Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայաստանում ջրային ռեսուրսներն արդյունավետ, նպատակային չեն կառավարվում, մինչդեռ Հայաստանը ջրային ռեսուրսներով ապահովված երկիր է»

«Հայաստանում ջրային ռեսուրսներն արդյունավետ, նպատակային չեն կառավարվում, մինչդեռ Հայաստանը ջրային ռեսուրսներով ապահովված երկիր է»
26.07.2019 | 00:48

Չնայած հայրենի կառավարությունը հանրությանը վստահեցնում է, թե Սևանա լիճն այլևս վտանգված չէ, կարող են մարդիկ այնտեղ հանգստանալ, իսկ ջրիմուռները իջել են լճի հատակը, սակայն այս ամենն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պնդում է, որ եթե շարունակենք այսօրվա տեմպերով, Սևանա լիճն այսուհետ միշտ կանաչելու է։ Լճի խնդրիրների շուրջ զրուցում ենք գիտնականի հետ։

-Ի՞նչ է կատարվում Սևանա լճի հետ։ Ակնհայտ է, որ լճի կանաչումը մի քանի տարվա խնդիրների հետևանք չէ։
-Սևանն այսուհետ միշտ կանաչելու է։ Եթե մենք լուրջ քայլեր չկատարենք, չենք ունենա նախկին Սևանը, որ իսկական ջրամբար, լիճ էր՝ բացառիկ քաղցրահամ ջրով։ 1940-ականների վերջերին մշակվեց լճի ջրային ռեսուրսների հաշվին գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, էժան էլեկտրաէներգիա ստանալու ծրագիր, որն ինչ-որ առումով իր նպատակին ծառայեց։ Խորհրդային տարիներին մենք ունեցանք զարգացած քիմիական, էլեկտրատեխնիկական, լեռնային արդյունաբերություն Սևանի շնորհիվ։ Հետագայում ղեկավարությունը հասկացավ, որ ջրառի, էներգիայի ստացման նպատակով ջրային ռեսուրսների նման շահագործումը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Այդ տարիների իշխանությունը շատ ճիշտ քայլ կատարեց, կառուցեց Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատարները։ Կարելի է վստահ ասել, որ սա հազվագյուտ կառույց է, աշխարհի զարգացած շատ երկրներ կերազեն այսպիսի կառույց ունենալ, որի համար միլիարդավոր գումարներ են հարկավոր։ Արփա-Սևանի նպատակը լճի հոգսը թեթևացնելն էր, ջրի մակարդակը բարձրացնելը և թույլ չտալ, որ ջրի մակարդակն իջնի։ Սրան զուգահեռ սկսեցին կառուցել ջրամբարներ, ջրհան կայաններ՝ օգտագործելով արտեզյան ավազանների ջրային պաշարները։ Կառուցվեց նաև ատոմակայանը, որը խթանում էր նաև ջրհան կայանների կառուցմանը։ Անկախության տարիներին մենք մեծ կորուստներ ունեցանք, Սևանից սկսեցին հսկայական քանակությամբ ջուր բաց թողնել ոչ միայն գյուղատնտեսության, այլև էներգիա ստանալու նպատակով։ Փակվեց ատոմակայանը, որը մեծ բեռ դարձավ մեզ համար, ինչը հանգեցրեց նաև լճի ջրային ռեսուրսների ինտենսիվ շահագործման՝ առանց լրացուցիչ ջուր ուղղորդելու այնտեղ։ Այսինքն, Արփա-Սևան ջրատարը, որ Սևանին տարեկան պետք է տար նվազագույնը 250-280 մլն խմ ջուր, իսկ լրացուցիչ կառուցված Որոտան-Արփան էլ՝ 160-200 մլն խմ, անկախության տարիներին առավելագույնը այդ ջրի քանակը կազմում էր 120-140 մլն խմ։ Ասել է՝ շատ չնչին ջրամատակարարում էր իրականացվում, իսկ այն քանակի ջուրը, որ պետք է մղվեր Սևան, լցվում էր Արփա գետը, գնում Արաքս՝ մեծացնելով Ադրբեջանի ջրային պաշարները։
-Գրեթե 30 տարի մենք հարստացնում ենք թշնամուն՝ կորցնելով Սևանա լիճը։ Այս իրավիճակում, երբ լիճն է արդեն բողոքում մեր անխնա վերաբերմունքից, ապաշնորհ կառավարումից, ո՞րն է ելքը։
-Սևանի հարցով այս տարիներին բազմաթիվ քննարկումներ են եղել և ԱԺ-ում, և կառավարությունում։ Ինքս մասնակցել եմ դրանց և այդ հարցը թե ներկա, թե նախկին իշխանություններին, ոլորտի պատասխանատու նախարարներին ուղղել եմ։ Երբ այսօր խոսում են այն միջոցառումների մասին, որ պետք է իրականացվեն լիճը փրկելու համար, իհարկե, դրանք պետք են, բայց դրանք բավարար չեն։ Քննարկումներից մեկի ժամանակ հարց ուղղեցի այսօրվա նախարարին, թե լճի խնդիրները շատ են, բայց ո՞րն է գերխնդիրը, ցավալի է, որ ոչ մի հստակ պատասխան չստացա։ Առաջնայինը այսօր Սևանա լճի մակարդակի բարձրացումն է, լիճը պետք է բերել նախնական ծավալներին։ Սևանն այսօր հիվանդ է, կորցրել է իր իմունիտետը, լճի այսօրվա ջրային պաշարները թույլ չեն տալիս ինքնամաքրվել՝ հաշվի առնելով կեղտաջրերի այն մեծ քանակը, որոնք տարբեր ճանապարհներով լցվում են այնտեղ; Որքան էլ այսօր ցանկանանք նվազեցնել արտաքին ազդեցությունը, միևնույն է, Սևանը կանաչելու է, քանի որ կորցրել է իր դիմադրողականությունը, ինքնամաքրվելու հնարավորությունը։
-Այս պահին պաշտոնյաները հայտարարում են, թե խնդիրներ չկան, ջրիմուռները իջել են ջրի հատակը, կարող եք հանգստանալ ու լողալ ջրում։
-Չեմ ցանկանում որևէ մեկի ասածը մեկնաբանել, բայց այդ հայտարարություններն առնվազն հավատ չեն ներշնչում։ Վերջին տասնամյակներին մշտապես հայտարարել են, թե լճի վիճակը ծանր է, բայց ոչ աղետալի։ Իրականում այդպես չէ, եթե նրանց ասածով լիներ, Սևանը չէր մամռակալի, իսկ այսօր լճում ճահճակալման նշաններ կան։ Քննարկումների ժամանակ հաճախ տեսակետ է հնչում, թե Սևանում թռչող կենդանատեսակները շատացել են։ Բայց մոռանում են մի շատ էական հանգամանք, որքան Սևանը մաքուր լինի, այնքան քիչ կենդանատեսակներ կգան, ճահճում են բազմատեսակ կենդանիներ լինում, մաքուր ջրում հազվագյուտ կենդանիներ և թռչուններ են լինում։
-Փոխարենը մենք կորցրել ենք մեր ձկնատեսակները, սա ինչի՞ հետևանք է։
-Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրեց նաև դարավոր ձկնատեսակների վերացմանը։ Նախկին և ներկա վարչապետերին դիմել ենք նամակով, որ անհրաժեշտ է օր առաջ ջրի մակարդակը բարձրացնել։ Նախարարից պատասխան ենք ստացել, որ դա խնդրահարույց հարց է, որը կապված է ենթակառույցների հետ։ Անշուշտ, այդ խնդիրը կա, սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որ Սևանը նախկին մակարդակին հասցնելը շատ ավելի թանկ արժեք ունի մեզ համար, քան այն, ինչ մասին այսօր պաշտոնյաներն են խոսում։ Սևանի ափին կառուցված քոթեջները, հյուրատները, տարբեր կառույցներն ավելի նվազ արժեք ունեն մեր պետության համար, քան ջրի այն ծախսերը, որ մենք կունենանք մակարդակը բարձրացնելուց հետո։
-Ասել է՝ իշխանությունները խուսափում են գնալուց ջրի մակարդակի ամբողջական բարձրացման այն պարզ պատճառով, որ որոշ մեծահարուստների բիզնեսները կարող են ջրի տա՞կ հայտնվել։
-Այո, հիմնական խնդիրը դա է։ Այսօր պետք է հասկանալ, թե երկիրն ինչ շահույթ կստանա, երբ մենք ջրի մակարդակը բարձրացնենք։ Եթե Արփա-Սևանը ճիշտ օգտագործենք, նախատեսված քանակով ջուր կարող ենք մատակարարել։ Այսօր նախատեսել են Սևանը բարձրացնել մինչև 1905 մ, այնինչ դա ոչ մի բան Սևանին չի տա։
-Իսկ որքա՞ն է հարկավոր։
-2016 մետր։ Մենք հաշվարկներ ենք կատարել և եթե ամեն տարի 700 հազարից մինչև 1 մլրդ խմ ջուր մղենք Սևան, 20 տարում Սևանի մակարդակը կբերենք նախկին մակարդակին։
-Եվ կլուծվե՞ն հարցերը, որոնք այսօր առկա են՝ կանաչել, ճահճանալ, նաև ձկնատեսակների վերականգնում, ափամերձ տարածքների մաքրում և այլն։
-Եթե ջրի մակարդակը բարձրանա բնականոն ճանապարհով, այդ բոլոր խնդիրները կլուծվեն։ ՈՒզում եք այսօր Սևանի ավազանից բնակչությանը ամբողջովին տարհանենք, ծառայությունները վերացնենք, միևնույն է, Սևանը կանաչելու է։ Երբ օրգանիզմը կորցնում է իմունիտետը, հիվանդությունները շատանում ու գլուխ են բարձրացնում, իսկ երբ կա իմունիտետ, հիվանդությունների դեմ պայքարելը հեշտ է լինում։ Երբ ջուրը նախկին մակարդակին հասնի, ինքնաբերաբար մաքրումը տեղի կունենա։ Բացի այս ամենից ջրի մակարդակի բարձրացումը մեծ նշանակություն ունի մեր հետագա սերունդների համար, մենք այսօր դեռ չենք զգում, բայց վաղվա սերունդները մեզ չեն ների Սևանն այս օրի հասցնելու համար։ Իսկ մենք բոլոր հնարավորություններն ունենք Սևանը փրկելու, եթե ճիշտ օգտագործենք Արփա-Սևանը։ Տարեկան 1 մլրդ խմ ջուր մենք տանում, լցնում ենք Արաքսը։ Էներգիա խնայելու նպատակով բոլոր ջրհան կայանները վերացրին։ Մինչդեռ տասնյակ երկրներ միլիոն կիլովատ էներգիա են ծախսում միայն այն բանի համար, որ ջուրն իր նպատակին ծառայեցնեն։ Այսօր ջուրն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Նույնը կարող ենք ասել նաև Արցախի համար։ Հայաստանը ջրային ռեսուրսներով ինքնաբավ երկիր է։ Եթե բնակչությանը, գյուղատնտեսությանը ջրով ապահովելու համար ներկայումս խնդիրներ ունենք, դա միայն ջրային ռեսուրսների վատ կառավարման հետևանք է։ Սևանի խնդիրի լուծումը կապված է դրա հետ, մենք ճիշտ չենք կառավարում մեր ջրային ռեսուրսները։ Հայաստանում ջրային ռեսուրսներն արդյունավետ, նպատակային չեն կառավարվում, մինչդեռ Հայաստանը ջրային ռեսուրսներով ապահովված երկիր է։
-Ճիշտ կառավարման պարագայում հնարավո՞ր է առանց Սևանից ամեն տարի իրականացվող ջրառի լուծել Արարատյան դաշտի այգիների ոռոգման խնդիրը։
-Անպատճառ։ Երկրորդեմ. այսօր 1 մլրդ խմ ջուր մենք հենց այնպես լցնում ենք Արաքս գետը։ Ո՞վ է տեսել, այն էլ Հայաստանի նման երկում, արտեզյան ավազանի քաղցրահամ ջրերով ձկնատեսակներ բուծեն։ Սա ուղղակի հանցագործություն է։ Մեկը հաշվարկե՞լ է, թե մեզ ինչ են տալիս այդ ձկնաբուծարանները, բացի նրանից, որ այդքան ջուր մենք թափում ենք Արաքս գետը։ Այն էլ այդպիսի ջուրը՝ մաքուր, քաղցրահամ, բարձր որակի։ Ձկնաբուծարաններն արտեզյան ավազանն աղետալի վիճակի են հասցրել։ Պետք է կրկին հստակ արձանագրենք, որ Սևանա լճի խնդրի լուծումը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման մեջ է։ Այսօր մարդիկ ցանկանում են օգնել Սևանին, պետք է իրականացնել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Պատկերացրեք, կառուցել են Որոտան-Արփա 21 կմ ջրատարը, որի համար միլիարդների հասնող գումարներ են ներդրվել, բայց այսօր այնտեղով 1 լ ջուր չի հոսում։
-Ո՞րն է դրա պատճառը։
-Կա միայն մեկ պատճառ. այնտեղ աշխատում են հէկեր, որոնք էներգիա են արտադրում, ինչն ավելի թանկ են համարում, քան այն 160-200 մլն խմ ջուրը, որ տարեկան պետք է ուղղենք Սևան։ Այնինչ, կարծում եմ, այդ ջրի արժեքը տասնապատիկ մեծ է, քան էներգիայի այն արժեքը, որն այդ հէկերից ենք ստանում։ Ավելին, սրա պատճառով է նաև, որ մենք այդքան ջուր հենց այնպես տալիս ենք մեր թշնամուն։ Սրա մասին պետք է մտածել, ջրային ռեսուրսների կառավարումն այսօր հրատապ խնդիր է։
-Ասացիք, որ անկախության բոլոր տարիներին ջրային ռեսուրսները ճիշտ չեն կառավարվել։ Սա ի՞նչի հետևանք է, մարդիկ փորձել են հարստանալ ազգային հարստությունը մսխելու, ոչնչացնելու ճանապարհո՞վ։
-Մարդիկ գնացել են ավելի հեշտ ճանապարհով։ Այսինքն, ավելի հեշտ է Սևանից ջուր թողնել ու էներգիա ստանալ ու այդքան ջուր էլ թողնել, որ լցվի Արաքս։ Մինչդեռ հակառակը պետք է լիներ, էներգիան պետք է օգտագործվեր ջրային ռեսուրսները կառավարելու համար, դրա համար ջրհան կայաններ կառուցվեցին, որոնցից շատերը հետագայում ապամոնտաժվեցին՝ համարելով, որ դա թանկ է նստում պետության վրա։ Ի՞նչ է նշանակում թանկ է։ Տեսեք այլ երկրներում ինչպես են ջրային ռեսուրսները կառավարում, իսկ մենք այս վիճակում ենք, քանի որ չենք կարողանում արդյունավետ կառավարել այս ոլորտը։ Ես և նախկինում, և այսօր բարձրացրել եմ այն հարցը, որ գյուղատնտեսությանը վճարովի ջուր հատկացնելը չի արդարացնում իրեն։ Այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան։ 1 դրամով ՋՕՄ-երը վերցնում են ջուրը և 11 դրամով վաճառում գյուղացուն։ Ո՞վ է տեսել, որ գյուղի, համայնքի ղեկավարը չզբաղվի ջրային խնդիրներով, դրանով ՋՕՄ-երն են զբաղվում, այսպիսի բան չկա։ Գյուղապետի խնդիրը ո՞րն է, եթե ոչ համայնքում գյուղատնտեսության զարգացումը և գյուղացուն ջրով ապահովելը։ ՋՕՄ-երը պարզապես կոռուպցիայի բույն են։ Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա։ Այսօր չեմ տեսնում ջրի ոլորտում իրատեսական կառավարում, այն, ինչ կա, ընդամենն իրավիճակային, ժամանակավրեպ լուծումներ են։ Սա հարցերի լուծում չէ։ Այն, ինչ այսօր բնապահպաններն ասում են, թե Սևանի շուրջը պետք է կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել, ափամերձ տարածքները մաքրել շինություններից, ընդամենը ժամանակավոր լուծումներ են, դրանք բավարար չեն Սևանը ճահճացումից փրկելու համար։
-Ո՞րն է պատճառը, որ մասնագետների բարձրաձայնած խնդիրների հետ տարիներ շարունակ, այսօր էլ կառավարությունները հաշվի չեն նստում։
-Ցանկացած կառավարություն հարցերը լուծում է գալիք 1-2 տարվա համար, նրանք չեն տեսնում ապագան՝ գալիք 20-30 տարին։ Խորհրդային տարիներին, երբ հարցեր էին լուծվում, օրինակ, արդյունաբերություն էին զարգացնում, չէին մտածում, որ դա կլինի 1-2 տարվա համար։ Արփա-Սևանը կառուցելու համար 1-2 տարվա խնդիր չէին լուծում, այլ դարերի, որ Սևանի մակարդակը պահպանեն։ Եվ նախկին և այսօրվա իշխանությունները չեն մտածում հեռանկարային այնպիսի ծրագրերի մասին, որոնց հիմքն այսօր կդրվի։ Սա է ողջ խնդիրը, չկա պետական մտածողություն։ Մտածում են այսպես. այսօր գյուղատնտեսությունը ջրի պակաս ունի, եկեք, Սևանից 30-40 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողենք, հո այգիները չե՞ն չորանա։ Իհարկե, չպետք է չորանան, բայց չպետք է իրավիճակը հասցնել այնտեղ, որ ստիպված գնան այդ քայլին։ Նախօրոք պիտի այդ մասին մտածեն, երկարաժամկետ ծրագրեր մշակեն, ոչ թե պահի տակ լուծումներ գտնեն, որոնց վնասները կրկնակի մեծ են լինելու։
-Այսօր Սևանի փրկությունը հնարավոր կլինի, եթե իշխանությունն արմատական քայլերի գնա։ Սակայն որքան երևում է, նախկին իներցիայով է ամեն ինչ առաջ ընթանում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Եթե իշխանությունները շահագրգռված են, որ հաջորդ սերունդներին փոխանցեն մաքուր, կապուտաչյա Սևան, պետք է համապատասխան մասնագետները մշակեն ծրագիր, որպեսզի ջրի մակարդակը տարեցտարի ավելանա՝ անկախ այն հանգամանքից, թե մասնավոր անձանց ինչ բիզնեսների հաշվին դա կլինի։ Գերակա շահ պետք է լինի Սևանի փրկությունը, իսկ իշխանության նախատեսած 1905 մ ջրի մակարդակի բարձրացումը Սևանը չի փրկի։ Միշտ զարմանում եմ, որ կառավարության նիստերին նախարարների մակարդակով հայտարարվում է, որպես ուրախալի լուր, թե այս տարի Սևանը բարձրացել է 5, 10, 15 սմ-ով։ Սա ուղղակի ծիծաղելի է, ոչ մի լուրջ մասնագետ դա անգամ փաստարկ չպետք է բերի։ Եթե, իհարկե, ցանկանում ենք Սևանը առողջ պահել ու փրկել, իսկ եթե նպատակը ճահիճ տեսնելն է, միշտ էլ կարող եք մարդկանց նման թվերով ուրախացնել։ Անլուրջ ու անտրամաբանական մոտեցում է սա։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ