ReAnimania 2019
 

Գոլունովն ազատ է, Ռուսաստանը՝ ոչ

Գոլունովն ազատ է, Ռուսաստանը՝ ոչ
14.06.2019 | 19:22

Ռուս լրագրող Գոլունովի ազատ արձակումը ուրախացնող եզակի դեպք է, բայց ճեղքում չէ դեպի սահմանադրականություն՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitung-ում: Գոլունովի գործն ամենասկզբից հավաստիության կասկածներ էր հարուցում: Բայց Ռուսաստանում, որպես օրենք, դա պատճառ չէ քաղաքական շահերի համար օգտագործվող քրեական արդարադատությանը հակառակվելու։ Անցյալ տասնամյակներում ֆինանսական մագնատ Միխայիկ Խոդորկովսկու գործը ցույց տվեց, որ պետական վերնախավի անհրաժեշտ կամքի դեպքում մեղադրական եզրակացության համար բավական է անգամ ամենաանհեթեթ մեղադրանքը: Արդարադատության կամայականությունները ցուցադրող օրինակ էր տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը: Նա ներքաղաքական ինտրիգների զոհ դարձավ: Կամ՝ բազմաթիվ խախտումներով ընթացող գործը հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի ու ամերիկացի ներդրող Մայքլ Կալվիի դեմ: Նրա դեմ կոպիտ գործողությունները վիթխարի վնաս հասցրին Ռուսաստանի հեղինակությանը, բայց իշխանությունը վերջ չի դնում ողբերգությանը: Չափազանց ազդեցիկ խմբեր են խաղի մեջ, որ ունեն իրենց շահը՝ իրավապահներին իրենց խանգարող հակառակորդների դեմ լարելու: Գոլունովի ազատ արձակումը այս առումով թվում է եզակի երջանիկ դեպք, ոչ թե ճեղքում սահմանադրականության ուղղությամբ: Այս դրվագը առեղծվածայնորեն վկայում է, որ քրեական արդարադատությունը ամբողջությամբ քաղաքականության ենթական է: Ոչ թե դատավորն օգնեց Գոլունովին իր իրավունքներն ապացուցելու, այլ անձամբ Պուտինը՝ գլխավոր հաշտարար դատավորը այս ավտորիտար պետության մեջ, նրա ազատ արձակման ազդանշանը տվեց: Ի՞նչը դրդեց Կրեմլին այս անգամ ոստիկանությանը նահանջի հրաման տալ: Անկասկած, կարևոր դեր խաղաց ռուսական ԶԼՄ-ների հզոր արձագանքը, նրանց համերաշխությունը Գոլունովի հետ հասել էր անգամ պետականամերձ խմբագրություններ: Կա ևս մի գործոն՝ Գոլունովը իր հետաքննություններով տակնուվրա էր արել մոսկովյան հուղարկավորման բիզնեսի մրջնաբույնը, որ Կրեմլի համար փոքր թիրախ է: Պետության ղեկավարությունը գերադասեց դադարեցնել լոկալ չինովնիկների վրեժի ակցիան հասարակական դժգոհության վնասները կրելուց: Գոլունովի համար դա իրադարձությունների երջանիկ ընթացք էր, երկրի համար հազիվ թե փոփոխություն լինի: Ռուսաստանի բռնաճնշումային ապարատը շարունակում է աշխատել և արդեն չորեքշաբթի գործեց հարյուրավոր քաղաքացիների դեմ, որ որոշել էին օգտագործել հավաքների ազատության իրենց իրավունքը:
Անդրեաս Ռյուշ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Իվան Գոլունովի ազատության բողոքի ակցիաները համընկան Ռուսաստանի ազգային տոնի հետ և այդ օրը հատկապես համոզիչ էին հնչում Պուտինին ու Մեդվեդևին ուղղված շնորհավորանքները առ այն, թե Ռուսաստանը որքան ժողովրդավար երկիր է ու ինչ մեծ հեղինակություն ունի աշխարհում ու ինչ հեղինակություն ունեն իրենք: Ռուսները, այնուամենայնիվ, տանուլ տվեցին Ղազախստանին ձերբակալվածների թվով ու թափով՝ համարյա զուգահեռ Աստանայում ու Նուրսուլթանում բերման ենթարկվածներն ավելի շատ ու ազատ արձակվածներն ավելի քիչ էին: Ղազախներն էլ էին օգտվում հավաքների ազատության իրենց իրավունքից ու բողոքում էին արտահերթ նախագահական ընտրություններից: Եվրասիական տարածքում որևէ բողոք քրեական կատեգորիա է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao