Նաև Հայտնության 3-րդ գլխում խոսվում է գազանի պատկերի խոսելու մասին, ինչին ականատես ենք մենք այսօր: Արհեստական ինտելեկտը, որը ստեղծված է նեյրոթելերի հիմքով և կարողանում է խոսել, կարդալ մարդկանց մտքերը, անգամ գուշակում է, թե հաջորդ քայլին ինչ պետք է անի մարդը...
Սատանայի կամքն է` մարդու վրա դնել իր դրոշմը և տոտալ վերահսկման միջոցով տիրել ազատ կամքով, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդուն: Այսօր ամենքս էլ տեսնում ենք Քրիստոսի խոսքի իրականացումը: Տիրոջ հանդեպ հավատքն ու ակնածանքը, քրիստոսընծա կյանքը մեզ հեռու կպահեն վերահաս պատուհասներից: Աշխարհը ստեղծվել է ժամանակի մեջ և ի լրումն ժամանակի էլ կկործանվի, կկործանվի Քրիստոսի գալստյան և արդար դատաստանի ժամանակ, և յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյա պետք է փրկության հույսը ծրարած ունենա իր հոգում և ապրի որպես Աստծո զավակ` մերժելով մեղքը: Ընդհանրապես, ամեն սկիզբ իր վախճանն ունի, իսկ վախճանը երկու կերպ է լինում. մարդ անհատի՝ որպես միկրոտիեզերք, և՝ աշխարհի կամ տիեզերքի: Երկուսի դեպքում էլ մենք կոնկրետ ժամկետներ չգիտենք. բայց երբ մենք տեսնում ենք մի հիվանդ մարդու, որի բոլոր օրգանները ախտահարված են, պետք չէ մարգարե լինել, որ հասկանանք, թե մարդը իր կյանքի վերջին օրերն է ապրում, այսպես է նաև արդեն իսկ հիվանդ աշխարհի պարագայում: Քրիստոնյա մարդը պետք է ամեն պահի սպասի և զգոն լինի, ինչպես Տերն է ասում. «Արթու՛ն եղեք»: Ոմանց համար վախճան` նշանակում է ողջ գոյավորի կործանում, այնինչ քրիստոնյայի համար այն կործանում չի նշանակում, այլ հնի փոփոխություն, անցում վատից դեպի լավը, ինչպես Աստծո առաքյալն է փաստում. «Բայց մենք, Աստծո խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետր. 3; 13): Քրիստոնյան ամեն պահ ո՛չ միայն սպասում է արդարության, այլև պայքարում է հանուն նրա հաստատման: Եվ նրանք, ովքեր հետամուտ են փոփոխության և ակնկալում են լավագույնը, չպետք է վախենան վախճանից, որը մի ավելի լավի սկիզբն է: Սուրբ Հայրերից մեկին երբ հարցնում են, թե ինչ անեմ, որ փրկվեմ, նա պատասխանում է. «Մերժիր այն, ինչ աշխարհն է տալիս, և վերցրու այն, ինչ մերժում է աշխարհը»:


Տեր Ահարոն քահանա
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao