«Ամեն օր փորձում ենք օրենքներ փոխել, որոնք ստեղծվել են մի խումբ մարդկանց շահերը սպասարկելու համար»

«Ամեն օր փորձում ենք օրենքներ փոխել, որոնք ստեղծվել են մի խումբ մարդկանց շահերը սպասարկելու համար»
21.06.2019 | 00:38

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ («Իմ քայլը» խմբակցության անդամ)

-Պատկերացրեք, որ Դուք օտարերկրյա ներդրող եք, Ձեր գումարները Հայաստանում կներդնե՞ք։
-Միանշանակ։
-Հայաստանում ռիսկեր չկա՞ն։
-Ցանկացած բիզնես-նախագիծ իր մեջ ռիսկեր է պարունակում։ Հարցն այն է, թե ինչ ռիսկեր են ու որքան մեծ։
-Հայաստանում ի՞նչ ռիսկեր կան։
-Այն բոլոր ռիսկերը, որոնք կան հետխորհրդային բոլոր երկրներում։ Մյուս կողմից, ունենք չավարտված պատերազմ, որն ամենամեծ ռիսկն է ներդրողի համար։
-Չավարտված պատերազմական վիճակում էինք նաև նախորդ իշխանությունների ժամանակ, բայց ներդրումներ լինում էին, իսկ այս մեկ տարվա ընթացքում դրանք էականորեն կրճատվել են, ինչու՞։
-Գուցե պետք է ուսումնասիրել, թե ինչ ներդրումներ են եղել նախորդ տարիներին և ինչ որակի։ Մեծ հաշվով, այդ ներդրումների հետևում կանգնած մարդիկ ովքե՞ր են եղել։
-Ի՞նչ ասել է՝ ովքեր են կանգնած ներդրումների հետևում։
-Այդ ներդրումները պայմանավորված են եղել անձանցով, որոնք նախկին իշխանություններ հետ սերտ կապեր, հարաբերություններ են ունեցել։
-Բայց արդյունքն է կարևոր, քո երկիր գումար է եկել, ի՞նչ կարևոր է, թե ում հետ ինչ հարաբերություն են ունեցել։ Սա բացասակա՞ն բան է։
-Ես բացասական չեմ համարում, ես արդյունքի մասին եմ խոսում։
-Այսօրվա իշխանությունները բարեկամներ, ծանոթներ չունե՞ն, որ համոզեն ներդրումներ անել։
-ՈՒնեն։
-ՈՒրեմն ինչու՞ ներդրում չեն անում։
-Մենք փորձում ենք արմատապես փոխել տնտեսության կառուցվածքը, ապահովել ներառական տնտեսություն։
-Եթե արմատական փոփոխություններ եք անում, ինչու՞ է տնտեսությունը իներցիայով առաջ գնում։
-Դա Ձեր գնահատականն է։
-Ամենևին, ձեր իշխանության ներկայացուցիչներն են հայտարարել, որ իներցիոն է տնտեսությունը։
-Տնտեսության մեջ առկա են իներցիոն երևույթներ, բայց տնտեսությունը նախկին իներցիայով չի զարգանում։ Կան ոլորտներ, որտեղ, այո, իներցիան շարունակվում է։ Որոշ հանգամանքներով պայմանավորված` կա դանդաղկոտություն, բայց տնտեսությունը նախկին տրամաբանությամբ առաջ չի շարժվում։
-Ի՞նչ տրամաբանությամբ է հիմա առաջ շարժվում։
-Առաջ է շարժվում է ՀՀ կառավարության ծրագրով, որն ԱԺ-ն ընդունեց։
-Օրինակ, Ձեզ համար ո՞րն է այսօրվա տնտեսական քաղաքականության տեսլականը։
-Ապահովել տնտեսական աճի ներառականությունը։
-Նույն նպատակն էին հետապնդում նաև նախորդները, իսկ ու՞ր մնացին հեղափոխական տնտեսությունը, հեղափոխական տեմպերը, տնտեսական բումերը։
-Եթե ուսումնասիրեք մեր տնտեսության միտումները (այլ հարց է արագությունը և տեմպը), գոնե ՀՆԱ-ի աճի ցուցանիշը ցույց է տալիս, որ կառավարությունը որդեգրել է ճիշտ քաղաքականություն։ ԵԱՏՄ անդամ երկրների մեջ մենք ունենք ՀՆԱ-ի ամենամեծ աճը, այսինքն, միտումները ճիշտ են։ Այլ հարց է բարեփոխումների դանդաղկոտությունը, որի մասին մենք ևս բարձրաձայնում ենք։ Ամեն ինչը չէ, որ մեզ բավարարում է տնտեսությունում, բայց այդ ուղղություններով քայլեր են կատարվում։
-Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարում էր, թե ներդրումներին խանգարում են ՀՀԿ-ն, հետո` ընտրությունները, ավելի ուշ` դատական իշխանությունը։ Ո՞րն է լինելու հաջորդ խանգարող հանգամանքը։
-Փորձում եք կոնտեքստից կտրել մտքեր։ Մեր երկրում 30 տարի ապրել ենք տնտեսական այլ մոդելով, որտեղ կարևոր են եղել բարեկամությունը, խնամի լինելը կամ` որքան ես պատրաստ մասնակցելու այդ սխեմաներին։ Ամեն օր փորձում ենք օրենքներ փոխել, որոնք ստեղծվել են մի խումբ մարդկանց շահերը սպասարկելու համար։ ԱԺ-ն ձևավորվել է ընդամենը 5 ամիս, և ուզում եք այդ 30 տարվա կուտակված հազարավոր խնդիրները 5 ամսում լուծե՞նք։ Խորքային գործընթացներ են գնում, հող է պատրաստվում ներառական տնտեսություն ունենալու համար։ Մենք խոսում ենք արտաքին ներդրումներից, բայց մեզ համար կարևոր է նաև ներքին ներդրողին խրախուսելը, որովհետև բանկերում ունենք շուրջ 6 մլրդ դոլարը գերազանցող ավանդներ, որոնք կարող են լուրջ խթան լինել տնտեսության զարգացման համար։
-Դուք հասարակությանը մեծ խոստումներ եք տվել, և այսօր դա չտեսնելով, մարդիկ հիասթափվում են։ Տարբեր սոցհարցումներով` Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում։
-Մեր խնդիրն ամեն գնով վարկանիշը պահելը չէ։ Հավատացեք, որ կան շատ պոպուլիստական գործիքներ, որոնք եթե կիրառենք, վարկանիշը միշտ բարձր մակարդակի վրա կլինի։ Բայց դա մեզ համար գերնպատակ չէ։ Մեզ անընդհատ մեղադրում են, թե ինչու ենք նախորդ իշխանություններին հաճախ անդրադառնում, բայց նրանց հակաքարոզչությունն ու մեդիա գործիքներն են ստիպում մեզ խոսել նրանց մասին։ Եթե 30 տարի տնտեսությունը կառուցվել է այլ տրամաբանության մեջ, և հիմա փոխվում է դա, պետք է սխալներին ևս անդրադառնալ։
-Դուք որպես գործարար կայացել եք նախորդ իշխանությունների տարիներին, եթե ամեն ինչ շատ վատ էր, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց բիզնես պահել ու կայացնել։
-Այնքան էր վատ ամեն ինչ, որ իմ ընկերը սպանվեց Սյունիքի մարզպետի տան բակում։ ՀՀ բարձրագույն սպան, գնդապետը սպանվեց մարզպետի տան բակում` տեսախցիկների առաջ։ Այն ընկերությունը, որի սեփականատերը ես էի, Հայաստանի հարավում պահպանված միակ մեքենաշինական գործարանն էր, մյուսները թալանվել ու վաճառվել էին։ Մեր ընտանիքին հաջողվեց պահել։
-Ինչպե՞ս։
-Մեծ ջանքերի գնով, հորս առողջության գնով, նա ապրեց 53 տարի, ողջ կյանքը նվիրեց ձեռնարկությունը պահելուն։ Որևէ անգամ մենք պետական գնումների չենք մասնակցել, պատվիրատուները հիմնականում արտերկրից էին, մինչև 2014-ը, երբ Մաքսիմ Հակոբյանը մեր ձեռնարկությանն օգնեց ու պատվերներ տվեց։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao