Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անպետք և պառավական առասպելներից հեռացի՛ր. և վարժիր քեզ աստվածպաշտության մեջ

Անպետք և պառավական առասպելներից հեռացի՛ր. և վարժիր քեզ աստվածպաշտության մեջ
02.07.2019 | 00:02

Տիրոջ առաքյալը պատվիրում է հեռու մնալ «պառավական առասպելներից», այսինքն սխալ ուսմունքից, սին և ունայն խոսքերից և համոզումներից, ինչից, որպես կանոն, բուսնում են զանազան մոլորություններ, բազմաթիվ սնահավատություններ ու սնապաշտական սովորույթներ:


Սնահավատությունը սին, անիմաստ, զուր հավատք է: Այն է` հավատալ տարբեր երևույթների ու «նշանների», որոնց պատճառներն ու հետևանքները իրար հետ ոչ մի կապ չունեն:
Սնահավատությունը հակադրվում է ճշմարիտ հավատքին և, ըստ էության, հեթանոսական անցյալի վերապրուկն է, որովհետև վախից և անգիտությունից է առաջանում: Ավելի շուտ այն կապ ունի խավարի ուժերի հետ: Սուրբ Գրքից մենք գիտենք, որ նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը, պիտի հավատան ստին: Իսկ սնահավատությունը ինչ է, եթե ոչ` հավատալ ստին, անիրական բաներին, և այն իհարկե ներշնչված է ստության հայր սատանայից, որն այս կերպ շեղելով ճշմարիտ հավատքի կյանքից, սնահավատներին պահում է իր դիվային շղթաների մեջ, իսկ հետո գցում հուսահատության, կործանման գուբը:


Այնպես որ, ճշմարիտ հավատքից զուրկ մարդն ընկնում է սնահավատության մեջ: «Առանց հավատքի անհնար է հաճելի լինել Աստծուն»,- ասում է մեզ սուրբ առաքյալը (Եբր.11; 6): Հավատն առ Աստված առաջին և հիմնավոր պայմանն է մարդկային հոգու փրկության: Մեր հոգին, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելով, մշտապես տենչում է Աստծուն, փնտրում է Նրան և միայն Նրա մեջ է գտնում հանգիստ և բավականություն:
Նկատելի են եկեղեցի հաճախող մարդկանց մեջ տարածված սնապաշտական սովորություններ, օրինակ` «ուրիշի վառած մոմից մոմ չվառել», «կենտ կամ զույգ մոմեր վառել», «եթե մոմը հանգավ` վատ նշան է». այս և նման այլ սին և փուչ ու անիմաստ հավատալիքներ հիմնված են վախի վրա և ոչ թե Ամենակարող Աստծո Նախախնամության հանդեպ ճշմարիտ հավատքի: Մոմավառության գեղեցիկ բարեպաշտական սովորությունը վերածում են ինչ-որ մոգական երևույթի, իբր վառած մոմերի քանակից կամ ձևից են կախված մեր դժբախտություններն ու հաջողությունները: Այնինչ վառած մոմը քրիստոնյայի հավատքի ու սիրո խորհրդանիշն է` փոքրիկ և համեստ զոհողություն, որը մեր աղոթքների ճանապարհն է բացում դեպի երկինք:
Տարիներ շարունակ, նախանձելի ստուգությամբ պահպանվող ժողովրդական ևս մի սնահավատ «ավանդույթ»` չամուսնանալ, հարսանիք չանել մայիս ամսին, հաշվի չի առնում, որ մայիսն է ամենաուրախ տոների` հաղթանակների ամիսը: Իսկ Մեծ Պահքի ապաշխարության քառասնօրյա շրջանում Պսակի խորհուրդը չկատարելու եկեղեցական կանոնի նկատմամբ շատերը մնում են խուլ:


Մեր չքնաղ, դարախորհուրդ, հին վանքերի կամ մատուռների տարածքում հաճախ տեսնում ենք թաշկինակներով զարդարված ծառեր: «Երջանկություն» կամ «հաջողություն» գտնելու համար բախտագուշակներին ու գրբացներին դիմող, սակայն խաբված ու մոլորված մարդկանց ու մանավանդ երիտասարդների համար պատրաստված մի ծուղակ է, ինքնախաբեություն, որովհետև այս «հրաշագործ» ծառերը դեռ ոչ մեկին առողջություն կամ բախտավորություն չեն պարգևել: Զարմանում ես, թե ինչպես ինքնախաբեությամբ տարված թշվառները կառչած են մնում իրենց սին ու անիմաստ սովորույթներին, ոչ մի օգուտ չունեցող բաներին` «դռան շեմի վրայից չբարևել», «սև կատուն ճանապարհդ կտրեց` սպասիր փորձանքի». չգիտես ինչ մեղք ունի այս խեղճ կենդանին, որ սև է ծնվել: Փուչ և սին հավատալիքները անթիվ ու անհամար են, մոլախոտի նման ծլում ու տարածվում են` տեղ գտնելով մարդկանց սրտերում, որտեղ ճշմարիտ հավատքի սերմերը ընկան «ապառաժի» վրա և արմատ չտվեցին: Աստծո սուրբ երկյուղը թողնելով` երկյուղում են սին և դատարկ բաներից, վախենում են այնտեղ, ուր վախ չկա. «որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին» (Հռոմ. 1;21):


Մարդիկ կան, որոնք մեծ մեղք են համարում խախտել այդ սին և անիմաստ սովորություններից մեկը, բայց Աստծո պատվիրաններն անտեսելը մեղք չեն համարում:
«Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի այլ աստվածներ թող չլինեն քեզ համար»,- հնչում է առաջին պատվիրանը: Սնահավատությունը այս պատվիրանի խախտումն է: Որովհետև սնահավատության էությունը կայանում է նրանում, որ սնահավատը Աստծուն վերաբերողը վերագրում է արարածներին և, փոխանակ վստահի Աստծուն, ապավինում է արարածներին, երևույթներին կամ նշաններին:


Որտեղ էլ լինենք, ինչ էլ անենք, պիտի ասենք. «Իմ Տերը ինձ հետ է, Նա ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի և կանի այն, ինչ Նրան հաճելի է. թող լինի Նրա սուրբ կամքը»:
Որպես եզրակացություն` ասենք, որ Եկեղեցին բոլոր ժամանակներում դատապարտել է սնապաշտությունը, իսկ հոգևորականը պարտավոր է պայքարել այդ երևույթի դեմ, որովհետև այն կործանարար չարիք է հոգու համար, որը պետք է ամեն կերպ արմատախիլ անել:


Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ