ReAnimania 2019
 

Թրամփի ֆիասկոն 2020-ին անխուսափելի՞ է

Թրամփի ֆիասկոն 2020-ին անխուսափելի՞ է
29.07.2019 | 10:31

Սկսենք լավ նորություններից: ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը երկրորդ կիսամյակում 2,1% են, որ բարձր է կանխատեսումներից: Տարեկան հաշվարկով ԱՄՆ տնտեսական աճը նվազագույնն է եղել՝ 1,3%, 2016-ի երկրորդ կիսամյակում՝ գլոբալ տնտեսության դանդաղեցման ու նավթի գնանկման պայմաններում: Հետագա տնտեսական աճը ավելի բարձր էր, քան սկզբում կանխատեսվում էր: 2017-ին հարկերի իջեցման լրացուցիչ խթանի շնորհիվ ԱՄՆ ՀՆԱ-ն հասավ առավելագույնին՝ 3,2%-ի 2018-ի երկրորդ կիսամյակում: Լավ նորություններն այդքանով ավարտվում են ու սկսվում են վատերը: 2018-ի երկրորդ կիսամյակից ԱՄՆ տնտեսական աճի տեմպերը նվազել են: Արդեն հիմա աճն ավելի քիչ է, քան 2015-ի երկրորդ կիսամյակում: Եթե ՀՆԱ-ի աճի տեմպերը շարունակեն նվազել, 2020-ին նախագահական ընտրությունների պահին ավելի ցածր կլինեն, քան 2015-ին: Բոլոր հիմքերը կան կարծելու, որ ՀՆԱ-ի աճի տեմպերի անկումը շարունակվելու է: Գործարար ակտիվության մեծ մասը հիմնականում որոշվում է ներդրումներով կամ գործարար հատված, կամ բնակշինարարության մեջ: Երկու հատվածներն էլ բարդ իրավիճակում են: Նախորդ ցուցանիշների վերլուծությունը վկայում է, որ ներդրումները գործարար հատվածում ավելի շատ են կրճատվել, քան կանխատեսվում էր: Ինչպես ԱՄՆ ՀՆԱ-ի աճի տեմպերը, գործարար հատվածում ներդրումների ծավալը գագաթնակետին է հասել 2018-ի սկզբին, հետո շարունակում է անշեղ կրճատվել: Հենց այդ ժամանակ Սպիտակ տան տերը առևտրական պատերազմ հայտարարեց Չինաստանին: Այդ պահից բիզնեսում ներդրումները սպասվածից ավելի են կրճատվել և շուտով շարժվելու են դեպի ռեցեսիա: Իհարկե, դա չի նշանակում, որ ամբողջ տնտեսությունը անկում է ապրելու: 2016-ին բիզնես հատվածը ռեցեսիայի մեջ էր, բայց մնացած տնտեսությունը դիմանում էր: Ցավոք, ցիկլիկ պահանջարկի մյուս հիմնական դրայվերը՝ բնակշինարարությունը, այսօր աշխատում է ոչ այնքան լավ, որքան առաջ:

Հատվածն ակտիվ զարգանում էր 2015-ին, սակայն 2018-ի սկզբին բախվեց ռեցեսիայի հետ: Գործարար հատվածում ներդրումների նվազման հետ դա նշանակում է, որ հիմա ԱՄՆ տնտեսությունը կարող է ավելի թույլ լինել, քան 2015-ին էր: Ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Չնայած տնտեսությունը շարունակում է աճել, հիմնարար ցուցանիշները ավելի թույլ են, քան ակնկալում էին տնտեսագետները: Տնտեսական քաղաքականության մեջ փոփոխությունների բացակայության դեպքում տնտեսական աճի տեմպերը 2020-ին նկատելիորեն կդանդաղեն: ԱՄՆ նախագահը կարող է հայտնվել տնտեսական նույն պայմաններում, որ Դեմոկրատական կուսակցությանը հանգեցրին պարտության 2016-ի նախագահական ընտրություններում: Հնարավորությունը, որ Թրամփը կհայտնվի նույն տնտեսական պայմաններում, առավել հավանական է:


Ի՞նչ պետք է անել տնտեսական աճի վերականգնման համար: Ակնկալվում է, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը կնվազեցնի դրույքները հաջորդ շաբաթ: Դա կարող է իրավիճակը բարելավել: Ավելի կարևոր է, որ ներդրումների ծավալի նվազումը արձանագրվել է, երբ Թրամփը ուժեղացրեց առևտրական պատերազմը ՉԺՀ-ի դեմ: Թրամփի համար Չինաստանի հետ առևտրային պատերազմի առավելագույնս արագ դադարեցումը 2020-ին վերընտրվելու լավագույն շանսն է:

Bloomberg


Հ.Գ. Տնտեսությունը Դոնալդ Թրամփը համարում է իր ուժեղագույն կողմը, բայց Բարաք Օբաման էլ ժամկետի ավարտից առաջ իր հայտարարություններում շեշտը դնում էր գործազրկության կրճատման ու տնտեսական աճի վրա: ԱՄՆ-ում կա բարեկեցության որոշակի մակարդակ, որը թույլ է տալիս համապետական ընտրություններում տնտեսությունից բացի այլ ցուցանիշների վրա հենվել: Էքսցենտրիկ Դոնալդ Թրամփը 2020-ի սեպտեմբերից կսկսի քայլեր, որ կմոռացնեն տնտեսությունն էլ, քաղաքականությունն էլ ու կենտրոնում կպահեն նրա պայծառ անձը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao