Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նոր խորհրդարանի հին բարքերը

Նոր խորհրդարանի հին բարքերը
18.01.2019 | 01:15

Նոր խորհրդարանի անդրանիկ նիստերում «դրայվի» պակաս չի զգացվում: Ընդամենն օրեր առաջ երևակված 7-րդ գումարման Ազգային ժողովում նախորդների որդեգրած ավանդույթներն ու բարքերը չեն լքում օրենսդիր միջավայրը: Հանրապետական խմբակցության պատգամավորներին իրենց առաջնորդին կամ գործընկերներին գովաբանելու մեջ մշտապես մեղադրող նորեկները նույնաբովանդակ հայտարարություններ են անում, ներբողներ ձոնում «թավշյա հեղափոխության» առաջնորդին ու նրա նշանակած ԱԺ ղեկավարությանը: Խորհրդարանի մթնոլորտը նույնն է՝ իշխանական վերնախավի ինքնահավանության բույրն ունի: Նիստերի դահլիճից հերթափոխով բացակայող պատգամավորները գլուխը բարձր, սահուն ու աննշմար քայլերով ճեմում են միջանցքներով, մեկը մյուսի աշխատասենյակ այցելելով, ծանոթանում կահ-կարասիին ու փորձում որսալ ԱԺ պատերի ներսում ծավալվող ամենատարբեր զրույցների նյութը:


Լրագրողների հետ աշխատաոճը կրկին նույնն է մնացել, բայց եթե նախկինում ԱԺ նախագահները հազարից մեկ էին շփվում լրագրողների հետ, ու նրանց թիկնապահները չէին խոչընդոտում այդ շփմանը, ապա այժմ ժողովրդի սերն ու հավատարմությունը վայելող իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովողները ոտնատակ են տալիս ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հանուն իրենց պաշտպանյալի:


Հների թողած գույքից ու դրանցից եկող հնարավոր «նավսից» ազատվելու միտումը նույնպես շարունակվում է. խորհրդարանի աշխատակիցները քրտնաջանորեն շենքի պահեստ են իջեցնում նախկինների սեղանները, բազկաթոռները. չէ՞ որ թավշե հեղափոխությանը բեհեզե կահույքն է սազական:
ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստին նախորդ օրը նիստերի դահլիճում խմբակցության նիստի անվան ներքո «առաջնախաղի» փորձ կատարածները, պարզվեց, այդպես էլ չէին յուրացրել կոճակ սեղմելու «արվեստը». առաջին օրը գրանցվելու փուլը հաղթահարեց միայն 100 պատգամավոր: Սա, իհարկե, մեծ ողբերգություն չէ, բայց ներկաների «քթածակ» ունենալու մասին որոշակի պատկերացում գոնե տալիս է:


Նոր խորհրդարանը համառորեն չեն լքել նաև «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» բովանդակությամբ բանավեճերն ու քաշքշոցները: Նոր արժեքների մասին հայտարարող ուժերը, փաստացիորեն, միմյանց հետ հարցեր պարզելու լավագույն վայր շարունակում են Աժ նիստերի դահլիճը համարել, չլսել ԱԺ նախագահությանն ու անձնական բնույթի վիրավորանքներ հասցնել միմյանց: Խորհրդարանականների «պերճանքն» ու «թշվառությունը», թվում էր, որոշ ժամանակ անց միայն նկատելի կլինի, սակայն ամեն բան շատ ավելի արագ է ջրի երես դուրս գալիս: Իշխող մեծամասնության պատգամավորների փորձի ու գիտելիքների մասին խոսելն ավելորդ ենք համարում. հասարակությունը շատ լավ տեսնում ու լսում է ամեն բան:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ