Ջեյմի Դեվիս
 

«Իշխան Համլետը» ԱԺ-ում, կամ` ո՞վ ինչպիսի՞ն պիտի լինի ու չլինի

«Իշխան Համլետը» ԱԺ-ում, կամ` ո՞վ ինչպիսի՞ն պիտի լինի ու չլինի
19.02.2019 | 14:03

Երեկ խորհրդարանական ճեպազրույցներում շարունակվեց ՔՊ-ԼՀԿ մենամարտը: Ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե ճեպազրույցներում քաղաքական ուժերը ներկայանային ոչ թե մեծից փոքրը, այլ` փոքրից մեծը սկզբունքով: Այդ դեպքում ԼՀԿ-ն գուցե հեռակա պատասխաներ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի տարակուսելի հայտարարություններին: Եթե Լենա Նազարյանը լիներ ՔՊ-ի նորեկներից, հնարավոր էր ինչ-որ բացատրություն գտնել` չի տեսել, տեղյակ չի, չգիտի: Եթե Լենա Նազարյանը նաև, ըստ հրապարակված կենսագրության, լրագրող չլիներ, հնարավոր էր բացատրել, որ չի պատկերացնում` ի՞նչ է խորհրդարանը, ինչպե՞ս են հարցեր տալիս ու պատասխաններ ստանում, ինչպե՞ս են քվեարկում:


Լենա Նազարյանի համար հասկանալի չէ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե կառավարության ծրագրի քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունը անհանդուրժող է ընդդիմության նկատմամբ: Հակադարձելով Մարուքյանին՝ նա ընդամենն ասել է.«Բոլոր ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հնչեցնելու և հանգամանալից պատասխան ստանալու: Ինչպե՞ս դրսևորվեց այդ անհանդուրժողականությունը կամ մուննաթը, որի մասին այդքան խոսում են: Ինձ համար անհասկանալի է իսկապես»:


Իսկապես էլ` հարց-պատասխան-ելույթ` ձևը կա, իսկ բովանդակությու՞նը: Ի՞նչ հարցեր էին տալիս ու ի՞նչ պատասխաններ էին ստանում, ի՞նչ ելույթներ էր ՔՊ-ն ունենում` սգո սերվիզից մինչև վարչապետական մակարդակով` Վատիկանի դրոշներ, Լենա Նազարյանը չի տեսել ու չի լսել: Տարօրինակ է, որ նրան չի մտահոգել, որ բովանդակային քննարկում չստացվեց: Ավելին` ԱԺ փոխնախագահը նույնիսկ կարծում է, որ 7-րդ գումարման ԱԺ-ում միայն ընդդիմությունը հնարավորություն ունեցավ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու: Մինչ այդ ոչ իշխանություն է եղել, ոչ ընդդիմություն, ոչ էլ կառավարության ծրագիր է քննարկվել, ոչ էլ որևէ ընդդիմություն հնարավորություն է ունեցել դեմ քվեարկել: Մնում էր, որ ԱԺ փոխնախագահն անփոփոխ հմայիչ ժպիտը դեմքին ասեր. «Այսքան ուրախ կյանքը մեզ Նիկոլ Փաշինյանն է տվել» ու ճեպազրույցների ժամանակ էլ մի ճայթռուկ պայթեցներ` ի նշան ուրախության կամ լավագույն ավանդույթները պահպանելու համար:

Բնական է, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դերի մեջ էր մտնելու ու տրամաբանական-հռետորական հարցեր էր տալու. «Եթե կարծում են, որ շատ սիրալիր, շատ հանդուրժող էին իրանք, տենց շատ լավ էին․․․ այսինքն Նոր Հայաստանը նրանով ա լավը, որ կարողանում ենք հարցե՞ր տանք: Նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տա, հենց ուզեցել ա հարց տա, եկել են ծեծել են…Սիրելի գործընկերներ, մի 10 տարի, 15 տարի ստեղ լուսաբանում եք: Էղե՞լ ա դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տա: Եթե դա պրոգրես ա ստեղ արձանագրվում, ես ապշած եմ: Դա մեկ: Երկրորդը, որ վերջում էկան ասեցին ընդդիմությունը կարողացավ ազատորեն դեմ քվեարկի: Ի՞նչ պետք ա անեին: Թևերներս կապելու էին, գցեին մի տեղ, որ չկարողանա՞նք քվեարկել: Եթե դրանք ա պրոգրես արձանագրվելու, ես ցավում եմ»:


Չանդրադառնալով Էդմոն Մարուքյանի տեղին ու ազնիվ զայրույթի բոլոր դրսևորումներին, որ հաստատ, դեռ բազում առիթներ ունենալու են պոռթկալու, հասկանանք` իրո՞ք ՔՊ-ում չեն զգում, որ իրենց պահվածքը ոչ քաղաքական է, ոչ էլ ինքնատիպ: Հայոց խորհրդարանում շատ ավելի ուժեղ ու գռեհիկ իշխանություն է եղել, շատ ավելի ուժեղ ու պերճախոս ընդդիմություն է եղել, հայհոյանքներ էլ են հնչել, ծեծկռտուք էլ է եղել: Ամեն ինչ էլ եղել է, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ պիտի շարունակվի: Նոր Հայաստան, նոր որակի խորհրդարան… Գուցե սկսեն Կանոնակարգ կարդալուց, բավականին մանրամասն նկարագրված է ամեն ինչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհուրդ էր տալիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին. «Կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին լինի»:


Այս մեջբերումով էլ հարցը փակենք` թեթևակի հիշեցումով, որ հնչած երեք նախադասությունները միմյանց հետ խոր հակասության մեջ են` եթե Լենա Նազարյանը կարծում է, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի` ինչպիսի՞ն լինի Նիկոլ Փաշինյանը ու ասում է, որ ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսի՞ն լինել, ի՞նչ իմաստ ունի պարոն Մարուքյանին ասել, որ մտածի` ինքը ինչպիսին լինի: Կամ էլ` հայոց խորհրդարանում իշխան Համլետ է հայտնվել «իշխանուհի Լենայի» տեսքով ու որոշել է որոշել` ով իրեն ինչպես պահի:

Դիտվել է՝ 821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan