Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով է այդ «մշակույթի» հիմնադիրը

Ով է այդ «մշակույթի» հիմնադիրը
15.02.2019 | 01:44

Նիկոլ Փաշինյանի ելույթը, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, կարող է մի քանի վերլուծական նյութի հումք դառնալ։ Դա կարելի է համարել Փաշինյանի կռիվը Փաշինյանի դեմ կամ ինչպես հարցերից մեկի ժամանակ ասաց, Կրամերն ընդդեմ Կրամերի։ Փաշինյանը սկսեց իր վարչապետության առաջին օրերից սկսած ինքն իրեն մերժելով գալ։ Խոսքն ամենևին ծրագրի տնտեսական մասին չի վերաբերում, այլ «քաղաքական հեղափոխության» հատվածին և «դարակազմիկ» բացահայտմանը. «Աղքատությունը մարդկանց գլխում է»։

Ընդամենը մեկ նկատառում. տարիներ շարունակ Հայաստանում գիտնականներ, մտավորականներ ապրել են աղքատության մեջ, չեն կարողացել անգամ իրենց նվազագույն կենցաղային պահանջներն ապահովել, դրան զուգահեռ հայտնի օլիգարխները, որոնց մականուններն ամեն ինչ ասում են, միլիոններ են դիզել։ Հիմա, Փաշինյանի տրամաբանությամբ, գիտնականը լավ չի ապրել, քանի որ աղքատությունը նրա գլխու՞մ է եղել, իսկ հայտնի մեծահարուստներն ի ծնե «հարուստի» գլու՞խ են ունեցել։ Անցնենք առաջ։
Ամբիոնից վարչապետն ասաց. «Այսօր մենք ունենք նաև ուրիշ երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր ակտիվիստը մտածում է, թե ինքը պետք է գործի նույն կերպ, ինչպես նախկինում: Սա ավելի շատ վերաբերում է մեր հատվածին՝ չմտածեք հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ճիշտ է, ես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ այն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս է՝ քլնգում եմ: Բայց պետք է հասկանալ, որ եթե չես կարող այս կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ, դա չի նշանակում, որ ծախվել ես ինչ-որ մութ ուժերի, այլ պարզապես փոխվել է կարգավիճակը, պատասխանատվությունն ու հարաբերությունը: Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի, որովհետև եթե չգիտակցի, պրոբլեմ է: Մարդը պաշտոն է ստացել, բայց իրեն թվում է, թե ինչպես նախկինում իր գործունեության ոլորտը ֆեյսբուքի էջն էր, հիմա էլ է դա: Եվ պետք է ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրելով՝ ասենք գնա ստուգի որևէ կազմակերպություն, առանց մտածելու որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնա, ասենք, փաստորեն մինչև ստուգելը դուք արդեն որոշել եք: Չի կարող այդպես շարունակվել»: Սա ասում է մի մարդ, ով հեղափոխությունից հետո առաջինն էր «լայվ» մտնում ու հայտարարում, որ «տուշոնկա գողացող» Մանվելին են բռնելու, որ Սաշիկ Սարգսյանի բանկային մեկ հաշվեհամարի վրա 30 մլն դոլար կա և այլն, և այլն։ Եվ սա այն դեպքում, երբ իրավապահ մարմիններն անգամ պաշտոնական հաղորդագրություն չէին տարածել այդ ամենի առնչությամբ։ Թե՞ այն ժամանակ իրեն կարելի էր, հիմա մյուս պաշտոնյաներին՝ ոչ։ Ախր, ինքն է, չէ՞, այդ «մշակույթի» հեղինակը, ումի՞ց է բողոքում, թե՞ այն ժամանակ պաշտոնյայի, այն էլ վարչապետի կարգավիճակի, պատասխանատվության չափի մասին չէր գիտակցում։ Տպավորություն է, որ վարչապետ Փաշինյանն ինքն իրեն է քննադատում։
Կամ ո՞վ էր ԱԺ ամբիոնից հայտարարում, թե շուտով պատգամավորներից մեկը խոշոր կաշառքի գործով ձերբակալվելու է, շաբաթներ անց իրավապահները հայտնեցին, թե ով է այդ պատգամավորն ու ինչ մեղադրանքով է կալանավորվելու։


Եվ «ամենաանմեղը». ընդամենն օրեր առաջ կառավարության կառուցվածքի մասին նախագծի վերաբերյալ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում»։ Դեռ խորհրդարան չուղարկված, քննարկումների փուլը չանցած նախագիծը, փաստորեն, ներկայացվում է որպես կայացած փաստ։ Սա արհամարհական վերաբերմունք է ԱԺ-ի հանդեպ, ի՞նչ անենք, որ մեծամասնություն եք, և օրինագիծն առանց խնդիրների էլ կընդունվի։ Գուցե ընդդիմադիրներն այնպիսի հակափաստարկներ են ներկայացնում, որոնց ճնշման տակ Սփյուռքին առնչվող հարցերը ոչ թե վարչապետի ենթակայությանն են անցնում, այլ, ենթադրենք, ԱԳՆ-ի։ Թե՞ ընդդիմության ձայնը իշխանության համար որոշիչ չէ։


Չլինի՞ կառավարության կառուցվածքին առնչվող հատվածը ևս Սերժ Սարգսյանի համար էին գրել, քանի որ այն ընդհանրապես հակասում է վարչապետ Փաշինյանի սկզբունքներին։ Ի դեպ, ինքն էլ է խոստովանել, որ երբեմն իր ելույթների տեքստերից իր հետ Սերժ Սարգսյանն է խոսում։ Ինչպես երևում է, այս իշխանությունն առանց ՀՀԿ-ի, մասնավորապես Սերժ Սարգսյանի, չի կարող, անգամ ելույթների տողատակից է Սերժ Սարգսյանը հետևում նրանց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ