Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ ԳՄ-ի օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ ԳՄ-ի օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա
19.01.2019 | 13:37

Քննարկել ենք սովորականի պես ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր, կուսակցության ղեկավար մարմնի փոփոխության հարց օրակարգում չկար` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո երեկ լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ ընթանում է, կուսակցությունը, իր տարածքային կառույցները պետք է շարունակեն քաղաքական գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ, իհարկե, ԳՄ-ի նիստի ժամանակ քննարկվել է երկրում տիրող վիճակը: Նրա խոսքով՝ իրենք իրենց կարծիքն են արտահայտել, որը չի տարբերվում կուսակցության տեսակետից: «Մենք ունենք մտահոգություններ արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված,- ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ ասում են, որ մեր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել է, որ երկիրը տանի ձախողումների, - պարզապես չենք կարող չնշել, որ մտահոգություններ կան, և կարծում եմ, որ ասողին լսող է պետք»:


Նա մատնանշեց՝ արդեն քանի անգամ է՝ հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, և հանդիպումից հետո հրապարակվող հաղորդագրության մեջ չկան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման 3 սկզբունքները:
«Ինքնորոշման մասին որևէ հղում չկա: Ավելին՝ վարչապետ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցություններ չկան: Սա մտահոգիչ է»,- ասաց նա: Նա նաև հիշատակեց ԱՄՆ «հեռացող դեսպանի» գնահատականները, նա առաջարկում էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտը: «Մեր իշխանության ղեկավարը հայտարարեց, որ դա հեռացող դեսպանի հայտարարություն է: Դրան հաջորդեց Բոլթոնի այցը, որի ժամանակ ասվեց, որ Հայաստանը պետք է ազատվի իր կաղապարներից: Մենք տեսանք, որ և Մամեդյարովը, և Ալիևը ԼՂ հիմնահարցի հետ կապված ինչ-որ հույսեր են կապում: Ի՞նչ հույսեր են կապում, Հայաստանի իշխանությունը որևէ հստակ գնահատական չի տալիս: Մենք չենք ասում, որ այսօրվա իշխանությունը միակողմանի զիջումներ է անելու, բայց մենք ասում ենք, որ այսօրվա իշխանությունն անփորձ է, և այդ իշխանության քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դիրքերը ԼՂ հիմնահարցում»,- ասաց նա:


Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանն էր վարում նիստը, նա պատասխանեց, որ միշտ էլ նա է վարել, քանի որ նա կուսակցության նախագահն է: Հարցին, թե չեն նախատեսվում կուսակցության Գործադիր մարմնի կազմի փոփոխություններ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Չէ նման բան չկա»: Համագումար կլինի՞ հարցին էլ նա պատասխանեց, որ հերթականը պետք է լինի մյուս տարի, իսկ արտահերթի անհրաժեշտություն չկա: Հարցին, թե ինչ է կարծում՝ Սերժ Սարգսյանը չպետք է կուսակցության նախագահի պաշտոնը զիջի երիտասարդներին, Շարմազանովը պատասխանեց՝ ոչ: «Մենք ենք ընտրել, համագումարն է ընտրել նրան, պարոն նախագահն ունի ասելիք և անելիք: Մենք ասել ենք՝ չենք պայքարում ինչ-որ բանի դեմ, մեր պայքարը հանուն է՝ Արցախի և Հայաստանի շահի: Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք նրա դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը ամբողջությամբ չի սպասարկում և մեր, և Արցախի շահերը: Բնականաբար, քննադատում ենք, ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը»: Նա հավատացրեց, որ կուսակցության օրակարգում ընդհանրապես չկա Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Իսկ հարցին, թե նա չի վերադառնալու ակտիվ քաղաքականություն, Շարմազանովն արձագանքեց այսպես. «Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականությունից չի հեռացել»: Հարցին` չե՞ն փոշմանել, որ մասնակցել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա պատասխանեց՝ ոչ: «ՀՀԿ-ն այս խայտառակ ճնշումներով լի, իշխանության կողմից հակաքարոզչական, Փաշինյանի կազմակերպած ընտրություններում գրավել է 4-րդ տեղը»,- ասաց նա: Անդրադառնալով նոր իշխանությունների՝ կառավարությունը օպտիմալացնելու ծրագրին՝ նա նկատեց․ «Խայտառակություն է, վայրի օպտիմալացումը՝ առավել ևս, ինչպես խայտառակություն է այն խոստումների դրժումը, որը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:


Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ իրենց կուսակիցները լքում են կուսակցության շարքերը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Ես բոլոր լքողներին հաջողություն եմ մաղթում, մնացողներին՝ առավել ևս»: Ինչո՞վ է անձամբ ինքը զբաղվելու հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց «Ինչպես միշտ՝ քաղաքականությամբ և դասախոսությամբ, պայքարելու հանուն Հայաստանի և Արցախի՝ հանուն ավելի անվտանգ, ավելի ազգային, ավելի քրիստոնյա լինելուն, հանուն մեր քաղաքացիների: Ոչ թե պոպուլիզմով զբաղվել, այլ գործ անել: Իսկ այսօր մենք ունենք պոպուլիստական իշխանություն:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ