Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մամեդյարովը ազդանշաններ է հղում Փաշինյանին

Մամեդյարովը ազդանշաններ է հղում Փաշինյանին
16.05.2019 | 11:24

Բրյուսելում Արևելյան գործընկերության հոբելյանական միջոցառումների շրջանակում մատուցված ընթրիքի սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողք-կողքի հայտնվեցին։ ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ «Կարճ հանդիպում եղավ, կողմերը քննարկեցին շփման գծում ստեղծված իրավիճակը»։

Նա նաև ընդգծել է, որ «խորքային քննարկումներ չեն եղել», բայց նշել է, որ «կողմերի միջև կա մշտական կապ, որի միջոցով ամենօրյա կարգով տեղեկատվություն է փոխանակվում», իսկ «Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել ուղիղ երկխոսությունը»։ Ավելի վաղ ԱԼԳ-ի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակի խոսքով՝ «ձեռքսեղում են փոխանակել, բայց բանակցություններ նախատեսված չեն»։ Իսկ ի՞նչ է նախատեսված։ Նախօրեին Մամեդյարովը հաղորդեց, որ ԱՄՆ-ը իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ցանկություն է հայտնել տեսանելի ապագայում հարթակ տրամադրել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների կազմակերպման համար և «այս պահին այդ հնարավորությունն է քննարկվում»։ Հիմա Մամեդյարովը ճշտում է, որ «մայիսի վերջին տարածաշրջան պիտի գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, օրակարգում է ԱԳ նախարարների հանդիպումը, որը պետք է նախապատրաստել»։

Այսինքն՝ բանակցությունների ամերիկյան հարթակը նախապատրաստում է ոչ միայն բացառապես Վաշինգտոնը, ինչպես պնդում էին Բաքվի շատ լրատվամիջոցներ, այլ, այնուամենայնիվ, Մինսկի խմբի համանախագահները։ Իսկ դա արդեն բոլորովին ուրիշ երգ է իր նրբերանգներով։ Կա ևս մեկ տարօրինակ պահ։ Report-ը հաղորդում է, որ Մամեդյարովը Բրյուսելում հայտարարել է, որ «մենք կարող ենք սկսել ավելի լուրջ, սուբստանտիվ բանակցություններ ճեղքում արձանագրելու համար Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ»։ Բայց ապրիլի 15-ին ՌԴ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո նույն Մամեդյարովն ասում էր, որ «եղել են լայն սուբստանտիվ բանակցություններ»՝ մատնանշելով, որ «քննարկումները ծավալվել են 2016-ին Ռուսաստանի առաջարկած պլանի շուրջ»։ Ստացվում է՝ Բաքուն փոխել է տեսակետը և դադարել է մոսկովյան բանակցությունները «սուբստանտիվ» համարել։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ որոշակի ուղղություններով բանակցային գործընթացը ձախողվել է։ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրյուսելում նաև այլ եզակի խոստովանություններ է արել﮳ «Մենք չպետք է խաբենք ինքներս մեզ, որ չգիտենք՝ ինչի մասին ենք խոսում, ինչ պարամետրերով, ինչ սկզբունքներով։ Բոլորը գիտեն՝ ինչ է կատարվում, ինչպիսին է ծրագիրը, և՝ ոչ միայն երկու երկրներում, այլև՝ համանախագահ երկրների մայրաքաղաքներում։ Միակը, որ մեզ չափազանց անհրաժեշտ է, քաղաքական կամքն է»։ Ստացվում է՝ արդեն կա լուծում, որի իրականացման համար պետք է միայն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների «քաղաքական կամքը»։ Իսկ ի՞նչ է ասում Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք պետք է շարունակենք ձգտել հրադադարի համաձայնագրի հետագա ամրապնդմանը և հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ ռիսկերի նվազման ճանապարհով: Այս տարիներին շատ գաղափարներ են ծագել, չափորոշիչներ, մտքեր ու մոտեցումներ, որ տարբեր արտահայտություններ են ունեցել, բայց դեռ չի եկել պահը, երբ մենք կարող ենք ասել, որ ինչ-որ լուծման ենք հասել, որը կարող ենք համադրել այդ չափորոշիչների հետ և ստանալ այն, ինչ կոչվում է փոխզիջում, որովհետև հաճախ է ծագում հարցը՝ Հայաստանը պե՞տք է զիջումների գնա։ Հայաստանը պե՞տք է խոսի այդ մասին, եթե խոսքը փոխզիջման մասին չէ։ Դա շատ զգայուն հարց է այն իմաստով, որ կա փակ գործընթաց և դա զուտ բանակցային տեխնիկա է, որովհետև այդ գործառնությունները, այդ իրավիճակները ունենում են իրենց կանոնները: Այդ իմաստով՝ ցանկացածը, մասնակցելով բանակցությունների գործընթացին, բնականաբար, հաշվարկում է՝ որքանով կարող է առաջընթաց ապահովել այդ բանակցություններում, առաջընթաց, որ համապատասխանում է մեր ազգային շահերին։ Մենք արձանագրել ենք մոտեցումները, որ մեր կարծիքով արտահայտում են այն, ինչ առաջնահերթ է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, որ վերաբերում է անվտանգությանը, կարգավիճակին, բացառապես խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի պահպանմանը, այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի վճռական ձայնին, ռիսկերի նվազմանը, խաղաղությանը նպաստող մթնոլորտին: Մենք, համենայն դեպս այս տարի, պահպանել ենք այս չափորոշիչները»։ Այսինքն՝ ըստ Մնացականյանի՝ ոչ մի ծրագիր, որի մասին խոսում է Մամեդյարովը, գոյություն չունի։ Սակայն Ադրբեջանի ԱԳ նախարարն ավելի հեռու է գնում՝ բացելով բանակցությունների որոշ մանրամասներ և նշելով կոնկրետ թեմաներ, որ իր խոսքով, բարձրացնում է հայկական կողմը՝ պետականության հարցը (պետք է կարծել՝ Լեռնային Ղարաբաղի) և անվտանգության։

«Ինչ վերաբերում է պետականությանը, կարծում եմ, մենք այդ առիթով բանակցում ենք արդեն 15 տարի։ Եվ 15 տարում իրավիճակը շատ թե քիչ պարզ է, դա արդեն գաղտնիք չէ,-ասում է Մամեդյարովը։-Ինչ վերաբերում է անվտանգությանը, գաղափար կա, որ համանախագահները աշխատելու են այդ ուղղությամբ և համաձայնեցնելու են իրենց գործողությունները հայկական կողմի հետ։ Հայկական կողմի տեսակտեն ինձ մինչև այսօր պարզ չէ՝ կլինեն միջազգային խաղաղապահնե՞ր, ինչպես հաստատվել է Բուդապեշտի, 1994-ի ԵԱՀԿ հայտնի սամիթում, թե՞ կլինեն լրացուցիչ չափորոշիչներ, որ մենք պատրաստ ենք քննարկել։ Բայց եկեք կարճացնենք այս երկար պատմությունը, եկեք սկսենք սուբստանտիվ բանակցություններ, որովհետև այլ դեպքում մենք քննարկելու ենք հանդիպումները կամ որտեղ են այդ հանդիպումները կայանալու՝ վերելակում, թե ուրիշ տեղ, դա երեխայական դիրքորոշում է։ Մենք պետք է նստենք ու բանակցենք այն ամենի մասին, որ իրականում քննարկվել ու արվել է այս ընթացքում: Ես կարծում եմ՝ մեր դիրքորոշումը թափանցիկ է»: Այլ խոսքով՝ Բաքուն առաջարկում է Երևանին բացել խաղաքարտերը գոնե առաջարկվող ծավալներում, որ ընկալվում է իբրև կոնկրետ որոշումների գալ, «գորգի տակից» դուրս գալ: Բայց առայժմ խոսք կարող է լինել միայն դիվանագիտական նախաձեռնությունը խլելու մասին։ Մամեդյարովը Երևանին հստակ ազդանշան է հղում՝ քանի դեռ Ալիևի ու Փաշինյանի ուղիղ երկխոսություն կա, Ղարաբաղում նոր պատերազմ չի լինի, բայց … Բայց Փաշինյանը պետք է ավելի բաց գործի ու ակտիվանա բանակցային նախկին ձևաչափում՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Կան և այլ հանգամանքներ: Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր (իշխող «Ենի Ազերբայջանից») Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ «աշխարհաքաղաքականությունը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի վերջին տրանֆորմացիաները ղարաբաղյան կարգավորմանը թելադրում են ավելի կայուն փուլ», քանի որ «հստակ ուրվագծվում է տվյալ տարածաշրջանի ներգրավումը մեր երկրներին հարևան Իրանի անկայունության ուղեծիր»։ Նրա խոսքով՝ «դա թույլ կտար խուսափել մեր տարածաշրջանին մոտեցող ընդարձակ ճգնաժամի ձագարափոսը հնարավոր ներքաշվելուց»։ Իսկ «հայերն ու ադրբեջանցիները վաղուց պիտի սկսեին անհանգստանալ իրենց սեփական անվտանգության, խաղաղության ու բարեկեցության մասին»։
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ﮳Գ﮳ Միով բանիվ՝ Վաշինգտոնը ճիշտ է անում, որ ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը ձգում է: Ակնհայտ է, որ Մամեդյարովը պնդելու է իր «թափանցիկ սուբստանտիվը», Մնացականյանը՝ համենայն դեպս պահպանելու է «այս տարվա չափորոշիչները»։ Իսկ Թրամփը գնում է 2020-ի ընտրությունների ու արտաքին քաղաքականության մեջ ունի Հյուսիսային Կորեա, Վենեսուելա, Չինաստան, Իրան, Ռուսաստան﮳﮳﮳ Լեռնային Ղարաբաղի ժամանակը չէ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ