Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ժողովրդավարությունը ստատիկ երևույթ չէ, այն կարծիքների բախման ու մրցակցության անընդհատ գործընթաց է»

«Ժողովրդավարությունը ստատիկ երևույթ չէ, այն կարծիքների բախման ու մրցակցության անընդհատ գործընթաց է»
25.12.2018 | 00:52

Տարին հարուստ էր իրադարձություններով, որոնցից կենտրոնականը «թավշյա հեղափոխությունն» էր։ Անկախ նրանից՝ ով ինչ կարծիք ունի տեղի ունեցածի վերաբերյալ, «թավշյա հեղափոխությունը» քաղաքական իրադարձություն էր, որը հայտ է ներկայացրել փոխելու մեր հասարակության և պետության թե՛ ներքին, թե՛ արտաքին ընթացքը։ «Իրատեսի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԸ, նկատելով, որ, պայմանավորված դատական համակարգի բարդ և բազմաշերտ կառուցվածքով, այստեղ փոփոխություններն օբյեկտիվորեն դանդաղ են ընթանում։ Վերջինս իրավական համակարգի ձեքբերումներից է համարում, օրինակ, կալանավորման ինստիտուտի կիրառման դեպքերի նվազումն ու գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման տեսակարար կշռի մեծացումը։

-Այն, ինչ այսօր շատերն անվանում են «բռնել-բաց թողնել», մեր դատական համակարգի զարգացման մասին է խոսում, քանի որ կալանավորումը, հատկապես անմեղության կանխավարկածի գործողության պայմաններում, չպետք է կրի համատարած բնույթ,- ասաց պարոն Խալաթյանը։- Տարիներ շարունակ մենք ականատես էինք լինում մի երևույթի, երբ դատարանները համատարած կիրառում էին կալանավորում խափանման միջոցը՝ առանց հիմնավորելու տվյալ անձի վտանգավորությունը կամ նրա փախչելու հնարավորությունը՝ որոշման հիմքում ուղղակի կամ անուղղակի դնելով նրա կողմից ենթադրաբար կատարված արարքի ծանրությունը։ Նման մեթոդաբանությունը հակասում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային։ Այսօր մենք տեսնում ենք, անգամ բարդ գործերի պարագայում, գրավի կիրառման բազմաթիվ դեպքեր, ինչը խոսում է նաև դատարանների կողմից վարույթն իրականացնող մարմնի կալանավորման միջնորդությունների առավել բազմակողմանի քննության, ինչպես նաև ավելի մարդասիրական կեցվածքի մասին: Կարևոր է նաև փաստաբանության ինստիտուտի կայացումը, որը փաստաբանական համայնքի տարիների աշխատանքի արդյունքն է։ Ինչ վերաբերում է առավել խորքային փոփոխություններին, ապա դրա համար ժամանակ է պետք։ Պետք է սպասել նաև նոր կառավարության ձևավորմանը, կառավարության ծրագրին, որը պետք է ցույց տա, թե քաղաքական մակարդակում ինչ տեսլական է առկա դատական իշխանության բարեփոխման վերաբերյալ։
-Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ասում էր, թե Սահմանադրությունը պետք է օր առաջ փոխել, քանի որ այն «կարված է» Սերժ Սարգսյանի «հագով», սակայն տեսնում ենք, որ այս ուղղությամբ քայլեր չեն արվում:
-Սահմանադրությունը երկրի բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտն է, երկրի հասարակական-քաղաքական կարգի ուղենշային փաստաթուղթը։ Այն փոփոխելու ցանկացած գործընթաց պետք է ունենա բազմաթիվ փուլեր՝ սկսած սահմանադրական ռիսկերի գնահատումից, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակումից, մինչև բուն նախագծի կազմում, հանրային քննարկումներ, նախագծի ընդունում Ազգային ժողովի կողմից կամ հանրաքվեով։ Բնականաբար, պետք է կազմավորվի սահմանադրական բարեփոխումների համապատասխան հանձնաժողով, որում ընդգրկվելիք մասնագետների ընտրությունը ևս տարողունակ խնդիր է։
Սահմանադրության փոփոխությունները պետք է լինեն հիմնավորված և չկրեն իրավիճակային ու ինքնանպատակ բնույթ, հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին սահմանադրական բարեփոխումներից անցել է ընդամենը 3 տարի։
Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սահմանադրական բարեփոխումների մասին թեզը վերաբերում էր այն ժամանակ առկա խորհրդարանական ճգնաժամին, երբ Ազգային ժողովի արձակման քաղաքական օրակարգը չուներ սահմանադրական տեսանելի լուծում, և Սահմանդրության փոփոխությունը դիտարկվում էր հնարավոր լուծումների շարքում։ Սահմանադրական բարեփոխումները կայանալու դեպքում պետք է արտացոլեն համապետական և համազգային օրակարգ ու հնարավորինս զերծ լինեն նեղ քաղաքական պրագմատիզմից։
-Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո միայն, նոր ընտրություններ կլինեն` ասում էին նոր կառավարիչները. դա նույնպես չեղավ, փոխարենը՝ արտահերթ ընտրություններ նշանակվեցին գործող ընտրակարգով:
-ԸՕ-ի մասով ասեմ, որ ամեն ինչ ընթացավ ժողովրդավարական կանոններով, ու այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե օրենսդիր մարմինը, որը երկրի քաղաքականության լեգիտիմացման հիմնական մարմինն է, որոշել է, որ գործող Ընտրական օրենսգրքով է առավել նպատակահարմար կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ուրեմն այդպես էլ պետք է լինի։
-Ըստ Փաշինյանի՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելն անակնկալ է եղել իր համար: Մյուս կողմից էլ նշում է, որ Գրիգորյանի փրկագինը մուծվել է անակնկալ կերպով: Եթե գործից տեղյակ չէ, գրավը վճարելու ժամկետներին որտեղի՞ց է ծանոթ:
-Մենք պետք է սովորենք վստահել մեր դատարաններին ու ժողովրդավարությանն առհասարակ։ Ժողովրդավարությունը ենթադրում է որոշակի անկանխատեսելիություն որոշումների կայացման գործընթացում, քանի որ որոշումները կայացնող պետական ինստիտուտներն ունեն գործառութային անկախություն։ Օրինակ, դատարանները պետք է անկախ լինեն ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունից, ուստի, եթե, ասենք, կառավարությունը՝ որպես ի բնե քաղաքական մարմին, ունի իր քաղաքական օրակարգը և փորձում է այն առաջ տանել, դատարանները պետք է հանդես գան բացառապես օրենքի և իրավունքի դիրքերից և եթե համոզված են, որ արդարադատության շահը պահանջում է հակադրվել օրվա տրամադրություններին, պետք է հակադրվեն և կայացնեն անգամ ոչ պոպուլյար որոշումներ։ Հայ հասարակությունը ավտորիտար պատկերացնում ունի պետության, պետական ինստիտուտների, արդարության և օրինականության վերաբերյալ։ Դա է պատճառը, որ մարդիկ թերահավատ են, որ վարչապետն իրոք կարող է տեղյակ չլինել, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը։ Հայաստանի առջև ծառացած առաջնային խնդիրներից մեկը քաղաքական և իրավական մշակույթի զարգացումն է։
-Արցախի հարցով թող Արցախը բանակցի` ասում են նոր իշխանությունները, միաժամանակ «մատ թափ» տալիս արցախյան իշխանությունների վրա, հրահանգում չխառնվել Հայաստանի ներքին գործերին:
-Նախընտրական քարոզարշավն ունի իր տրամաբանությունը, և հաճախ քաղաքական գործիչների հռետորաբանությունը թելադրված է լինում ընտրական մրցակցությամբ պայմանավորված էյֆորիկ տրամադրություններով: Իրավական տեսանկյունից խնդրահարույց բան չկա: Կրկին նշեմ` ժողովրդավարությունը ստատիկ երևույթ չէ, այլ կարծիքների բախման, մրցակցության անընդհատ գործընթաց է: ՄԻԵԴ-ը, օրինակ, խոսքի ազատությունը համարելով ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը, ընդգծում է, որ խոսքի ազատությունը ենթադրում է սուր հռետորաբանության կիրառում, անգամ կոնֆլիկտ, հատկապես եթե խոսքը հասարակական դիսկուրսի և քաղաքականության մասին է:
-Ասում են` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը մերն է մինչև 2020 թվականը, ապա հայտարարում, թե դա երկրորդական հարց է:
-Խնդիրը ՀԱՊԿ-ի կանոնադրությունն է, որ իրավական իմաստով բավական խոցելի է ու չի սահմանում գլխավոր քարտուղարի ռոտացիայի և վաղաժամ հետկանչման հստակ կարգը: Այդ պատճառով այսօր ստեղծված իրավիճակն օբյեկտիվորեն տարամեկնաբանության տեղիք է տալիս, և ՀԱՊԿ-ի անդամ պետություններից յուրաքանչյուրը փորձում է իրեն հարմար ձևակերպում տալ ու առաջ մղել սեփական շահը: Ռազմաքաղաքական կառույցի կարգավիճակ ունեցող ՀԱՊԿ-ին հարիր չէ նման տարրական հարցերի իրավական կանոնակարգում չունենալը և չեղած տեղում նման լարվածության օջախ ստեղծելը:

Զրուցեց Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ