Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյան․ Բանակը պետք է լինի անբասիր, բանակում ծառայելը՝ մեծ պատիվ

Արմեն Սարգսյան․ Բանակը պետք է լինի անբասիր, բանակում ծառայելը՝ մեծ պատիվ
28.01.2019 | 22:41

Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր, իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ` հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը Բանակի օրվա առթիվ նախագահական նստավայրում հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում:

«Հպարտության խորին զգացումով այսօր միասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այն, ինչ այսօր զգում ենք այս մեծ տոնի առթիվ, առաջին հերթին հպարտությունն է, հպարտություն մեր անվտանգությունը և խաղաղությունը պաշտպանող բանակի հանդեպ», - ասել է Արմեն Սարգսյանը: Հայոց բանակի ծնունդը նմանեցնելով Վահագնի ծննդին՝ նախագահը նշել է. «Հայկական բանակը նույնպես ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար: Եվ ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի»: «Մեր բանակը նվիրյալ կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի, հայաստանցու, արցախցու և սփյուռքահայի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունք է: Կարճ ժամանակում նա դարձավ ամենակազմակերպվածն ու մարտունակը տարածաշրջանում, և մենք ունեցանք բազում մեծ հաղթանակներ և լեգենդար հերոսներ», - ասել է Սարգսյանը՝ իր խորին երախտագիտությունը հայտնելով «բոլոր նրանց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որոնց շնորհիվ ստեղծվեց, կայացավ ու հզորացավ մեր բանակը»: «Խոնարհվում եմ այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին, երկրին, մեր ժողովրդին ու բանակին», - նշել է նախագահը:


«Նոր ժամանակների բանակը, որպես կյանքի ինքնատիպ դպրոց ու համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն, մեր տղաներին ու աղջիկներին, կյանքի ուղեգիր տա նրանց, - ասել է Արմեն Սարգսյանը և շարունակել,-բանակն իսկապես հասարակության հայելին է: Եվ եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների վերացման, բացառման համար, իհարկե այն իր արտացոլումը պետք է գտնի նախ և առաջ բանակում: Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ»:
«Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև երկրի տնտեսության անբաժանելի մասը: Ընդ որում, նա ոչ միայն սպառող, այլև ստեղծող, իր հետևից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե՛ պատվիրատու է, թե՛ նրանց առաջընթացի մասնակից», - նշել է նախագահը: - «Ռազմարդյունաբերության ու գիտահետազոտական ոլորտի համար բանակն առաջադրում է խնդիրներ` ակնկալելով ժամանակակից ու նորարարական, նաև, հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների: Մենք ի վիճակի ենք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները: Ռազմարդյունաբերական շատ խնդիրների լուծումներ ժամանակի ընթացքում կիրառվում են քաղաքացիական կյանքում: Հետևաբար, բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն պաշտպանությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով և՛ գիտական մարմինների, և՛ գործարար շրջանակների, և՛ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել»: Արմեն Սարգսյանը խոսել է իր նախաձեռնության մասին. «Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը, համատեղ աշխատելով կառավարության, պաշտպանության նախարարության, նաև առողջապահության նախարարության հետ, առաջարկում է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»: Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե, այդ անձինք լիիրավ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև՝ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն, նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և մյուս կողմից պետական, հասարակական, բարեգործական կառույցների, բիզնեսի հետ»:


«Որպես օրինակ, մենք բարոյական պարտականություն ենք ստանձնել առաջիկայում Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունել մեր պանծալի զինվորներից երկու-երեք հոգու, ովքեր հաշմանդամություն ունեն: Նրանք գուցե և ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է, և համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ լիարժեք կյանք, ոչ միայն թոշակ ստանալ, այլև իրենց ձեռքով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները՝ սկսած նյութականից մինչև անձնական կյանք: Եվ այդ ծրագրից մեր առաջին ծիծեռնակը, բազեն, ում ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որը պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ, ով այսօր աշխատում է Հանրապետության նախագահի աշխատակազմում», - ասել է նախագահը:


Բանակի օրվա առթիվ, Հայաստանի նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը և սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի: Արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները:

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ