Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ուկրաինան ընտրեց Զելենսկուն

Ուկրաինան ընտրեց Զելենսկուն
22.04.2019 | 13:23

Առաջին անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ուկրաինայում անցնում է համընդհանուր եվրոպական ոգով՝ առանց Արևմուտքի ու Ռուսաստանի կողմնակիցների բաժանման, որ նախկինում նման իրավիճակներում տրոհում էր երկիրը երկու հակամարտող կողմերի: Քաղաքական գործիչների նկատմամբ հավատը վերականգնելու ունակ ռեալ թեկնածուների բացակայության պարագայում՝ ընտրողների ուշադրությունը կենտրոնացել է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու նրա մրցակից Վլադիմիր Զելենսկու անազնիվ հարվածների, ինտրիգների ու վեճերի վրա: Գլխավորը՝ ընտրողն իրոք կարող է ընտրել, և այդ հանգամանքը տարբերում է Ուկրաինան Ռուսաստանից ու հետխորհրդային մյուս պետություններից, որտեղ վաղուց իշխանություն չի փոխվել: Հարցումները ցույց են տալիս, որ անկախ նրանից՝ կհաղթի՞ Զելենսկին, թե՞ ոչ, Ուկրաինան կմնա խնդրահարույց պետություն առաջիկա տարիներին: Եվրամիությունը չի կարող աչքերը փակել Դոնբասի հիբրիդային պատերազմի վրա, որտեղ քաղաքացիական տարաձայնություններին խառնվում է Ռուսաստանի նեոիմպերիալիստական ագրեսիան, և այնտեղ պահանջվում են վճռական գործողություններ: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը պատերազմը դադարեցնելու կախարդական փայտիկ չունի, Եվրոպան պետք է ուշադիր հետևի Ուկրաինայի արևելքում իրադարձությունների զարգացմանը, նաև՝ Կրեմլի գործողություններին: Կրեմլը կարող է, մասնավորապես, ռուսական անձնագրեր տալ Կիևին ենթակա տարածքներում՝ ինչպես եղել է Աբխազիայում ու Օսեթիայում (վրացական ինքնավարություններ, որ Ռուսաստանը ճանաչել է իբրև պետություններ): Բայց այս անգամ այդ մոդելի իրականացումը շատ ավելի մասշտաբային կլինի և հընթացս կլուծվեն ներքին ժողովրդագրական խնդիրները, որ վերաբերում են բուն Ռուսաստանին:


Իր ձեռքբերումներից մեկը Պորոշենկոն համարում է փաստը, որ իր հայրենակիցները կարող են ճանապարհորդել Եվրոպայում առանց վիզայի: Սակայն շատերի համար դա ոչինչ չի փոխում, որովհետև աշխատել Եվրոպայում առանց վիզայի ու խուսափել տնտեսական ճգնաժամից ու կոռուպցիայից, որոնց մեջ խեղդվում է Ուկրաինան, նրանք չեն կարող: Ուկրաինայի քաղաքական էլիտան չի համապատասխանում 2014-ի Եվրամայդանին և հիմնականում զբաղված է սպասելով, թե երբ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն կլուծեն երկրի բոլոր խնդիրներն ու օգնություն ցույց կտան՝ անկախ կոռուպցիայի մակարդակից ու իշխանությունների ոչգործիմացությունից: Փետրվարին Ուկրաինայի Գերագույն Ռադան Սահմանադրության մեջ ամրակայեց Ուկրաինայի ընթացքը դեպի ԵՄ և ՆԱՏՕ: Ուկրաինայի ամրապնդումը պետք է տեղի ունենա ոչ թե սկզբունքների հռչակագրերի ճանապարհով կամ զենքի կիրառմամբ, այլ երկիրը ճիշտ կառավարելով և իշխանության ունակությամբ՝ երկիրը գրավիչ դարձնել հատկապես այն քաղաքացիների համար, որոնց ռուս քաղաքական գործիչների հեքիաթները և Ուկրաինայի իշխանությունների սխալները փակուղի են մտցրել:
El Pais, Իսպանիա


Հ.Գ. Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է Վլադիմիր Զելենսկին: «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին ստացել է 73,18% ձայն՝ արձանագրությունների 90,25%-ի մշակումից հետո, Պյոտր Պորոշենկոն՝ 24,49% ձայն: Պորոշենկոն արդեն շնորհավորել է Զելենսկուն և հայտարարել, որ չի հեռանալու քաղաքականությունից: Ուկրաինան մերժեց հետմայդանյան քաղաքականությունը ու սկսում է նոր էջից: Նոր սկիզբը լի է նոր փորձություններով: Վլադիմիր Զելենսկին պետք է հաղթահարի օլիգարխիկ դիմադրությունը ու ոտքի հանի տնտեսությունը, լուծի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ու պատերազմի ավարտի հարցերը: Ինչպե՞ս: Հինգ տարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ