Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իշխանությունները Աստծո ծառաներն են»

«Իշխանությունները Աստծո ծառաներն են»
22.02.2019 | 00:33

Պողոս առաքյալն ասում էր. «Իշխանությունները Աստծո ծառաներն են»: Իսկ բնական չէ՞ արդյոք, որ ծառան իր Տիրոջ խրատներով կերտվի, որովհետեւ իշխանական բարոյական դաշտից շատ բան է կախված ընդհանուր ժողովրդի համար: Օրինակ, եպիսկոպոսի վարքով հնարավորինս ապրող որևէ իշխանավոր երբևէ թույլ չէր տա այն անպարկեշտ կամ գողական կամ վայրենի-գռեհիկ ֆիլմերը, որ հեռարձակվում են գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Կամ նույնն են թե` նման թերթ-ամսագրերն ու գրականությունը: Դրանցից ի՞նչ պիտի սովորի ժողովուրդդ, եթե ոչ հանցանքի հանդգնություն և անբարոյականություն: Ի վերջո, հին իմաստությունն է ասել, թե այսօր ինչ ցանում ենք, այդ ենք վաղը հնձելու: Ո՞ր լավ հողագործն է, որ իր ձեռքով իր ցորենի արտի մեջ նաև մոլախոտ ցանի: Անհեթեթ բան չի՞ անի արդյոք: Բնականաբար: ՈՒստի և առողջ հայրենասիրությունն անպայման կապված է Աստծու և հավատի հետ: «Առաքինությունը հզորություն է»,- ասում էր Գարեգին Նժդեհը: Իսկ մանավանդ փոքր երկիրը պիտի հզոր լինի, որ դիմակայի ժամանակների փոթորիկներին:
Թադեոսի կանոնները նաև ոսկե հենարաններ են առողջ ժողովուրդ ունենալու համար: Բուն նպատակը, որ հասարակ մարդը կերտվի որպես երկնքի քաղաքացի, ըստ Աստծու ձեռակերտման և ոչ ըստ մարդկանց: Յուրաքանչյուր պետություն այս կանոններով ապրող բնակիչների առատությունից մեծապես շահում է, քանի որ այս կանոնները գործադրելով` հանցանքներն են պակասում: Չէ՞ որ հանցանքներն են մեծապես խանգարում ամեն մի երկրի խաղաղ կյանքին և բարգավաճմանը:
Մաքսիմ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

ԶԱՔԱՐԻԱ ՀԱՅՐԱՊԵՏՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ,

ՈՐ ՏՐՎԵՑ ՈՒՐՖԱ ՔԱՂԱՔՈՒՄ, ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Եվ այն ժամանակ, երբ քաղաքը մկրտությամբ լուսավորվեց, և արդեն ձեռնադրվել էին եպիսկոպոսները, քահանաներն ու սարկավագները, և օրենք սովորեցնող վարդապետներն արդեն հաստատվել էին, և եկեղեցու ու Աստծո սեղանի բուն կառույցն արդեն ավարտվել էր, սկսեցին սուրբ առաքյալին հարցնել եկեղեցու բոլոր կարգերի և քրիստոնյաների ողջ դավանության մասին: Եվ առաքյալը ըստ Փրկչի հրամանի եղած կարգերը` հերթականությամբ նրանց հանձնարարեց:
ՀԱՐՑՈՒՄ Ա- Ի՞նչ շնորհներով է պարտավոր, որ լինի եպիսկոպոսը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Եպիսկոպոսը պիտի լինի անարատ, պարկեշտ, ուսուցող: Պիտի չլինի արծաթասեր, չլինի հարբեցող, չլինի այլոց վաստակներն ուտող, չլինի անպատկառ հագուստներ հագնող, չլինի բռնությամբ վարձ վերցնող, չլինի կաշառք վերցնող, այլ պիտի լինի հանդարտ բնավորությամբ, որպես որ մեր եղբայր և գլխավոր Պողոսն ասաց, թե` պիտի լինի բարու օրինակ` տքնող և պահեցող, հանգիստ քունն ատող, բոլոր կարգերի մեջ օրինակ դառնալով իր հոտին: Եպիսկոպոս ձեռնադրել այն արժանավորներից, ովքեր որ հասու են Սուրբ Գրքերի գիտությանը, Աստծո օրենքներին և կարգերին: Տգետներին հեռու պիտի պահել և չձեռնադրել այդ պաշտոնում, քանի որ Աստծո մոտ տգիտությունն ավելի խոտելի է, քան ամենայն չարագործություն: Տգիտությունից ավելի պիտի զգուշանալ, քան որևէ մեկ այլ արատից, քանի որ տգետ քահանան կամ սարկավագը կամ առաքելական մեկ այլ աստիճանավորը Աստծո բարկությունն է շարժում, որովհետև բերանն ինչ միտք որ գալիս է, այդ է ասում, իսկ սրտով ամենևին չի էլ հասկանում, թե ինչ ասաց, և այդպես բարկացնում է Աստծուն: Եվ նմանը ամենքին վնասատու եպիսկոպոս է դառնում: Եվ երբ նման հոգին շարունակ կորուստներ է բերում, պարտ է հեռու մնալ նմաններից և ուսումնասերներին ու գիտուններին առաջնություն տալ` ամենայն պատիվներով: Իսկ տգետներին երբևէ չդնել առաջնորդներ կամ վերակացուներ եկեղեցու որևէ շնորհի մեջ: Իսկ եթե հանդգնեն նմանին եպիսկոպոս ձեռնադրել հանուն կաշառքի կամ մերձ ծանոթության կամ որևէ մեկի բարեխոսությունից դրդված, ապա նման եպիսկոպոսը նզովյալ է և ինչ վնաս որ ծնի, նույնի պատասխանը պիտի տա Դատաստանի օրվա մեջ, Աստծո վրեժների հագեցմամբ:
ՀԱՐՑՈՒՄ Բ- Որպես է արժան, որ եպիսկոպոսն ինքն իրեն դրսևորի յուրայինների և օտարների առջև:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին բոլոր հավատացյալներին սիրել և իր մերձավորներին առավել չմեծարել, քան այլ հավատացյալներին, թեպետ մերձավորները նրա մարմնավոր եղբայրներից և քույրերից լինեն: Եվ եպիսկոպոսը կաշառք ամենևին չպիտի առնի, այլ ինքն իրեն պիտի ընդհանրապես մեռյալ համարի այս աշխարհի համար: Չլինի թե թեթև վարքի տեղիք տա` զվարճանալով կամ լկտի որևէ բան ասելով կամ հրապարակավ որևէ մեկի հանդիմանելով, առանց հանդիմանվողի հետ առանձին խոսելու և ապա երկու կամ երեք վկաների վկայությամբ և վարդապետների միությամբ խնդիրը լուծելու: Եպիսկոպոսը հեշտական հանդերձներ չպիտի հագնի և երբևէ որևէ կարևոր բան առանց ընկերակիցներին հարցնելու չպիտի անի, որովհետև այդ է Աստծուն հաճելի: Եպիսկոպոսն է իր ձեռքով կարգում տեսուչ վարդապետներ, գավառների, քաղաքների տեսուչներ` հավատացյալների հոտը հովվելու: Եվ ժողովուրդն էլ պիտի հնազանդվի եպիսկոպոսի կարգած հովիվներին: Ամեն շենում եպիսկոպոսը պիտի կարգի երկու կամ երեք քահանաներ և մի սարկավագ, իսկ ագարակներում մեկ քահանա և մեկ սարկավագ: Հաշմված որևէ մեկին չպիտի ձեռնադրել, որովհետեւ երբ մարգարեն արգելում էր արատավորը զոհ մատուցեր, որչա՞փ ևս առավել Տերունական պատարագը մատուցողին է արժան անարատ լինել: Առանց վկաների և քննություն կատարելու ոչ ոքի չպիտի ձեռնադրել, որովհետև խոտոր ձեռնադրությունները մահաբեր վնասներ են ծնում:
ՀԱՐՑՈՒՄ Գ- Ո՞ր տարիքից է արժան ձեռնադրել քահանաներ և սարկավագներ, և որքա՞ն ժամանակ նրանք մնան իրենց կարգի մեջ:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին քահանաներ ձեռնադրել սկսած նրանց երեսուն տարեկանից և նրանք երեսուն տարի մնան իրենց կարգի մեջ, ապա լռեն: Իսկ հիսուն կամ ավելի տարիք ունեցողներին արժան չէ քահանա կամ սարկավագ ձեռնադրել: Ձեռնադրվածներին հրամայել մեկ ամուսնություն, քանի որ այս խնդրի մեջ վայրի անձինք աղճատում են ժամանակներն ու խոսքը: Եվ եպիսկոպոսը ինքն իրեն պատրաստի իր ուղևորությանը` իր լապտերը պայծառացնելով, որպեսզի չլինի թե միայն այլոց մասին հոգալով ինքն անփույթ դառնա` զրկվելով հավիտենական կյանքից:
ՀԱՐՑՈՒՄ Դ -Ի՞նչ օրինակով է պարտավոր հոռիների միջից ընտրել լավին և նրան ձեռնադրել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին առաջին հերթին հրաժարվել ձեռնադրել տգետներին և տխմարներին, անմիտներին և ցոփասիրտներին, վատասիրտներին և հափշտակողներին, շնացողներին և այլ վատթարություն գործողներին: Այդպիսիներին ամենևին չձեռնադրելով, եթե ոչ` կբարկացնի Աստծուն:
ՀԱՐՑՈՒՄ Ե -Ի՞նչ օրինակով է պարտավոր հաստատել սուրբ սեղանը և որպե՞ս է պարտավոր սպասավորել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է, որ եպիսկոպոսը սեղանը քարից հաստատի` խաչի կերպ ու օրինակով և այն ծածկի սուրբ կտավներով` խնկարկելով այն ամեն առավոտ և ամեն իրիկուն: Եվ պատարագի ժամին ևս անխափան խնկարկություն լինի:
ՀԱՐՑՈՒՄ Զ- Որպե՞ս է պատշաճ հացն ու գինին սուրբ սեղան բարձրացնել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Պատարագի հացը նույն օրը եփեն և նույն օրը մատուցեն: Եվ հացը եփեն խաչի դրոշմով: Նույնպես և սուրբ բաժակի գինին. սուրբ ամաններով հանեն սուրբ սեղան: Ոչ ոք թող չհանդգնի այդ գինուն ջուր խառնել, քանի որ նման խառնակ գինին աստվածահաճո չէ, այլ արդյունք է անագորույն մտքերի: Եվ ով այդպիսի բան անի, քրիստոնյա չէ և նզովյալ լինի, մինչև որ իր աղանդից հետ դառնա:
ՀԱՐՑՈՒՄ- Է Որպե՞ս է պարտավոր օրհնել եկեղեցին և սեղանը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Սեղանը հաստատելու ժամանակ եպիսկոպոսը ժողով գումարի իր քահանաներով և նրանց աթոռակիցներով, սարկավագներով ու ժողովրդով հանդերձ: Աղոթքներ մատուցեն տքնությամբ և արտասուքներով, սաղմոսներով, մարգարեների և առաքելական թղթերի և սուրբ Ավետարանի ընթերցանությամբ, և սուրբ յուղով օծելով: Եվ ապա պատարագ մատուցեն:
ՀԱՐՑՈՒՄ Ը -Որպե՞ս է պարտավոր եկեղեցու բացման օրը ժողովուրդը մխիթարություն ստանա կերակուրներով և ըմպելիքներով։
ՊԱՏԱՍԽԱՆ- Այն ժամանակ, երբ եպիսկոպոսը սեղանը հաստատի, արժան է նույն օրը մորթ կատարել, հանուն Աստծո մորթել արջառներ, նոխազներ և ոչխարներ, ինչպես և կատարեց Սողոմոնը, հաստատելու համար իր կառուցած տաճարի սեղանը, և այդ բանը հաճելի եղավ Աստծուն, և Տերը խորովածի անուշ բույրը հոտոտեց։
ՀԱՐՑՈՒՄ Թ- Որպե՞ս է արժան, որ ժողովուրդը եկեղեցում աղոթքի կանգնի։
ՊԱՏԱՍԽԱՆ- Այն ժամանակ, երբ հավատացյալները մի տեղ հավաքվեն Աստծո տան մեջ աղոթելու, բացի աղոթքից այլ բան չխոսեն, միմյանց վրա չքրթմնջան, այլ կանգնեն դեմքով դեպի արևելք և ձեռքերը բարձրացրած խնդրեն արդարանալ իրենց մեղքերից և Աստծո արքայությանը դառնալ արժանի. Նաև այն բարերարություններին, որ այնտեղ են պատրաստված։
ՀԱՐՑՈՒՄ Ժ.- Եթե որևէ մեկը տգիտորեն անարժան մեկին քահանա ձեռնադրի, և հետո հայտնի այդ մասին, ի՞նչ է արժան անել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Եթե որևէ եպիսկոպոս քահանա կամ սարկավագ ձեռնադրի և ձեռնադրվողի մեջ հանցանք լինի, որպես որ մարդու համար որևէ աղտեղությունն է` շնությունը կամ գողությունը կամ սպանությունը: Եվ ձեռնադրության ժամին այդ մասին ոչ ոք չիմացավ, և ապա հետո ձեռնադրվածը զղջա կամ ինչ-ինչ պատճառներով հանցավորությունը հայտնեն, ապա նա չի կարող սեղանի սպասավոր լինել և ոչ էլ պատարագ մատուցել, այլ մնում է նմանին իր հանցանքները դրսում` երկու տասնյակ տարիներ ապաշխարել: Ապա այն է նրան արժան շնորհել, որ բեմի ներքևում սպասավորություն անի և պատվի մեջ մնա բեկված սրտով, մինչև օրն իր մահվան:
ՀԱՐՑՈՒՄ ԺԱ- Եթե ձեռնադրվածներից մեկը հետո է գարշվում, ի՞նչ է պարտավոր անել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Եթե եպիսկոպոսը մեկին ձեռնադրի, և մարդն ուղիղ էր, ապա շնացավ կամ գողացավ կամ այլ ինչ վատթարը գործեց, այնպիսին հիմնովին հանվի քահանայական շնորհից և նշանից, քանի որ նրան այլևս անհնար է քահանայանալ, այլ դրսում տասնհինգ տարի պիտի ապաշխարի, ապա երբ եկեղեցի մտնելուն և սուրբ պատարագի հաղորդությանը արժանանա, թող մնա եկեղեցու այլ զինվորների մեջ և անհնար լինի նրա համար այլևս բեմ ելնել, եկեղեցում կարդալ կամ սաղմոս ասել` մինչև իր մահվան օրը, քանզի պղծեց և ոտնակոխեց սուրբ ամուսնությունը: Թող եպիսկոպոսը չհամարձակվի նմանին վերականգնել, քանզի հնար չէ նմանին այլևս քահանա լինել:
Իսկ եթե եպիսկոպոսը հանուն կաշառքի կամ բարեխոսության կամ մերձավորության այնպիսիին քահանայության հրաման տա, դատաստանի օրը վրեժներ պիտի առնվի նրանից` աններելի տանջանքներով:
ՀԱՐՑՈՒՄ ԺԲ-Ամուսնացյալ քահանան, որ կամենում է պատարագ մատուցել, ինքն իրեն ինչպե՞ս պատրաստի:
ՊԱՏԱՍԽԱՆ- Ամուսնացյալ քահանաները, այն ժամանակ, երբ կամենան պատարագ մատուցել, մինչև պատարագի մատուցման օրը երեք օր հրաժարվեն իրենց կանանցից: Որովհետև եթե առաջավորության հացը քահանաներին առանց նախապես քննելու և նրանց սրբության մեջ գտնելու չի տրվում, որչա՞փ ևս առավել պարտավոր է նրանց սուրբ լինել, երբ երկնավոր պատարագ են մատուցում: Եվ պարտավոր են սուրբ լինել որպես Աստծո սպասավորներ, ահով և դողով նրա առաջ, որպեսզի արժանանան անմահ կյանքին:
ՀԱՐՑՈՒՄ ԺԳ- Իսկ անձամբ ինքը` քահանան, ինչպե՞ս պիտի պատրաստվի պատարագին:
ՊԱՏԱՍԽԱՆ- Եթե մեկը կուսությամբ է քահանայություն ընդունել, այնպիսին լինի տքնող և պահեցող: Իսկ այն օրը, որ կամենում է պատարագ մատուցել, պատրաստ լինի ողջ գիշեր տքնությամբ, սուրբ խորհրդի մեջ անցկացնել և առանց կեղծավորության, որովհետև Աստծո հետ է խորհրդի մեջ մտնում:
ՀԱՐՑՈՒՄ ԺԴ- Արժա՞ն է, որ քահանան երդվի:
ՊԱՏԱՍԽԱՆ- Այն քահանան, որ երդվեց, նրան պետք չէ քահանայության մեջ թողնել, որովհետև Բանն Աստծո արհամարհեց:
ՀԱՐՑՈՒՄ ԺԵ- Որպե՞ս է պարտավոր, որ լինի քահանան:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է քահանային աղքատասեր լինել, քաղցր խոսքով, խորհուրդներ տվող, մեղանչածներին ապաշխարության ուղղորդող, պահքերով և աղոթքներով ապրող, կոչվածներին արքայության արժանացնող: Որ Քրիստոսի երևալու ժամին էլ ամենքից առնի անթառամ պսակը, որ նրա համար երկնքում է պատրաստվում:
ՀԱՐՑՈՒՄ ԺԶ -Նա, ով հավատացյալ և մկրտված է և ընկավ մեղքերի մեջ, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Նրանք, որ մի անգամ մկրտված են ի Քրիստոս, երբեք չլինի թե մեղքերով ընկնեն, այլ իրենց կյանքը վարեն Աստծուն հաճելի, չհարբեն, չերդվեն, չբամբասեն, այլ լինեն որպես Աստծո ժողովուրդ՝ առանց որևէ կեղծավորության։
ՀԱՐՑՈՒՄ ԺԷ- Նա, ով շնացել է, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե քրիստոնյաներից մեկը՝ այր, թե կին, շնացավ, իր հանցանքն ապաշխարի եկեղեցուց դուրս՝ երեք տարիներ. տքնելով պահեցողության ու աղոթքների մեջ, լուծումը լինի շաբաթ, կիրակի օրերին և տերունական տոներին, մինչեւ երեք տարիների լրանալը, ապա չորրորդ տարվա մեջ նոր արժանի լինի հաղորդության։ Եվ ով որ գողանա՝ նույն պատուհասը կրի։ Իսկ եթե նույն մեղքերը ավելացնեն, կրկին նույն ժամանակով և ընթացքով է ապաշխարությունը։
ՀԱՐՑՈՒՄ ԺԸ- Նա, որ շնանալուց հետո որդեծնությունը վիժեցրել է, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե քրիստոնյաներից որևէ մեկը շնացել և հետո որդեծնությունը վիժեցրել է՝ Աստծուց երկյուղելը ոչինչ համարելով, քանի որ իր շնության և հղիության մասին մարդկանց չհայտնեց, այնպիսիները բազում հառաչանքներով պիտի ապաշխարեն մարդասպանների աստիճանում։
ՀԱՐՑՈՒՄ ԺԹ- Նա, որ իր սերմն է մարմնից հոսեցնում, «պղծվում է օնանիզմով», ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մեկը անժուժկալաբար ինքն իրեն լլկում և իր մարմնից սերմ է հոսեցնում, այնպիսին պիղծ է և ապաշխարի շնացողների հետ և եթե հավելյալ նույն գործն անի՝ կրկին ապաշխարի: Նմանները ձեռնադրության արժան չեն։
ՀԱՐՑՈՒՄ Ի- Նա, որ արուի հետ է պղծվում, այնպիսիի համար ի՞նչ է սահմանված։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե որևէ մեկը պղծվում է արուի հետ, այնպիսին իր կյանքի բոլոր օրերում պիղծ է, նա եկեղեցուց դուրս պիտի ապաշխարի և երբ ժամանակը որոշվի՝ այդժամ միայն հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ ԻԱ- Եթե ամուսնացածներն են շնանում, ի՞նչ են պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե մեկը առնակին էր ու շնացավ, նա պիտի եկեղեցուց դուրս տասներկու տարի ապաշխարի` արտասուքներով և ամենայն սրբապահությամբ։ Վեց տարին անցնելուց հետո՝ շաբաթ, կիրակի, և տերունական տոներին կատարի լուծումը և տարվա երրորդ մասը պահք պահի, ապա եկեղեցի մտնի ու հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ ԻԲ- Կախարդի հետ որպե՞ս վարվել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Կախարդի վրա ուրացողներին վերաբերվող կանոններն են։
ՀԱՐՑՈՒՄ ԻԳ- Նա, որ շնանա, երեխա ունենա և երեխային սպանի, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Նա, որ շնացել, մանուկ է ունեցել և իր մանկանն սպանել է, մինչև իր մահվան օրը ապաշխարի և իր մեռնելուց առաջ միայն հաղորդություն ընդունի։
ՀԱՐՑՈՒՄ ԻԴ- Չորեքշաբթի և ուրբաթ օրերը որպե՞ս է արժան պահքը պահել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է, որ քրիստոնյաները չորեքշաբթի և ուրբաթ օրերին պահք պահեն և աղոթեն, քանի որ մեր Տիրոջ չարչարանքների օրերն են։ Հարկ է տրտում արցունքներով հիշել Նրա խոնարհությունը՝ գոհանալով Նրանից, որ եկավ և իր չարչարանքներով փրկեց մեզ։ Պահել մինչև ժամը ինը։
ՀԱՐՑՈՒՄ ԻԵ- Ո՞րպես կատարել աստվածային տոները։
ՊԱՏԱՍԽԱՆ- Այն ժամանակ, երբ հավատացյալները տերունական տոները կատարեն, նախ և առաջ ի պատիվ և ի սպաս տոնին մեկ շաբաթ պահք պահեն և ապա տոնակատարեն։
ՀԱՐՑՈՒՄ ԻԶ- Որպե՞ս է արժան սուրբ քառասունքը պահել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Հավատացյալները սուրբ քառասունքը պահեն սրբությամբ՝ շաբաթով և կիրակիով հանդերձ, այն ժամանակ, երբ հասնեն Տիրոջ չարչարանքների օրվան՝ տքնանքների մեջ լինեն և անդադար աղոթեն, այդ օրերին թող որ ոչ մի ժպիտ և ոչ մեկի երեսին չերևա, այլ ըստ մեր Տիրոջ՝ միայն արցունքներ, և ապա կենարար պասեքը կատարեն և ցնծան մեր Տիրոջ հառնելով։ Նրան աղոթքների մեջ փառավորելով, որ մեզ փրկեց իր Հարությամբ և տվեց մեզ որ վերնայիններին լինենք երգակից։
ՀԱՐՑՈՒՄ ԻԷ- Նա, որ պղծվում է անասունների հետ, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Նա, որ պղծվում է անասունների հետ, քանի տարեկան որ է, այդքան մնա ունկնդիր, հետո հինգ տարի ձեռքի տակ, ապա նոր մտնի եկեղեցի՝ ժողովրդի մեջ և վախճանվելիս հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ ԻԸ- Նա, որ Քրիստոսին ուրանա և զղջալով հետ դառնա, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Իր կյանքի բոլոր օրերում ապաշխարի արցունքներով, պահեցողություններով, աղոթքներով, տնանկներին տուրքեր տալով և վախճանվելու ժամանակ հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ ԻԹ- Ով իր կամքով մարդ է սպանել, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Տասնհինգ տարի մնա ունկնդիր, ապա հինգ տարի՝ ձեռքի տակ և ապա անձից ելնելով միայն հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ Լ- Նրանք, որ մեկ մոր կաթով են սնվել, բայց միմյանց օտարներ են, նրանց արժա՞ն է արդյոք ամուսնանալ։
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան չէ, քանի որ ծնողը և սնուցողը նույնն է։
ՀԱՐՑՈՒՄ ԼԱ- Եթե ազգականները ամուսնանան, ի՞նչ պետք է անել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Անհրաժեշտ է նրանց բաժանել և ծանր ապաշխարություն կարգել, քանի որ այդ ոչ թե ամուսնություն է, այլ հարակա պոռնկություն, և Արարչի անեծքի տակ են գտնվում։
ՀԱՐՑՈՒՄ ԼԲ- Նա, որ ընկերոջ սահմաններն է հափշտակում, ինչի՞ է արժան։
ՊԱՏԱՍԽԱՆ- Ինչպես որ Աստծո հրամանով Մովսեսը գրեց՝ թող որ նրա վրա իջնեն բոլոր անեծքները և նզովյալ լինի թե իր կյանքի մեջ և թե մահվան։

Այս ամենը հանձնարարելուց հետո սուրբ Թադեոս առաքյալը ժողովրդին ասաց.
-Հայրեր և եղբայրներ, որ ձեր անձերը Տիրոջը հանձնեցիք, այս ամենը, որ հանձնարարեցի, ձեզ համար օրենքներ լինեն և այլոց համար էլ նույնը լինեն, որ աշխարհ են գալու ձեզանից հետո: Արդ հաստատուն մնացեք այն ամենի մեջ, որ ինձանից լսեցիք: Այս հանձնարարականների սահմաններից երբևէ չանցնեք և այդ բարի կլինի ձեզ համար ու երկար կյանք կունենաք: Այս խոսքերը ձեզ հիշատակ թող մնան և մի մոռացեք ձեր աղոթքներում: Իսկ այլ կարգավորություններ ձեզ կսովորեցնի Ադդեն, կփոխանցի ձեզ այն ամենը, որ ինձանից լսեց, ըստ այն կարգերի, որ կարգեցին Տիրոջ եղբայր առաքյալները: Խաղաղությամբ պահեցեք և պահպանեցեք այդ ամենը չարի բոլոր փորձություններից: Խաղաղությունը ձեզ հետ:
Այս օրենսդրությունը ես` Թադեոս առաքյալի աշակերտ Զաքարիան գրի առա այնպես, ինչպես նրանից լսեցի: Եվ գրի առա Քրիստոսին բոլոր հավատացողների համար: Նրան փա՜ռք հավիտյանս. Ամե՛ն:


Արևելահայերենի փոխադրեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Հ. Գ. Թադեոս առաքյալի կանոնները կօգնեն մեզ լավ պետություն կառուցել:
Եվ թե ինչ էր առաքյալը քարոզում Եդեսիայում և առհասարակ Հայաստանում, այդ գիտենք մեր ազգի համար նրա հանձնարարած կանոններից, որոնցից մի քանիսն Էլ Գոշը գործածեց իր հռչակավոր «Դատաստանագրքում»։ Եթե այս կանոնների միայն եպիսկոպոսներին վերաբերող պահանջները տեղափոխենք իշխանական և դատական համակարգ, և այդ չափորոշիչներով իշխանավորներն ու դատավորները հնարավորինս առաջնորդվեն, ապա, բնական է, կունենանք լուսավոր Հայաստան, որտեղ հանցանքները մեծապես կպակասեն։

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ