Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ճանապարհ փակելը դժգոհություն արտահայտելու միակ ճանապարհը չէ»

«Ճանապարհ փակելը դժգոհություն արտահայտելու միակ ճանապարհը չէ»
18.01.2019 | 01:27

Նիկոլ Փաշինյանն իր վերջին լայվում խոսեց ճանապարհներ փակած քաղաքացիների մասին և ասաց, թե նրանց ոչ լիազորություն չի տվել ճանապարհներ փակելու, քանի որ նաև այլ քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում։ ՈՒ սա ասում է փողոց փակելով իշխանության եկած ղեկավարը։ Խիստ տրամաբանական հարց է առաջանում` իսկ ամիսներ առաջ ո՞վ էր նրան նման լիազորություն տվել։ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

-Դուք փողոց, խաչմերուկ փակե՞լ եք, թե՞ հետհեղափոխական շրջանում եք թիմին միացել։
-Բնականաբար չէի կարող անտարբեր լինել այն բոլոր իրադարձություններին, որոնք մեր երկրում էին կատարվում, մասնակցել եմ հեղափոխությանը։ Չեմ ցանկանում իմ դերն ընդգծել, սակայն մասնակցել եմ ճիշտ այնպես, ինչպես ՀՀ այն քաղաքացիները, որոնք կարծում էին, որ երկրին փոփոխություններ են պետք։
-Նիկոլ Փաշինյանն իր վերջին լայվում, անդրադառնալով փողոց փակող քաղաքացիներին, հայտարարեց, թե դրա լիազորությունը չունեն։ Իսկ ո՞վ էր այն ժամանակ քաղաքացուն փողոց փակելու լիազորություն տվել, և ո՞վ է հիմա նույն քաղաքացուն զրկել այդ լիազորությունից։
-Խնդիրն այն է, թե ինչ խնդրի վերաբերյալ ես բողոքում։ Մեծ հաշվով, ապրիլ-մայիս ամիսներին փողոց փակելու իմաստն այն էր, որ իշխանափոխության խնդիր էր դրված։ Այսօր նման խնդիր չկա։
-Այսինքն, միայն իշխանափոխությա՞ն համար արժե փողոց փակել։
-Ոչ մի խնդիր չի ստորադասվում, բայց բողոքի արտահայտման այլ ձևաչափեր կան։ Եթե խնդիրը գլոբալ բնույթ չի կրում, տարբերվում է այն ժամանակվա խնդրից։ Կարելի է փողոց փակել այն դեպքում, երբ այդ խնդիրը համապետական բնույթ է կրում, մեծ ընդգրկում ունի։ Մնացած բոլորի դեպքերում կան բողոքն արտահայտելու այլ ձևեր, ոչ մի գերատեսչության դռներ այսօր փակ չեն քաղաքացիների համար, և նրանք իրենց խնդիրները կարող են և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի շենքի դիմաց բարձրաձայնել։ Իսկ այն ժամանակ բոլոր հնարավոր ձևերով մարդկանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա ստորադասվում էր, դրա համար մարդիկ գնում էին նման քայլերի։
-Մարզերում բազում խնդիրներ կան, իրենց կյանքին առնչվող, օրվա ապրուստին վերաբերող հարցերով մարդիկ փակում են ճանապարհներ, ընդ որում, երբեմն համապետական նշանակության ճանապարհներ։ Այս քաղաքական «մշակույթը» ձևավորել է հենց գործող իշխանությունը։ Հիմա ի՞նչ անել, ըմբոստության բոլոր նման ձևերը վերացնե՞լ, իսկ քաղաքացին հարց չի՞ տա` ինչո՞վ է իր բողոքը պակաս Նիկոլ Փաշինյանի բողոքից։
-Խոսքը բողոքի այդ ձևերն ամբողջությամբ վերացնելու մասին չէ, այլ մեկ այլ քաղաքացու համար խնդիրներ չստեղծելը, կարելի է բողոքի այլ ձև գտնել, ոչ մեկի խնդիրը չի ստորադասվում մյուսից։ Յուրաքանչյուրի համար իր խնդիրն առավել կարևոր է։ Ի վերջո, այս փոփոխությունները ենթադրում էին նաև քաղաքացիների մտածելակերպի փոփոխություն, բոլորը ցանկանում են էլ ավելի լավ ապրել, սա խիստ բնական է։ Ճանապարհ փակելը դժգոհություն արտահայտելու միակ ճանապարհը չէ, այլ միջոցներ ևս կան, հնարավոր է հարցը հասցնել պատկան մարմիններին ու լուծումներ ստանալ։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ