Պաշտոնական այցով սեպտեմբերի 19-ին Երևան է ժամանել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությունը։ Սեպտեմբերի 20-ին, ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հանդիպումը, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով նախարար Սաաբին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև կա բարձր մակարդակի բազմակողմանի համագործակցություն, և երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում: Նա կարևորել է 2018-ի նոյեմբերին Բեյրութում ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում փոխգործակցության համար:
Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բազմակողմանի համագործակցության զարգացումը` հանուն երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման: Լիբանանի պաշտպանության նախարարը հանդես է եկել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն աջակցող հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ, որոնք կներառեն ոչ միայն պաշտպանության, այլ նաև մշակույթի, զբոսաշրջության, տնտեսական և այլ ոլորտների պատասխանատուներին:
Որպես պաշտպանության բնագավառում համագործակցության կարևոր ոլորտներ՝ նշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փորձի փոխանակումը, ուսումնավարժական ծրագրերը, ռազմատեխնիկական ուղղություններ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կողմերի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը։
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակները և խնդիրները: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում` նշելով, որ այդպիսի առաքելությունները ուղղված են խաղաղության հաստատմանը: Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել նաև Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցության համար և ընդգծել, որ Լիբանանում այս առաքելությունը հատուկ է Հայաստանի համար և միայն միջազգային պարտավորություն չէ:
Այցի շրջանակում նախատեսված են Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակության հանդիպումները նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այցի ծրագրում ընդգրկված են արարողակարգային այցելություններ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Սեպտեմբերի 21-ին Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը տիկնոջ և պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում կմասնակցի Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին: