Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Եթե կուզեք՝ այս խնդիրն ամենահրատապն է»

«Եթե կուզեք՝ այս խնդիրն ամենահրատապն է»
20.01.2019 | 16:39

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ավելորդ կառույցներից ազատել ու բարեկարգել հանգստի համար նախատեսված քաղաքի կանաչապատ գոտիները: Առաջնահերթ վերականգնվելու է օպերայի կանաչ գոտին: Սրճարանների մի մասը ապամոնտաժվելու է: «Իրատեսի» հարցերին պատասխանում է աշխարհահռչակ սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ:

-Սպասվա՞ծ նորություն է օպերայի մերձակայքը սրճարաններից, զվարճանքի օբյեկտներից «ազատագրելը»: Ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում, ինչպիսի՞ն պետք է լինի օպերայի հարակից տարածքը:
-Անձամբ ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այս բաղձալի որոշումը այսքան արագ կկայացվեր: Օպերայի տարածքը պետք է լինի մաքուր, բառի ամենալայն իմաստով, ազատ՝ բոլոր տեսակի կրպակներից, խաղահրապարակներից և այլ ավելորդ անճաշակություններից: Այն պետք է լինի նաև տարբերվող և տրամադրող ճանապարհ, որը տանում է դեպի Արվեստի Տաճար: Անշուշտ, մեկ երկու սրճարան կարող են լինել, պայմանով, որ այնտեղ չհնչի ոչ ականջահաճո, բարձր երաժշտություն: Բայց քաջատեղյակ լինելով հայ սեփականատերերի «ախորժակին», նրանց՝ սկզբնական շրջանում մտահաղացված համեստ, գեղեցիկ կառույցները արագորեն լրացվում են մի քանի քարաշեն հարկերով և արդեն դրանց համապատասխանեցված կահավորանքով ու ճաշացուցակով:
-Կարծիքները միանշանակ չեն: Ասում են` որ սա առաջնային խնդիր չէ, կամ, որ շատերն այս և այլ փոփոխությունների արդյունքում անգործ են մնում:
-Կարծում եմ, որ մշտապես խնդիրները հետաձգելով, կամ առաջնահերթությունների բաժանելով, հնարավոր չի լինի առաջ շարժվել: Եթե կուզեք՝ այս խնդիրն ամենահրատապն է, և այն լուծելով՝ հույս է արթնանում, որ քաղաքային իշխանությունը կարևորում է նաև մշակութային խնդիրները լուծելու հրատապությունը: Սա միայն քաղաքաշինական հարց չէ. այս հարցի լուծումը հույս ունեմ, որ կփոխի նաև տարիների ընթացքում ձևավորված հակամշակութային պատկերացումները:
-Եվ օպերային թատրոնի «ներսի» մասին: Երբ Արմեն Ամիրյանը օպերային շենքի վերնամասում ռեստորան կառուցելու ծրագիր առաջարկեց, մեծ աղմուկ բարձրացավ: Մի կողմից քննադատում էին, որ ակադեմիական թատրոնը բիզնես կենտրոնի է վերածում, մյուս կողմից՝ նշում, որ կա անհրաժեշտություն սննդի կետի, նաև` արտիստների համար շոգեբաղնիքի, մարզասրահի և այլն:

-Շատ տեղին էր քննադատությունը Արմեն Ամիրյանի նախաձեռնության վերաբերյալ: Կարծում եմ, որ սննդի կետերի պակաս Երևանում իսկապես չկա: Օպերային ներկայացումների ընդմիջմանը զովացուցիչ ըմպելիքների, կամ փոքր քաղցը հագեցնելու հնարավորություն անպայմանորեն պետք է լինի և կարծում եմ, որ այն կա:
Մարդիկ օպերային թատրոն հաճախում են նախ և առաջ ներկայացումներ դիտելու, ոչ թե ուտելու: Փառք Աստծո, որ մեր երկրում փոփոխություն եղավ և այդ տխրահռչակ ծրագիրը անկատար մնաց:

Ճեպազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ