Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անվտանգությունը Եվրոպայում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ

Անվտանգությունը Եվրոպայում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ
23.02.2019 | 16:21

Մենք սպառազինությունների նոր մրցավազքի շեմին ենք և այս անգամ զսպման քաղաքականությունը կարող է չգործել: Պարզապես Ռուսաստանին մատնացույց անելը բավական չէ` գրում է Գերմանիայի բունդեստագի պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ի անդամ Յուրգեն Տրիտինը Frankfurter Rundschau-ում:

Գերմանիայի կառավարությունը երկար ժամանակ հավատում էր, որ Թրամփի հետ հարաբերությունները իրենք իրենց կկարգավորվեն: Դա դառը մոլորություն էր: ԱՄՆ-ի այսօրվա վարչակարգը ներառում է Դոնալդ Թրամփի քաոտիկ ապակառուցողականությունը` Փենսի ու Բոլտոնի նեոպահպանողական ագրեսիայի հետ: Դա թունավոր խառնուրդ է և սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: ԱՄՆ-ը արհամարհեց Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը, Իրանի հետ համաձայնագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Փոքր ու միջին հեռահարության արգելման պայմանագիրը` հուրախություն Վլադիմիր Պուտինի: Երկուսն էլ քիչ են հետաքրքրված պայմագրի փրկությամբ հաջորդ 6 ամիսներին: Եթե ձախողվի և СНВ-III պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2021-ին, սպառազինությունների մրցավազքը իսկականից կսկսվի: Սառը պատերազմը կվերադառնա: Եվ այդ ժամանակ աշխարհը կհայտնվի միջուկային նոր մրցավազքի շեմին: Իսկ Եվրոպան, հավանաբար, կդառնա հարթակներից մեկը: Բայց ո՞րն է Եվրոպայի պատասխանը: Միայն Ռուսաստանին մատնացույց անելը, ինչպես ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասը, չի օգնի: Ընդամենը կրկնապատկել պաշտպանության ծախսերը, ինչպես խոստանում էր Մյունխենում Անգելա Մերկելը, ավելի շուտ կխթանի սպառազինությունների մրցավազքը: Նա, ով այսօր պնդում է, որ սառը պատերազմի ժամանակներում գերսպառազինության սպառնալիքը նպաստեց փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրի ստորագրմանը, մոռանում է այն ժամանակների առանձնահատկությունը: Ի դեմս Միխայիլ Գորբաչովի սովետական արտաքին քաղաքականություն էր եկել նոր մտածողություն և ռեալիստական հայացք սեփական տնտեսական հնարավորություններին: Այսօր աշխարհն այլևս երկբևեռ չէ, իսկ բազմաբևեռ աշխարհում ավտորիտար միջուկային պետությունների հետ փոխադարձ երաշխավորված ոչնչացման սպառնալիքը անիմաստ է: Ապասպառազինման եվրոպական նախաձեռնության ժամանակն է եկել: Անվտանգությունը Եվրոպայում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ն պետք է շարունակի իր մարտավարական միջուկային զենքը հանել Եվրոպայից և բացի այդ` հրաժարվի ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգից, եթե Ռուսաստանը նույնպես պատրաստ է ապասպառազինման քայլեր անել ՙԻսկանդերի՚ ու թևավոր հրթիռների դեպքում: Դա կլինի փոխադարձ շահերի հիման վրա պայմանագիր: Եվրոպան կրճատում է իր միջուկային սպառնալիքը` Ռուսաստանն իր տնտեսական: Մասշտաբային ներդրումները միջուկային նոր զենքի մեջ Պուտինի համար ներքաղաքական ռիսկ են` դատելով նրա կենսաթոշակային քաղաքականության դեմ ցույցերից:
Յուրգեն Տրիտին, Frankfurter Rundschau


Հ.Գ. Դուրս գալով Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից` ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ ժամանակները փոխվել են և պետք է բազմակողմ պայմանագիր կնքել, բայց միջուկային զենք ունեցող երկրները և առաջին հերթին` Չինաստանը, չարձագանքեցին նրա կոչին: Իրենց տեսակետները հրապարակավ չեն հայտնել և Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Պակիստանը: Փաստացի` բունդեստագի պատգամավորն առաջադրում է ավելի նեղ` համաեվրոպական պայմանագիր ստորագրելու տարբերակ, որի հաջողությունից հետո գուցե և արվեն երկրորդ ու երրորդ քայլերը` Չինաստան-Պակիստան-Հնդկաստան, հետո` ԱՄՆ: Միջուկային զենքի արգելման հարցով բանակցություններ, անշուշտ, վարվում են, բայց տեղեկությունները հրապարակային չեն և միայն 6 ամիսը լրանալուց հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կարձանագրի պայմանագրից իր դուրս գալը, գուցե լինեն ինչ-որ հայտարարություններ բանակցությունների ընթացքի կամ ձախողման մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ