Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ոստիկանությունում չի կարող ըմբոստություն լինել»

«Ոստիկանությունում չի կարող ըմբոստություն լինել»
18.01.2019 | 01:50

Ոստիկանության համակարգից օրենսդիր մարմին եկած ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ իշխանական խմբակցություն է ներկայացնում, իսկ հեղափոխության օրերին, այսպես ասած, բարիկադների հակառակ կողմում էր։ Նորընտիր պատգամավորին նախկին աշխատանքից ու ոլորտից մի քանի հարցեր ուղղեցինք։


-Դուք նախորդ իշխանության կադրերից եք, Ձեզ հարմարավե՞տ եք զգում նոր իշխանությունների հետ խորհրդարանում։
-Ես ընդհանրապես անհարմարավետության զգացողություն չունեմ։ Բնույթով շուտ ադապտացվող եմ բոլոր միջավայրերին։ Տարբերություն կարող եմ զգալ միայն աշխատաոճերի առումով։ Խորհրդարանական աշխատանքը, բնականաբար, զգալիորեն տարբերվում է ոստիկանական ծառայությունից, խնդիրը նորը հասկանալու, հարմարվելու մեջ է։ Մեծ հաշվով, երկու դեպքում էլ ծառայում ես հանրապետությանը։
-Այս օրերին շատ է խոսվում ոստիկանության, մասնավորապես ՃՈ-ի վատ աշխատանքի մասին։ Դուք ոչ վաղ անցյալում համակարգել եք ճանապարհային ոստիկանության աշխատանքները (ՃՈ պետի տեղակալ), կասե՞ք ինչ է կատարվում այս ոլորտում։
-Ցավոք, ճանապարհային երթևեկության, անվտանգության ամբողջ բեռը ոստիկանությունը ստիպված վերցրել է իր վրա, որովհետև ամենամոբիլ, ամենակարգապահ և ամենամեծ հնարավորություններ ու միջոցներ ունեցող կազմակերպությունն է։ Սակայն առկա իրավիճակի համար չպետք է ողջ պատասխանատվությունը միայն ոստիկանությունը կրի։ Բազմաթիվ հարցեր կան, այդ թվում քաղաքաշինական, հասարակական տրանսպորտի հետ կապված, որոնց կարգավորումները պետական այլ մարմիններ պետք է իրականացնեն։ Վերջերս կարծես այդ առումով դրական տեղաշարժ կա։
-Համակարգի ներսում ևս արշալույսները խաղաղ չեն, ոստիկանները բողոքում են ցածր աշխատավարձից, այսօրվա ոստիկանապետից կան դժգոհություններ։ Այս առումով ի՞նչ կասեք որպես նախկին ոստիկան։
-Ոստիկանությունում չի կարող ըմբոստություն լինել։
-Խուլ ըմբոստություն է։
-Ոստիկանությունը զինվորական ծառայություն է և, անկախ աշխատավարձի չափից, իր առջև դրված խնդիրներն իրականացրել է։ Որևէ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, որ ոստիկանությունն իր առջև դրված խնդիրները չկատարի։ Սա ասում եմ ոչ որպես ոստիկան, որը կատարել է իր առաքելությունը սահմանում և ներսում։ Իհարկե, ես էլ եմ կարծում, որ աշխատավարձը ցածր է, չպետք է մտածենք, որ ոստիկանը պետք է իր նվազագույն խնդիրները լուծի ու վերջ։ Ոստիկանն այն մարդն է, որ 24 ժամ ծառայություն է իրականացնում, որի աշխատանքային պաշտպանվածությունը պետք է առաջին պլանում լինի։ Նրանից պահանջում ենք, որ լինի արդարամիտ, ազնիվ, օրուգիշեր աշխատի, իր կյանքը վտանգի, սակայն դրա դիմաց նրա նվազագույն սոցիալական հարցերը պետք է լուծել։


Ճեպազրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ