Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանը սկսում է Իրանի հետ խաղը

Ռուսաստանը սկսում է Իրանի հետ խաղը
23.02.2019 | 16:13

Իրանի կառավարությունը համաձայնություն է տվել Ռուսաստանից ևս մեկ վարկ ստանալուն` 5 միլիարդ դոլարի: Այդ գումարը Իրանի պետական եկամուտներից է դառնալու մարտի 21-ից սկսվող ֆինանսական տարում: Թեհրանը Մոսկվայից վարկ է խնդրում արդեն երրորդ անգամ (2013-ից), բայց պայմանագիր դեռ չի կնքվել: Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է 7 միլիարդ դոլար լրացուցիչ միջոցներ ստանալ Ռուսաստանից: Նրա խոսքով` «Եթե մենք ուզում ենք ընդլայնված հարաբերություններ ունենալ, այդ գումարով գործը չի ավարտվի, պետք է այդ ոլորտը մեծացնել»: Հունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը լրագրողներին տեղեկացրեց, որ Իրանին միջպետական վարկի հատկացման բանակցությունները շարունակվում են, առայժմ վերջնական որոշում չի կայացվել: Բայց եթե Իրանի խորհրդարանն ու կառավարությունն արդեն որոշում են ընդունել, ուրեմն վարկային գործարքն ավարտվել է կամ մոտ է ավարտին: Կանգ են առել 5 միլիարդի վրա, որ ուղղվելու է ատոմային էներգետիկայի, երկաթուղային փոխադրումների, ջրամատակարարման և ջրամբարտակների շինարարության ոլորտներ: Թեհրանը` հայտնվելով ԱՄՆ խստագույն պատժամիջոցների տակ, վարկերի կարիք ունի ինֆրակառուցվածքները զարգացնելու համար: Բայց կա ենթատեքստ:

Մի իրավիճակում, երբ, ինչպես The Wall Street Journal-ն է գրում, «ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի գլխավորությամբ, դիմել է Պենտագոնին` խնդրելով քննարկել Իրանին հարվածի տարբերակները» կամ այդ երկիրը վերածել «քաղաքական ցնցումների թատերաբեմի», Մոսկվայի հատկացրած մի քանի միլիարդը կարևոր քաղաքական ու աշխարհաքաղաքական իմաստ է ստանում: Իրանի նախագահ Հասան Ռուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիի հանդիպման արդյունքներով Իրան-Ռուսաստան հարաբերությունները որակեց «լավ» և մոտ «ռազմավարականին»: Այսինքն` դեռ ոչ ռազմավարական, չնայած սիրիական հարցում ալյանսին: Գաղտնիք չէ, որ Իրանի ղեկավարության ներսում քննարկվում են Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների կառուցման հեռանկարները: Կան մարդիկ, որ կոչ են անում իրենց շահերի համար օգտագործել ԱՄՆ-ՌԴ հակասությունները և իբրև պահուստային տարբերակ պահել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու սցենարը:

Անցյալ տարեվերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքն էր Թեհրանին կոչ անում նոր միջուկային համաձայնագիր կնքել: Տեսականորեն Վաշինգտոնը կարող էր ճկուն դիվանագիտական «իրանական օպերացիա» անցկացնել Բարաք Օբամայի ոճով, բայց փոխարենը Թրամփի վարչակազմը ընտրել է տարբերակ, որ նախատեսում է Իրանի կապիտուլյացիան ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սպիտակ տունն ակտիվորեն օգտագործում է պատժամիջոցների մեխանիզմը, չնայած Ռուհանիին ու նրա կառավարությանը Եվրոպայում ընդունում են իբրև արևմտակենտրոն, իսկ Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության զարգացումը` Թեհրանի պրագմատիկ մոտեցում Ռուսաստանին` իբրև կարևոր առևտրական գործընկերոջ: Ստեղծված աշխարհաքաղաքական հանգամանքներում Ռուսաստանի կողմից պատկառելի վարկի տրամադրումը Թեհրանին կայուն քաղաքականության դրսևորում է այդ երկրի նկատմամբ` իբրև նրա հետագա զարգացման հեռանկարների դրական գնահատականի գործոն: Բայց Ռուսաստանի ինքնատիպ «իրանական ճեղքումը» տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Ռուսաստանի ու Իրանի տնտեսությունը կառուցելու ձգտումը ամերիկացիներն ու եվրոպացիները կարող են ընկալել իբրև մարտահրավեր իրենց աշխարհաքաղաքական շահերին: Ոչ բոլորի սրտով է Մերձավոր Արևելքում իրադարձությունների այդ ընթացքը, որտեղ զգուշանում են, որ Մոսկվան ու Թեհրանը կստանան նոր օպերատիվ չափում այն տարածքների նկատմամբ, որ ինչ-որ ժամանակ եղել են Պարսից կայսրության կազմում, հետո անցել են Ռուսաստանին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախ պետությունների կարգավիճակ են ձեռքբերել: Բացի այդ` չի կարելի անուշադրության մատնել Ռուսաստան- Իրան-Թուրիա մերձեցման թեման, որ ուրվագծվում է վերջին տարիներին: Թուրքիան նույնպես ունի կայսերական պետության փորձ: Եթե պատմականորեն դատենք, նախկին կայսրությունների սահմանագծին անընդհատ հայտնվում են աշխարհաքաղաքական որակական փոփոխությունների կետեր` Իրաք, Լիբիա, Սիրիա: Այդ տեսակետից հասկանալի են և որոշ փոփոխությունները Անդրկովկասում: Բաքվի փորձագետներից մեկը գրում է, որ Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի ու «ռուսամետ Իրանի ու ռուսամետ Հայաստանի» միջև: Այդ առումով` Թբիլիսին փորձում է «նետվել» Եվրոպա, իսկ Բաքուն իր «բազմավեկտոր» քաղաքականությանն ավելացնում է «ազգային շահերը», որոնց աշխարհաքաղաքական ուղղվածությունն առայժմ անորոշ է: Գուցե այն պատճառով, որ ռուս-իրանական ալյանսը և ընդլայնվող առևտրատնտեսական համագործակցությունը մանևրի նոր տարածք են ձևավորում Անդրկովկասի երկու երկրների համար, և ոչ միայն այնտեղ: The Washington Post-ը գրում է, որ այդ ամենը տեղի է ունենում «Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցության կրճատման համապատկերում, երբ երբեք մերձավոր դաշնակիցներ չեղած Իրանն ու Ռուսաստանը միավորում են ջանքերը իրենց դիրքերի ամրապնդման համար», իսկ «Սպիտակ տունը պետք է բացառիկ տաղանդ ունենա իրադարձությունների շրջադարձի համար»:
Ստանիսլավ Տարասով. REGNUM


Հ.Գ. ՀՀ վարչապետի Թեհրան այցից առաջ հարկավոր է ունենալ առաջարկների այնպիսի փաթեթ, որտեղ հաշվառված են թե Իրանի տնտեսական վիճակը, թե Իրան-Ռուսաստան, թե Իրան-ԱՄՆ, թե Իրան-ԵՄ հարաբերությունները: Հավելած` տարածաշրջանի զարգացումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ