Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ժողովրդագրական ճգնաժամի շեմին

Ժողովրդագրական ճգնաժամի շեմին
15.01.2019 | 04:03

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻՆ»


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, դիմելով բարեպաշտ հայ ժողովրդին, 2019 թվականը հռչակել է Ընտանիքի տարի. «Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի»:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչն անշուշտ տեղին է, քանի որ Հայաստանն այսօր գտնվում է ոչ միայն ազգային ընտանիքի դիմագիծը կորցնելու վտանգի, այլև ժողովրդագրական ճգնաժամի շեմին, իսկ բնակչության վերարտադրողականության կամ ծնելության անկումը, արտագաղթն ու սոցիալ-տնտեսական ծանր պայմանները մեր երկրի համար կարող են ճակատագրական լինել: Այն իրողությունը, որ մենք ապրում ենք մեզանից շատ անգամ ավելի բնակչություն ունեցող երկրների հարևանությամբ, պետք է հարկադրի պետությանը նպաստավոր պայմաններ ապահովել հատկապես հեռավոր և սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքների համար, նաև ընդունել բազմազավակությունը կանոնակարգող օրենք և նորմատիվ ակտեր: Ի վերջո, Հայաստանը պետք է կարողանա՞ ձերբազատվել «սակավաթիվ բնակչություն», «փոքր երկիր» խղճահարույց որակումներից:
Բազմազավակ ընտանիքների կարգավիճակով մտահոգ, հինգ երեխաների ծնողներ Արմեն Մարկոսյանն ու Նունե Գևորգյանը 2003 թվականից պայքարում են, որ ՀՀ կառավարությունն ընդունի բազմազավակությունը կանոնակարգող օրենք, բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանությունն ապահովող նորմատիվ ակտեր: Ամուսիններն իրենց առաջարկություններով դիմել են կառավարություն, որտեղից նրանց ուղղորդել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նախարարությունից ստացած (N 2009-4151) նամակ-պատասխանում ամուսինների դիմումին տրվել է բոլորովին այլ բնույթի՝ անապահով ընտանիքների կարգավիճակին վերաբերող պատասխան հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ վիճակագրական ծառայության կողմից որպես առանձին սոցիալական խումբ բազմազավակ ընտանիքների մասին տեղեկությունը հավաքագրվում է մարդահամարի ընթացքում: Սակայն յուրաքանչյուր տարի հավաքագրվում է ծնված երեխաների բաշխումն ըստ ծննդի կարգի տեղեկատվությունը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել բազմազավակ ընտանիքների և նրանց երեխաների թվի մասին: Բացի այդ սոցիալապես անապահով ընտանիքները հաշվառվում են ընտանեկան նպաստի համակարգում («Փարոս») որտեղ ևս երևում է ընտանիքներում խնամվող երեխաների թիվը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմազավակ ընտանիքները հիմնականում անապահով են, ապա կարելի է փաստել, որ նման ընտանիքների մասին տեղեկատվությունը հավաքագրվում է»: Այս պատասխանը բնականաբար չէր կարող գոհացնել օրենսդրության մեջ առկա բացթողումներին քաջատեղյակ բազմազավակ ծնողներին, որոնց համար հիրավի վիրավորական է նման կառույցների՝ որպես լուծման տարբերակ մատնանշած «Փարոս» աղքատության նվաստացուցիչ ծրագիրը:


Բազմազավակ շատ ծնողներ Արմենի և Նունեի նման ցանկանում են, որ կրթական, առողջապահության ոլորտներում սահմանվեն զեղչեր, որ կիսով չափ կրճատվեն կոմունալ վճարները: «Մենք պետության հպարտությունը պետք է լինենք: Այս հարցում պետությունը պետք է ունենա ռազմավարություն: Չորս և ավելի երեխա ունեցող կանանց ներդրումն այս պետության մեջ այնքան մեծ է, որ մենք արդեն վաստակել ենք պետական հոգածության իրավունքը: Բազմազավակությունը ոչ միայն պետք է խրախուսվի, այլև պատվաբեր համարվի: Պետությունը պետք է շնորհակալ լինի բազմազավակ մայրերին»,- ասում են նրանք:
Այո, պետությունը պետք է հպարտանա ու շնորհակալ լինի բազմազավակ մայրերին, բայց քանի դեռ որոշ պաշտոնյաներ չեն խորշում բազմազավակ մոր երեսին նետելուց «քեզ ո՞վ էր խնդրել էդքան երեխաներ ունենալ» բառերը, բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովության խնդրում դժվար է ակնկալել դրական տեղաշարժ: Մինչդեռ այդ պաշտոնյան պետք է գիտակցի, որ իր և իր երեխաների ապահով կյանքը պայմանավորված է բազմազավակ ընտանիքների երեխաների աճով, ովքեր հետո որպես աշխատուժ կերակրելու են այդ պաշտոնյաների ընտանիքներում անհոգ մեծացող երեխաներին:

ՍԱՅԼԸ, ԿԱՐԾԵՍ ՍԿՍԵԼ ԷՐ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵԼ, ՍԱԿԱՅՆ…


2017 թ. դեկտեմբեր ամսին քննարկման ներկայացվեց «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ԱԺ նախկին նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ քննարկվել է նաև բազմազավակ ծնողների՝ Արմեն Մարկոսյանի, Նունե Գևորգյանի, Մարտիկ Մելքոնյանի հետ: Օրենքի նախագծով սահմանվել է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, ինչպես նաև նախանշվել աջակցության տեսակները: Օրենքի նախագծով բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Օրենքի ընդունումից հետո այդ ընտանիքները կստանան կարգավիճակ և կօգտվեն որոշ՝ կրթական, առողջապահական, ընտանեկան բիզնես ներդնելու հնարավորություններից: Օրենքի հիմնական գաղափարը հետևյալն է՝ ինչպես անել, որ աղքատ ընտանիքը դառնա ինքնապահով ընտանիք, այլ ոչ թե շարունակ ապավինի նպաստին, անգամ եթե այն կրկնապատկվի: Նախագիծն առաջարկում է հետևյալ մոդելը՝ նպաստից դեպի զբաղվածություն, արտոնյալ վարկեր տրամադրելու պայմանով: Աջակցության հաջորդ տեսակը կրթական աջակցությունն է, որը ներառում է կրթական բոլոր աստիճանները` նախադպրոցականից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն, նախատեսվում է նաև բազմազավակ ընտանիքների անդամների համար սահմանել անվճար և արտոնյալ առողջապահական ծառայություն ստանալու հնարավորություն և բնակարանային ապահովություն:


Ի դեպ, Հայաստանում այսօր 4 և ավելի երեխա ունեցող 7 հազար 400 բազմազավակ ընտանիք է բնակվում: Նրանցից 6 հազար 400-ը նպաստ է ստանում:
Ցավոք, «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ընդհատվեց թավշյա հեղափոխության պատճառով, թեև բազմազավակ ընտանիքների ծնողները լիահույս են, որ այն կընդունվի:

«ԻՆՁ ԿԱՐԹ ՏՎԵՔ, ՁՈՒԿՆ ԻՆՔՍ ԿԲՌՆԵՄ»
Արարատի մարզի Այգավան գյուղում ապրող 44-ամյա Մարտիկ և 43-ամյա Անժելա Մելքոնյանների տանը խինդն ու ուրախությունը, աղմուկն անպակաս են, թեև 15 երեխա ունեցող ընտանիքի պայմանները հեռու են բավարար լինելուց: Մարտիկի մանկությունն անցել է տան լուռ պատերի ներսում, և ահա հասուն տարիքում որոշել է, որ պետք է ունենա մեծ ընտանիք: Գյուղական անբարեկարգ տան 41 քառակուսի մետր մակերեսով սենյակում մեծացել են Մարտիկի 11 երեխաները: 2015 թ. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կողմից 7,5 միլիոն դրամի աջակցության շնորհիվ սենյակն ու կենցաղային պայմանները բարելավվել են, գցվել է անասնագոմի հիմքը: Մարտիկի երկու մեծ տղաները հոր հիմնական օգնականներն են: Ավագ որդին՝ 25-ամյա Բաղդասարը, ծառայել է բանակում, ամռանը կրտսեր եղբայրը կմեկնի զինվորական ծառայության, աղջիկներից ավագն ամուսնացել և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:


-«Բազմազավակ ընտանիքի մասին» օրենքի բացակայությունը խիստ զգացվում է, իմ ընտանիքը «Նպաստ» համակարգի որոշ արտոնություններից օգտվում է՝ սոցիալական աջակցություն, բժշկական անվճար ծառայություններ, բայց երբ պատկան մարմիններին դիմում եմ մեկ այլ հարցով, հազար անգամ տանում-բերում են, պատահում է, որ դրանից հետո էլ հարցս չի լուծվում: Շնորհակալ եմ մարզպետին ու գյուղապետին, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերել, իմ ընտանիքին օգնում են նաև արտասահմանում ապրող անհատ բարերարները,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է Մարտիկը: Սակայն աշխատասեր ու ճկուն մտքի տեր Մարտիկը ձկան փոխարեն կարթ է ուզում:
Մարտիկը հրաշալի բիզնես-ծրագրեր ունի, սակայն ֆինանս չունի, իսկ եթե պետությունը կանգնի իր նման ընտանիքների կողքին, նրանք կզարգանան, կապրեն ավելի ապահով: Բանկերի բարձր տոկոսադրույքների պատճառով իր նման շատերի ծրագրերը մնում են երազանք:
-Ցանկանում եմ տանիքի վրա տեղադրել արևային մարտկոցներ: Թեև գյուղում գազ կա, բայց շատ ծախսատար է, ուստի զբաղված եմ արևային էներգիայի հարցով, տեսնեմ 50 % աջակցություն որտեղի՞ց ձեռք բերեմ, բարերարներ եմ փնտրում, մնացածն իմ ուժերով կստեղծեմ: Ծրագրում եմ նաև կառուցել ջերմոց, ավարտել կիսակառույց անասնագոմի շինարարությունը, որից հետո ձեռք կբերեմ մի քանի գլուխ անասուն: Մի լավ ծրագիր էլ ունեմ: Երկու ամիս առաջ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իմ բազմանդամ ընտանիքը գրանցել եմ որպես բրենդ: Համոզված եմ, որ զբոսաշրջիկներին կհետաքրքրի բազմազավակ հայ ընտանիքի կենցաղն ու ապրելակերպը: Նրանց համար կստեղծեմ բարվոք պայմաններով կացարան, գուցե մի փոքր ներդրում էլ իրենք անեն իմ բիզնեսն ընդլայնելու հեռանկարով: Տնամերձ հողամասի մի տարածքում տաղավար կկառուցեմ, կստեղծեմ հանգստի գոտի: Ես ձուկ չեմ ուզում, ինձ թող կարթ տան, ձուկն ինքս կբռնեմ: Իմ նպատակն է հասնել նրան, որ «Բազմազավակ ընտանիքի մասին» օրենքն ընդունվի և կիրառվի, այդ դեպքում միայն բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը: Բազմազավակ շատ ընտանիքներ հույսով սպասում են այդ օրվան,- ասում է բազմազավակ հայրը:
Տունը չի կարող մարդու բնակարան համարվել, քանի դեռ նրանում սնունդ ու կրակ չկա ոչ միայն մարմնի, այլև մտքի համար: Մարտիկ Մելքոնյանի բազմանդամ ընտանիքում մարմնի համար սնունդն ու կրակը եթե անգամ պակասեն, այնուհանդերձ առողջ մտքից օգտվելու ձգտումն ու կարողությունը հաջորդ օրը կլրացնեն այդ պակասը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ