ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Աշխարհը պետք է չլռի, բայց կխոսի՞

Աշխարհը պետք է չլռի, բայց կխոսի՞
26.04.2019 | 12:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սովորություն էր դարձրել ամեն ապրիլի 24-ի իր խոսքն ասել ցեղասպանության վերաբերյալ, նույնիսկ մեկ անգամ հայտարարել էր, որ կիսում է հայերի ցավը: Իհարկե, անիմաստ է սպասել, որ նա ներում խնդրի ու ընդունի իր նախնիների ցեղասպան լինելը։ Այսօրվա Թուրքիայի համար, որ կերտում է Էրդողանը, դա անհնար է՝ ելնելով ազգայնականության ու Օսմանյան կայսրության տարածքները այլ պետությունների հաշվին վերականգնելու երազներից՝ 1915-ի հայոց ցեղասպանության ճանաչումը Էրդողանի որևէ ծրագրի մաս չէ։ 2019-ի ապրիլի 24-ին ելույթ ունենալով Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների նպաստի թեմայով գիտաժողովում, նա Հայաստանին կոչ է արել բացել արխիվները։

«Ճշմարտությունը գտնելու նպատակ ունեցողների համար մեր արխիվները ամբողջովին բաց են։ Թաքցնելու բան չունենք։ Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին դասեր տվողները բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն։ Մինչ օրս Հայկական հարցը շահարկող ոչ մի խումբ և պետություն իր պնդումները չի կարողացել ապացուցել արխիվային փաստաթղթերով։ Գիտենք, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումներով լարվածություն ստեղծողներից ոչ մեկի հոգը չէ ճշմարտությունը», - հայտարարել է Էրդողանը։ Ֆրանսիային հիշեցնելով Ռուանդայի և Ալժիրի կոտորածների մասին, նա պնդել է, թե այս հարցում չեն կարող Թուրքիային դասեր տալ։ «Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայաստան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Հետո էլ մենք՝ քաղաքական գործիչներս կխոսենք: Ճշմարտությունն իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները լիովին բաց են», - ասել է Թուրքիայի նախագահը։ Իհարկե, որևէ նորություն չկա: Տասնամյակներով ստերիլ մաքրված թուրքական արխիվները բաց են, թե փակ, նշանակություն չունի։ Էրդողանի համար նշանակություն չունեն թուրք պատմաբանների հրապարակած գրքերն էլ, որ արխվային փաստաթղթերով հաստատում են, որ ցեղասպանությունը պետության ծրագրված գործողությունների հետևանք էր: Էրդողանի համար նշանակություն չունեն և Վատիկանի արխիվները: Էրդողանի երգը շարունակել է Թուրքիայի կառավարությունը՝ հայտարարելով, որ «Հայաստանը վախենում է բացել 1915-ի իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չէ, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Նախօրեին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էր ասել, որ իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն, գաղութատիրություն չի եղել:
«Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կարող եմ ցավով արձանագրել, որ մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի»՝ հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»՝ հավելել է ԱԳՆ խոսնակը։

Գուցե Էրդողանին ոգևորել է փաստը, որ ԱՄՆ նախագահը վերստին սահմանափակվեց ՙմեծ եղեռն՚ արտահայտությամբ: Բայց նույն օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Բացի այդ՝ Սենատն առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։ Բանաձևում ասված է. «Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիությունը շարունակական հետևանքները ներառում է Հայաստանի քույր պետության՝ դեպի ծով ելք չունեցող Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը: Մինչդեռ, Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը և հայոց սրբատեղիների շարունակական պղծումն առանց պատասխանատվության ենթարկվելու հանգեցրել են վերջերս տեղի ունեցած աննախադեպ մշակութային ցեղասպանության հայ քրիստոնեական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանում, որտեղ 1997-2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ջնջել է տարածաշրջանի հայկական անցյալի յուրաքանչյուր հետք, որը ներառում էր 90 եկեղեցի, 6000 խաչքար, այդ թվում՝ Ջուղայի հայտնի խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015-ին տեղադրվել է Կոլորադոյի նահանգի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-այգում»:
Հակառակ նրան, որ Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում կայանալիք ակցիային՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել: «1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին քաղաքագետներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասերներ և այլ բազմաթիվ հայ մտավորականներ: Նրանք նաև աքսորվեցին Այաշ ու Չանղրը, ապա մեծ մասը սպանվեցին: Թեև 1915 թ. կորուստները հնարավոր չէ վերադարձնել, սակայն միասնաբար ապրելու տեսակետից արժեքավոր է հասարակության հիշողության ներսում ստեղծված ցավերը ընդունելն ու իրար առողջացնելու ուղղությամբ աշխատելը: Խորհրդարանը պետք է վերականգնի իրավունքները ու պետք է ապրեցնի հիշատակն այն մտավորականների, որոնք աշխատում էին հանուն օսմանյան և հայ ժողովուրդների լուսավորության, ոտքի էին կանգնեցնում կրթական հաստատությունները, գրում էին, արտադրում, մտածում և որոնք սակայն սպանվեցին այս հողի վրա:


1915 թ. ապրիլի 24-ը ողջ աշխարհի կողմից ընդունված է որպես Հայոց ցեղասպանության մեկնարկի օր: Հայոց ցեղասպանությունը եղել է աշխարհի տասնյակ խորհրդարանների քննարկման առարկա, սակայն երբեք չի քննարկվել Թուրքիայի խորհրդարանի ներսում: Մինչդեռ, խորհրդարանը, որտեղ պետք է խոսվի մեծ աղետի մասին, հենց այն երկրի խորհրդարանն է, որտեղ պատահել է աղետը: Այսինքն` Թուրքիայի խորհրդարանը: Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը 104 տարի արդարության վերականգնում է պահանջում: Արդարությունը կարելի է վերականգնել միայն թուրք ժողովրդի խղճի մեջ ու Թուրքիայի խորհրդարանի ներսում: Խորհրդարանը, որ պետք է քննարկի հայ ժողովրդին պատուհասած աղետը, նախ պետք է լինի Թուրքիայի խորհրդարանը: Այս ուղղությամբ պահանջում ենք անցկացնել խորհրդարանական քննություն»,- ասել է Գարո Փայլանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: Հիշատակի օրը, երբ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, Թուրքիայի նախագահը կրկին հերքում էր 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը և անվանում «1915 թ. հայերի տեղահանություն»: «Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանության արդարացում», գրել է Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի», – ավելացրել է Փաշինյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ կխոսի՞ աշխարհը: Միայն վարչապետի միկրոբլոգի գրությամբ հազիվ թե։ Այս հարցով պիտի զբաղվեն ՀՀ բոլոր դեսպանները՝ իրենց աշխատած երկրների կառավարություններին հասցնելով Էրդողանի հայատյաց հայտարարությանն արձագանքելու անհրաժեշտությունը: Եվ կստացվի, որ աշխարհը կբաժանվի 3 մասի՝ մի քանի պետություններ կարող են անկեղծ արձագանքել, մյուս պետությունները կխոսեն կամ կլռեն՝ ելնելով կոնյունկտուրայից՝ Թուրքիայի հետ իրենց ունեցած լավ կամ վատ հարաբերություններից, մյուս պետությունները կթողնեն անարձագանք։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է լռի: Առավելևս, որ Կոստանդնուպոլսի պատրիարքական ընտրությունների հարց կա: Եվ Էրդողանը ամեն ինչ անելու է, որ համայնքը հանձնի լիովին վերահսկվող հայ հոգևորականի։

Դիտվել է՝ 2031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ