Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կլինի մի շատ մեծ ոչինչ

Կլինի մի շատ մեծ ոչինչ
12.03.2019 | 00:50

Ն.Գ. (հետգրության հակառակը). Մտադիր էի գրել Հարկային օրենսգրքի նախագծի, կառավարության կառուցվածքի, առողջապահության նախարարի հարկամոլության, ՀՅԴ-ԼՀԿ` ռուսական հենքի վրա ձևավորվող դաշինքի ու Հայաստանում ստեղծված իրավիճակի յուրահատկությունների մասին: Մտադիր էի գրել Բրյուսելում վարչապետի` միայն ԵՄ-ում հանդիպումների ու «մոռանալու» մասին, որ Բրյուսելը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանն է: ՈՒ` ինչու՞ չեն ստացվում Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ԵՄ ղեկավարների հետ:
2 հետգրություն կար հավելելու` «Հայրենասիրությունը հնարավոր չէ դնել շրջանակի մեջ ու կախել պատից» կամ` «Մենք բոլորս քայլում ենք լավայի վրայով, հարցը` ե՞րբ կժայթքի»։ Նույնիսկ երրորդն էլ կար` «Թե ինչ եղավ, երբ հեղափոխության 9+2 ամիսը լրացավ»: Հետո որոշեցի գրել հետևանքների մասին, բայց դա էլ ժամանակի բանկին հանձնվեց, երբ վախճանվեց Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն արեցին: Կյանքը սքանչելի է, երբ շաբաթը ուրբաթից շուտ է գալիս ու քո մտադրությունները փոխում է իր կամքով:


Մարտի 8-ին, 62 տարեկանում, վախճանվեց 1998-ից Պոլսո հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ 2008-ից նա դադարել էր պատրիարքի պարտականությունները կատարել` հիվանդության հետևանքով, որի պատճառն այդպես էլ անհայտ մնաց: 11 տարի նա Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում էր` անգիտակից վիճակում։ Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Գայանե վանքում կատարեց հոգեհանգստյան կարգ պատրիարքի համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ասաց. «Սգակիր մեր սրտերի համար ցավ է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակյալ հոգևորականի մահը, մեկնումը այս տեսանելի աշխարհից: … Պատրիարքական իր պատասխանատու և երբեմն դժվարին գործունեության ողջ ընթացքում նա եղավ ծառայանվեր մշակ, որ եռանդուն սպասավորությամբ ջանում էր զորեղ ու միասնական պահել Թուրքիո հայ համայնքը, աշխույժ` Պատրիարքության ազգային-եկեղեցական կյանքը, ազգային-մշակութային կազմակերպությունների և կրթական հաստատությունների կարևոր գործունեությունը»: 2010-ից պատրիարքական փոխանորդ էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Թուրքիայի իշխանությունները 11 տարի չէին արտոնում պատրիարքի ընտրությունը՝ հիմնավորումը` պատրիարքը ողջ է, ուրեմն անհնար է նորին ընտրել, անգիտակից վիճակը չէր ընդունվում պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ։ Սրտի կաթվածից վախճանված Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը մարտի 17-ին է: Քառասունքից հետո տրամաբանորեն հայ համայնքում պետք է նախապատրաստվեն նոր պատրիարքի ընտրությանը: Պետք է հստակեցվեն ընտրական տեղամասերն ու ընտրողների ցուցակները, հայաբնակ թաղամասերում պատվիրակների ընտրություններ լինեն, որ հետո նրանք ընտրեն նոր պատրիարքին: Պետք է ձևավորվի հանձնաժողով, առաջադրվեն թեկնածուներ: Բայց կարող է ոչինչ չլինել: Եթե ընթացքում Էրդողանը տեսնի, որ համայնքի տրամադրությունները չեն փոխվել, և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պատրիարք ընտրվելը կասկածի տակ է կամ հարուցելու է բողոքի ու դժգոհության ալիք, նա հետաձգելու է ընտրությունը: Այդպես եղել է` 1923-ին, 1944-1950-ին, երբ 6 տարի ընտրություններն արգելվեցին: Բայց թեկնածուների քննարկումները սկսված են, ու դա համայնքի ներսում խորացնելու է երկփեղկումը: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դնելու է թեկնածությունը ու համարվում է ֆավորիտ` վայելելով Թուրքիայի իշխանությունների բարեհաճությունը: Բայց դա չի նշանակում, որ այլ թեկնածուներ չեն առաջադրվի: Կոստանդնուպոլսի պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ: Պատրիարքի թեկնածու կառաջադրի՞ Մայր Աթոռը: Դատելով Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի փորձից` Մայր Աթոռը կամ թեկնածու չի առաջադրի, կամ կառաջադրի ընտրվելու առավել մեծ շանս ունեցող թեկնածուի: Պատրիարքի թեկնածու կարող են դառնալ նրանք, որ կամ Թուրքիայում են ծնվել, Թուրքիայի քաղաքացի են, կամ ծնողներից մեկը եղել է Թուրքիայի քաղաքացի։ Զուտ իրավականորեն` կարող են առաջադրվել Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Գուցե նաև Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ու Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Կլինեն Թուրքիայում ծնված ու գործող երիտասարդ հոգևորականներ: Ընտրությունը, անգամ պատրիարքի, միշտ ունի անակնկալ ընթացք ու ելք` հայտնվելու են բախտախնդիրներ ևս: Կա երկու տարբերակ` կամ համայնքն ընտրում է թեկնածուի, որ ի սկզբանե ունի իշխանության աջակցությունը, կամ հաշվի չի առնում իշխանության կարծիքը: Երկրորդ դեպքում նոր պատրիարքը պետք է կարողանա իշխանության հետ լեզու գտնել: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պարագայում փաստը, որ 11 տարի եղել է փոխանորդ, չի բացառվում, որ գործելու է նրա դեմ: Համայնքն արդեն գիտի ինչ պատրիարք է ստանալու` առիթով ու անառիթ Էրդողանին շնորհակալություն հայտնող հոգևորական, որ առաջնությունը տալիս է աշխարհիկ իշխանությանը` Աստծուն ծառայությունը պարտականություն, բայց ոչ պարտք համարելով: Ստացվում է, որ Կոստանդնուպոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը ոչ թե հոգևորականի ընտրություն է, այլ հայ համայնքի գերակայությունների ու ազգային նույնականության փորձաքննություն: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կընտրի համայնքի իշխանամետ հատվածը` ընտրությունը հիմնավորելով պրագմատիզմով, որ պետք չէ առճակատվել պետության հետ: Նրան չի ընտրի ինքնուրույն մտածողության տեր հատվածը, որ ուզում է ի դեմս նոր պատրիարքի ունենալ հայերի ինքնության, հայեցի կրթության ու մշակույթի պահպանության հովանավորի ու կազմակերպչի: Անիմաստ է սպասել, որ Էրդողանի Թուրքիայում իշխանությունը կատարելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հանձնառությունը ու ապահովելու է բնականոն զարգացման հնարավորություններ: Հենց դա է այն պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցին ու Հայաստանի աշխարհիկ իշխանությունները պետք է ուշադրության կենտրոնում պահեն Թուրքիայի հայ համայնքի խնդիրները: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահը հայկական սփյուռքը համարում է թշնամի ու ֆինանսական, գաղափարական, քաղաքական պայքարի շանսը բաց չի թողնում աշխարհի բոլոր անկյուններում հայ համայնքները տրոհելու համար` օգտագործելով նաև հայ հոգևորականներին, որ կենտրոնական դեր ունեն համայնքում: Ցավոք, ոչ առանց հաջողության: Սա նոր հարց չէ, բայց այսօր այս հարցը շրջանցելը սխալ է, որի հետևանքները վաղը դառնալու են ավելի աղետալի ու ցավոտ: Ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև համայնքների բուն գոյության: Սա համենայն դեպս հիշեցում այն պաշտոնյայի համար, որ փոխարինելու է Սփյուռքի լուծարված նախարարությանը: Որպեսզի ինչ-որ ժամանակից չունենանք մի շատ մեծ ոչինչ, որից հազիվ թե ինչ ծնվի:


Մարտի 9-ին անակնկալ հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` երկար ու կոշտ շեշտադրումներով: Կարծես` համանախագահները, ավարտված համարելով ՀՀ նոր իշխանությունների ադապտացման ու ինքնարտահայտման շրջանը, վերադարձնում են իրականություն: Փաստացի նրանք հիշեցնում են, որ բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն են, ու բանակցությունների ձևաչափը սահմանված է: Մարտի 10-ին Բաքուն հրճվանքով ողջունեց հայտարարությունը` որակելով «ազդակ Հայաստանի համար»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան արձանագրեց. «Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ»: Բայց ի սկզբանե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու բազում փորձեր արել ու անում է Բաքուն: Ալիևն է 3 սկզբունքներից միայն մեկը ընդունում` տարածքային ամբողջականությունը, ու դա հայտնի է բոլորին: Հավելեք մարտի 11-15-ը Բաքվի սկսած զորավարժությունները, որոնց մասին ԵԱՀԿ-ն դարձյալ տեղեկացված չէր, ու կստանաք նոր պատկերի ուրվագիծը: ՀՀ ԱԳՆ-ից հետո հայտարարությանն արձագանքեց վարչապետի մամլո խոսնակը. «Այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել, և սա դրանցից մեկն է, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այս հայտարարության մեջ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Ըստ համանախագահների՝ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012-ին համանախագահ երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որ ենթադրում են ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանին, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար, ՀՀ-ն և ԼՂ-ն կապող միջանցք, իրավական տեսանկյունից կամքի պարտադիր դրսևորման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, խաղաղապահ գործողություն ներառող միջազգային անվտանգության երաշխիքներ: Տարօրինակ է, որ բազմիցս փոխվող համանախագահները միշտ շարունակում են նույն քաղաքականությունը` պարիտետային, անդեմ ու անորոշ «կողմերին» կոչեր անելով, երբ խոսքը Բաքվին էր ուղղված: Նրանք չէին նկատում ու չեն նկատում Ադրբեջանի սադրիչ ու ռազմատենչ հայտարարությունները, սպառազինվելը և նույնիսկ 2016-ի քառօրյա պատերազմից հետո չփոխեցին ոճը: Իսկ մե՞նք: Ճիշտ է Վլադիմիր Կարապետյանի «արտառոց ոչինչ չտեսնելը»` ի պաշտոնե: Իրականում արտառոց է չտեսնելը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե տրվեց պոպուլիզմի և փորձեց ժամանակ շահել բանակցությունների ձևաչափ փոխելու առաջարկով: Համենայն դեպս` Լևոն Տեր-Պետրոսյանին Արցախում չէին ընտրել, բայց նա բանակցում էր Արցախի հարցով: ՈՒ հիմա, երբ Հայաստանից հնչել են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները` Արցախի վերաբնակեցման ու Հայաստանի ազգային բանակի պաշտպանողականից հարձակողական մարտավարության անցման մասին, նոր իրավիճակ է:


Նիկոլ Փաշինյանին պարտադրվում է ոչ թե բանակցել բանակցությունների ձևաչափի հարցով, այլ Ադրբեջանի սուբստանտիվ օրակարգով, որից նա կարող է հրաժարվել ու ստանձնել բանակցությունները ձախողողի պատասխանատվությունը: Կարող է համաձայնել ու բանակցել` Մադրիդյան սկզբունքները փոխելու հանձնառությամբ, որ ձևակերպվել են 2007-ից ու «փոխզիջումային» մեխանիզմի անվան տակ ենթադրում են տարածքային զիջումներ Ադրբեջանին` Արցախի վերջնական կարգավիճակի որոշարկումը անորոշ ժամանակում ու պայմաններով հանրաքվեի վրա թողնելով: Հազիվ թե 2018-ի մայիսի 8-ից վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ ժառանգություն է ստանում Մադրիդյան սկզբունքները ու 2019-ի մարտի 9-ին համանախագահների հայտարարությունից հետո պիտի մտածի` ի՞նչ անել: Մադրիդյան սկզբունքներով կնքված որևէ համաձայնագիր չի ընդունվելու ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում: Դա գիտեն համանախագահները, որ քառօրյա պատերազմ են տեսել` հասկանալու համար, որ պատերազմը հարց չի լուծի: Նրանք փորձում են կանխել պատերա՞զմը: Իսկ ու՞ր մնաց Վիեննան: ՈՒ` ի՞նչ: Ոչինչ, կոնֆլիկտի կողմերն ու համանախագահները ունեն իրենց շահերը, որ հանրագումարում տալիս է անհամատեղելիություն: Բայց դա վերջը չէ, դա բանակցությունների շարունակման հիմնավորում է: Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի` ի՞նչ օրակարգով է բանակցում և ի՞նչ ձևաչափով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միջնորդներ են, որ ներկայացնում են ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու Ռուսաստանը, իսկ դա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դարձնում է աշխարհաքաղաքական, որի լուծումը ևս աշխարհաքաղաքական է: Չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ, լինելու է փոխադարձ ընդունելի համաձայնություն: Երբևէ: Իսկ մինչ այդ Հայաստանը պետք է վերականգնի ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հավասարակշռությունը: Քանի դեռ ստատուս քվոն գործում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ