Yerevan Perspectives International Music Festival
 

Մեղադրյալների ակումբ

Մեղադրյալների ակումբ
02.09.2019 | 09:34

Անցած շաբաթ Կիևի դատարանը պարտավորեցրեց Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյին քրեական գործ բացել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ: Նա կարող է միանալ հետխորհրդային ղեկավարների ցանկին, որ դարձել են քրեական գործերի մասնակիցներ: 2018-ին հետխորհրդային տարածքում կալանավորվել են 2 նախագահներ: Հաշվի առնելով, որ Մոլդովայի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը արդեն պատժաչափն է կրում կոռուպցիայի մեղադրանքով, այսօր 3 առաջին դեմքեր կալանավայրերում են:


Ուկրաինայի առաջին 3 նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, հեռացել են խաղաղ: Չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որ 2014-ին Մայդանում սկսված իրադարձությունների ժամանակ փախավ Ռուսաստան, զրկվել է իրավասություններից ու դարձել մեղադրյալ: 2019-ի հունվարին Կիևի դատարանը նրան մեղավոր ճանաչեց պետական դավաճանության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ: Հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռացավ ապրիլին ընտրություններում պարտվելով: Հուլիսին նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրեց լյուստրացիայի օրինագիծ (պետական պաշտոններ զբաղեցնելու արգելք) Պորոշենկոյի թիմի անդամների համար: Նախկին նախագահը հիմա վկա է մի քանի քրեական գործերով: Նա ժխտում է մասնակցությունը որևէ հակաօրինական գործողության:
Անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի դեմ 1992-ին պաշտոնանկությունից հետո հարուցվեցին ազգամիջյան թշնամանքի հարուցման, պետական միջոցների յուրացման և ճարտարապետական հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ: Գամսախուրդիան զոհվեց Սվանեթիայի սարերում, 1993-ի օգոստոսի 31-ին՝ չբացահայտված հանգամանքներում: Երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր: Նրան կասկածում են պետության միջոցները վատնելու, 2007-ին ընդդիմադիրներին ցրելիս ուժ գործադրելու, իրավասություները գերազանցելու մեջ: Սահակաշվիլին հեռակա կալանավորվել է և հայտարարվել է պետական հետախուզում, սակայն Վրաստանի իրավապահները չկարողացան հասնել միջազգային հետախուզում հայտարարելու: Սահակաշվիլին հերքում է բոլոր մեղադրանքները:


Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հրաժարական տվեց 1992-ին և հետագա տասնամյակներում նրա դեմ մի քանի քրեական գործեր հարուցվեցին: Մութալիբովը խուսափեց ձերբակալությունից՝ թաքնվելով Ռուսաստանում: 2012-ին նրան, իբրև նախկին նախագահի, անձեռնմխելիության իմունիտետ տրվեց և նա վերադարձավ Բաքու: Քրեական գործերում կար և Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Նա երկիրը կառավարեց 1 տարուց քիչ և իշխանազրկվեց 1993-ին: 1996-ին Էլչիբեյը մեղադրանքներ ներկայացրեց իրեն հաջորդած Հեյդար Ալիևին: Ի պատասխան հարուցվեց քրեական գործ նախագահի պատիվն ու արժանապարտվությունը վիրավորելու համար, սակայն գործը դատարան չհասավ: Էլչիբեյը մահացավ 2000-ին:


Հայաստանի համար նախկին նախագահի քրեական հետապնդումը նոր երևույթ է: 2018-ի հուլիսին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվեց սահմանադրական կարգի բռնի տապալման մեջ՝ մեղադրող կողմի վարկածով այդպիսի հետևանք է ունեցել 2008-ի մարտյան ճգնաժամի ժամանակ արտակարգ դրության սահմանման և բանակը օգտագործելու գաղտնի հրամանը: Այդ գործի շրջանակներում իբրև վկա է ներգրավված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա եղբայրն ու զարմիկը մեղադրվում են այլ քրեական գործերով: Քոչարյանը հայտարարում է, որ քրեական հետապնդումը իր դեմ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժն է:


Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվեց 2019-ի օգոստոսի սկզբին: Նա վկա էր կոռուպցիոն գործով ու հրաժարվում էր հարցաքննության ներկայանալ: Աթամբաևը սկսեց իր տան պաշտպանությունը Կոյ Տոշ գյուղում՝ համագյուղացիների ու կողմնակիցների հետ: Երկու շաբաթվա դիմակայությունն ուժայիններին ավարտվեց տան գրոհով, որի ժամանակ զոհվեց հատուկջոկատային սպա: Գրոհից հետո Ղրղզստանի նախկին նախագահին ներկայացվեցին սպանության, իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության և զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքներ: Աթամբաևը առաջին կալանավորված նախագահն է Ղրղզստանում և համարում է մեղադրանքները քաղաքական: Նրա նախորդ Կուրմանբեկ Բակիևի դեմ քրեական գործ հարուցվեց հեղափոխությունից հետո, երբ նա փախել էր երկրից: Եվս մեկ նախկին նախագահ՝ Ասկար Ակաևը, պաշտոնապես չի մեղադրվել, բայց հեռացել է Ղրղզստանից՝ վախենալով դառնալ քրեական գործի մասնակից, որ հարուցվել է նրա ազգականների ու նախկին համախոհների դեմ:


Մոլդովան խորհրդարանական հանրապետություն է: Նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ձերբակալվել է 2015-ին կոռուպցիայի մեղադրանքով: 2016-ին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, 2019-ին պատժաժամկետը կրճատվեց և նա կարող է ազատ արձակվել 2021-ին: Մոլդովայի ներկա վարչապետ, իսկ այն ժամանակ ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Մայա Սանդուն, 2017-ին գլխավոր դատախազությանը խնդրել է քրեական գործ հարուցել նախագահ Իգոր Դոդոնի դեմ: Սանդուն Դոդոնին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ, բայց դատախազությունը մերժել է հայցը:


Էստոնիան, Լիտվան, Լատվիան գտնվում էին ԽՍՀՄ-ի կազմում, իսկ հիմա այլ քաղաքական համակարգում են՝ լինելով ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամներ: Բալթյան 3 հանրապետությունների ներկայացուցիչները չեն ցանկանում համարվել հետխորհրդային տարածք: Բալթյան երկրներում խորհրդարանական կառավարում է և 3 հանրապետություններում էլ վարչապետերը դարձել են քրեական գործերի գործող անձինք: Նրանց առաջադրվել են տարբեր մեղադրանքներ՝ կոռուպցիայից մինչև պետական գաղտնիքի հրապարակում: 2005-ին հակակոռուպցիոն հետաքննություն է սկսվել Լատվայի նախկին վարչապետ Էյնարս Ռեպշեի դեմ, որ այդ ժամանակ ՊՆ նախարար էր: Ռեպշեն հրաժարական տվեց, գործը փակվեց ապացույցների բացակայության պատճառով: Ռեպշեն քաղաքականություն վերադարձավ և 2009-2010-ին ֆինանսների նախարար էր: 2015-ին Էստոնիայում դատախազության պահանջով պաշտոնանկվեց Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը, որ երկիրը ղեկավարել էր 1991-1992-ին: Նրան մեղադրում էին կաշառակերության ու փողերի լվացման մեջ: 2018-ի դեկտեմբերին Գերագույն դատարանը գործը փակեց: Լատվիայի նախկին նախագահ ու վարչապետ Ռոլանդաս Պակսասին պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանք ներկայացվեց՝ իբր ռուս բիզնեսմենին զգուշացրել էր, որ իրեն հետևում են: Վիլնյուսի դատարանը նրան արդարացրեց:
BBC

Հ.Գ. Հետխորհրդային տարածքի մեղադրյալների ակումբի «անդամների» մեծ մասը ապաստանել է Ռուսաստանում՝ ստանալով ՌԴ իշխանության հովանավորությունը: Գուցե դա ռուսների տեսակետից նախագահների ու վարչապետների պատվի պաշտպանություն է, իրականում ունի պրագմատիկ քաղաքական նպատակ՝ ազդեցություն հետխորհրդային տարածքի պետությունների ներքաղաքական իրադարձությունների վրա: Հայաստանը միակը չէ, բայց շատ հստակ ապացույց է, որ Ռուսաստանը չի ընդունում հետխորհրդային տարածք հասկացությունը և գործում է ԽՍՀՄ-ի ժամանակների պես՝ անտեսելով փլուզված կայսրությունից հետո ձևավորված հանրապետությունների ինքնիշխանությունը: Եզրակացություններն արեք ինքներդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao