Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվ ոչ ոք չգիտի` ո՞րն է Աստծո կամքը

Եվ ոչ ոք չգիտի` ո՞րն է Աստծո կամքը
09.03.2019 | 13:41

Երեկ կեսօրից հետո Կոստանդնուպոլսից գույժ ստացվեց` 62 տարեկանում վախճանվել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահը հաստատել է` սրտի կաթվածից: 2008-ից պատրիարքը անգիտակից վիճակում էր և 2010-ին պատրիարքական փոխանորդ նշանակվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ 9 տարի հայկական համայնքը փորձել է նոր պատրիարք ընտրելու պահանջը տեղ հասցնել, բայց Թուրքիայի իշխանությունները մերժել են ընտրությունները` հղում անելով 1863-ի Ազգային սահմանադրությանը` նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։ Պատրիարքարանում 2016-ի հոկտեմբերի 26-ին եկեղեցական ժողովը քննարկեց հարցը, որ 2008-ի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել: «Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015-ի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի ոչ գործուն լինելու հանգամանքը: Վերոնշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է թափուր: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում: Զեկույցն ուղարկվել էր Ստամբուլի նահանգապետարան՝ պահանջելով թույլատրել նոր պատրիարքական ընտրություններ։ 2017-ի մարտի 15-ին պատրիարքարանում հրավիրվել էր եկեղեցական ժողով, որ որոշել էր սկսել պատրիարքի ընտրության կազմակերպումը։ Պատրիարքական տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ստեղծվել էր նախաձեռնող խումբ, բայց Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ չեն ճանաչում եկեղեցական խորհրդի որոշումները։ 2018-ի փետրվարին Ստամբուլի նահանգապետարանը պատասխանեց Պոլսո հայոց պատրիարքի ընտրության` ամիսներ առաջ հայկական կողմի դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինը նամակում գրում լ էր, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Առողջական խնդիրները բավարար չեն պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակեց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, իսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու գործընթացները անվավեր ճանաչվեցին:


Բեքչյանը Թուրքիայից հեռացավ, Աթեշյանը շարունակեց պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թեպետ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 11 տարի անգիտակից վիճակում էր, նրա մահն անակնկալ էր, որ ընտրությունների հերթական փուլում գտնվող Թուրքիայի իշխանությունների առաջ նորից դրեց Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը Հայ առաքելական եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից մեկն է` հիմնված 1461-ին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայության տակ է: Բայց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, Էրդողանի վարած հակահայկական քաղաքականությունը իր ազդեցությունն է ունեցել նաև այս հարցի վրա: Էրդողանն իր գերխնդիրն է համարում հայկական սփյուռքի տրոհումն ու թուլացումը, հետևաբար անթույլատրելի է, որ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը լինի ինքնուրույն, մեղմ ասած «էջմիածնական» հոգևորական: Չի բացառվում, որ տարբեր պատրվակներով Էրդողանը վերստին հետաձգի Կոստանդնուպոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունները` մինչև երաշխիքներ ստանա հայ համայնքից, որ ընտրելու են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։ Իսկ համայնքը երկփեղկված է և Էրդողանի «մարդ» համարվող սրբազանին չի ցանկանում հոգևոր առաջնորդ տեսնել: Բարդ օրեր են սպասվում թե համայնքում, թե Էրդողանի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ եռանկյունում: Ընտրությունից հետո նոր պատրիարքը կհամարվի ընտրված` Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը և Թուրքիայի իշխանության համաձայնությունը ստանալուց հետո միայն: Եվ ոչ ոք չգիտի` ո՞րն է Աստծո կամքը:

Դիտվել է՝ 2128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ