ԲՐՈՒՏՈՍԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՇՈՒՅՆԸ
Բանաստեղծ և բանասեր Արմենակ Ղազինյանը անցյալ տապին շրջում էր քաղաքում և «հիանում» էր Երևանի գրական-գեղարվեստական հարդարանքով։ Ի մասնավորի, նրա հայկազյան աչքը «շոյեց» Հովհաննես Թումանյանի 150-ամյա փառապանծ հոբելյանը նշանավորող հսկա ցուցանակը, վրան պոետի գրաֆիկական ուրվապատկերը, ստորագրությունը և «Հովհաննես Թումանյան-150» գրությունը։ Տիար Արմենակը չզլացավ ու «Հանուն հայրենիքի» ամսաթերթում (թիվ 10 (85) ԲՀԹ, 4511, Ահեկան, 2019 թ., հունիսի 9-հուլիսի 8) անդրադարձավ վերոնշյալին. «Մի՞թե Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր ծննդյան 150-ամյակին նման անդեմ նկարի էր արժանի։ Հետաքրքիր է, ո՞վ է այս «գլուխգործոցի» հեղինակը։ Ի՞նչ կմտածեն արտասահմանից եկած զբոսաշրջիկները»։ Հավանաբար կզարմանան, ոմանք գուցե կհիանան (որպես գրաֆիկական լուծում, ասեմ, որ վատը չէ), մյուսները (առավելապես թումանյանասեր սփյուռքահայերը) հավանաբար քար կկտրեն։ Եվ վերջ. շրջանը գոցվեց, մայրաքաղաքում իշխում է մարտնչող ռաբիսը։ Կասկածու՞մ եք։ Իզուր։ Շրջենք, հիանանք, զարմանանք և անարգանքի ոստապատ սյանը գամենք քաղաքի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին, որոնք հաճախ մտածողությամբ և ճաշակով քաղաքակրթյալ են, բայց այ վարքագծով (այն է՝ Երևանի ձևավորման հարցերում) ավարտուն ռաբիս են։ Հատկանշում եմ, որ ռաբիս եզրույթի ներքո չեմ հասկանում միայն ճաշակազրկությունը։ Ավելի շուտ նկատառում եմ «մայլաքուչային» բրուտոսությունը։
Նախորդ քաղաքապետի օրոք, Աբովյան փողոցում, Ազնավուրի հրապարակին մերձ մայթի վրա, Հայաստանի նկարիչների միության հայացքի ներքո տեղակայված գովազդային տակառին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի դիմանկարն էր, ծննդյան և վախճանի տարեթվերը (1900-1967) և Երևանի նկարիչների միության ղեկավարման շրջանը (1932-1945)։ Գուշակում եմ, որ բանին անտեղյակ, բայց ոչ անտարբեր մեր ընթերցողները զարմացախառն հարցնում են՝ է՜, ի՞նչ վտանգավոր, այպանելի և անհանդուրժելի բան կա այստեղ, մի՞թե վատ է քաղաքային իշխանությունների ուշադրությունը նշանավոր նկարչի և գործչի անվան ու հիշատակի նկատմամբ։ Վատ չէ, սիրելիներս, վտանգավոր է, քանզի Արա Սարգսյանը Երևանի նկարիչների միությունը չի ղեկավարել, այն պարզագույն հիմնավորմամբ, որ «Երևանի նկարիչների միություն» այս տառապյալ լուսնի ներքո երբևէ չի գործել։ Գործել ու գործում է «Հայաստանի նկարիչների միությունը», որի հիմնադիր նախագահը, այո՛, Արա Սարգսյանն էր։ Բնականաբար, առերեսվելով նշյալ ողբերգազավեշտին, ահազանգեցի Արգիշտի 1 (քաղաքապետարանի հասցեն է)։ Զրուցակիցս մշակույթի հարցերում բավականին գիտակ մեկն էր, խոստացավ մոտ ժամանակներս շտկել ահասարսուռ վրիպակը։
Մայրաքաղաքի որոշ հատվածներում տեղակայված գովազդային տարաձև վահանակներն այսօր էլ համոզված պնդում են, որ Արա Սարգսյանը 1932-ից մինչև 1945 թվականը ղեկավարել է Երևանի նկարիչների միությունը։
«Հայ մեծեր» շարքը հրաշալի նախաձեռնություն է, սակայն մայրաքաղաքն ու հանրապետությունը 2017-ից ենթարկում է գաղափարագեղագիտական ալեկոծության։ Կերպարվեստից մեծերի շարքում են իհարկե Սարյանը, անշուշտ Քոչարը, վստահաբար Մինասը և էլի մի քանի երևելիներ։ Երևանի ամենաբանուկ և շահեկան հատվածներում լուսարձակվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Անուշավան Գասպարյանը (1914-1986)։ Ո՞վ է հայ ժողովրդին մինչև վերջերս գրեթե անծանոթ վերոնշյալ նկարիչը, որը դասվել է Սարյանին և Քոչարին համահավասար և դարձել է հայ մեծ նկարիչ։ Թերթենք Արարատ Աղասյանի «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» աշխատությունը։ Թերթենք և դրվագենք խնդրո առարկային վերաբերող հատվածները. «թեև գրքարվեստի բնագավառից կամովին հեռանում են մինչ այդ ակտիվ աշխատած Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Էդուարդ Իսաբեկյանը, ազգային, ինչպես նաև ռուսական, եվրոպական ու արևելյան դասական գրականության նմուշների նկարազարդման և գրքի ձևավորման գործում իրենց ներդրումն են բերում ավագ սերնդի հմուտ վարպետներ Ռուբեն Բեդրոսովը, Աշոտ Մամաջանյանը, Հովհաննես Շավարշը, Կարապետ Տիրատուրյանը, Արա Բեքարյանը, Անուշավան Գասպարյանը և ուրիշներ»։
«1960-1980-ական թթ. ակներև հաջողությունների են հասել մանկապատանեկան գրականության, հատկապես նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին հետաքրքրող գրքերի ձևավորման ու պատկերազարդման ասպարեզում աշխատած նկարիչներ Ա. Մամաջանյանը, Հ. Շավարշը, Ա. Գասպարյանը, Ս. Շ. Ստեփանյանը, Խ. Գյուլամիրյանը, Գ. Յարալյանը, Վ. Մանդակունին, Ս. Սաֆյանը, Կ. Սմբատյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Կիլիկյանը, Ռ. Մանուկյանը, Ան. Գրիգորյանը, Ա. Բայանդուրը և այլք»։ Այսինքն, հարգարժան տիար Անուշավանը մեկն էր շատերից։ Իսկ նրան անձամբ չեմ ճանաչել։ ՈՒ երբ «Հայ մեծեր» դարակազմիկ շարոցում հանդիպեցի Անուշավան Գասպարյան անվանը, հասկանալի հետաքրքրությամբ թերթեցի վերոնշյալ հիմնարար աշխատությունը։ Նրան ճանաչողները պատմեցին, որ բավականին կիրթ, բարյացակամ անձնավորություն էր, իսկական մտավորական և նկարիչ։ Եվ ահա թե ինչն է ինձ թունդ հուզում, հունից հանում. գավառամտական այս փայլատակումը արդյո՞ք անհարկի չի շահարկում նրա անունը։ Վստահաբար այո։ Եվ արդյո՞ք նա կհամաձայներ նման ցուցքին, եթե ապրեր այսօր։ Համոզված եմ, որ ոչ։
ՊԻՂԱՏՈՍԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԱԾԵԼԻՆ
Բարի, վերոնշյալ գավառականությունը ճարակել է մայրաքաղաքն ու հանրապետությունը նախորդ իշխանության օրոք։ Սակայն ինչու թավշյա հեղափոխության հաղթանակը չշտկեց իրավիճակը։ Ձևը խեղել է բովանդակությունը ամենուր։ Նկարիչները 28 տարի շարունակ հայտնվել են երկրի կյանքի լուսանցքում։ Վերնիսաժը ասվածի լավագույն հաստատումն է. կերպարվեստի վարպետները, մեկը մյուսից շնորհալի (խոսքս վերաբերում է բացառապես արհեստավարժ նկարիչներին), հենց գետնի վրա ցուցադրում են իրենց գունազմայլ «ապրանքը»։ Ցուցադրում են վաճառելու նպատակով։ ՈՒրիշ ինչ անեն, պետությունը պիղատոսաբար լվացել է ձեռքերը, սակայն մի կողմ չի քաշվել։ ՈՒղղորդում է կեղծը, ապաշնորհը, ժամանակավրեպը։
Մայրաքաղաքի դալանների սիրողական գունազարդումը հաստատում է ասվածը։ Կերպարվեստում առաջին քայլերը կատարող պատանիներին վստահել են Երևանի դալանների և տեսանելի պատերի որմնանկարումը։ Վստահել են, կատարել են արտաքին պատվերը և ինքնամոռաց վայելքի մեջ են, ռաբիս սիրողականության առաջ բացելով «կերպարվեստի դրախտի» դռները։
Իսկ Վերնիսաժում ծիծաղն է իշխում արցունքի միջից։
Գերտխրահռչակ (բայց և այնպես հայաստանաբնակ որոշ իշխանավորների և հանրային գործիչների համար երջանկահիշատակ) Ալեն Դալեսի հռչակավոր «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագրում» մի դրվագ է առնչվում մեր նյութին, մեջբերում եմ. «Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրման ցանկությունը»։ Այստեղ, թույլ տվեք պնդել, որ Դալեսը անգթորեն սայթաքել է, զի հայ նկարիչը (խոսքը, հասկանալի է, չի վերաբերում «կերպարվեստային եվրակռտարանի» հետևորդներին) տոգորված է ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերմամբ և ուսումնասիրմամբ։ Այցելեք ցուցասրահներ և համոզվեք։
Ի ՀԵՃՈՒԿՍ ՎԵՐՋԱԲԱՆԻ
Հորդորում եմ ժամանակի իշխանություններին (ուղղորդված հորդորում եմ ԿԳՍՄ-ի փոխնախարար տիկին Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանին և ԱԺ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Մխիթար Հայրապետյանին)՝ «Հին Հայաստանի» կերպարվեստային տեղեկատվությունը հայտարարեք ի չիք, այն է՝ չեղարկեք լիովին և քար առ քար կառուցեք «Նոր Հայաստանի» կերպարվեստի ամրոցն ու տաճարը։ Թե չէ նախնադարյան անիմալիզմի մեջ եք թաղվում, առատ որս եք փնտրում երկրի արգելոցներում, Բաղրամյան փողոցում գորգ եք լվանում, շուրջպար եք բռնում, քյաբաբ-խորոված ճաշակում (անուշ լինի) և կամա-ակամա հաստատում եք հանրային կարծրացող կարծիքը՝ նախորդ ապրիլին եղած-չեղածը իշխանափոփոխություն էր, ուրիշ ոչինչ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.1. Ի դեպ, ժամանակը չէ՞ մշակելու «Հայ ազգային կերպարվեստի ավանդույթների պահպանման և զարգացման» ռազմավարական ծրագիրը։ Հավատացնում եմ՝ վերոնշյալ սխրանքը չկասկածեք, որ իրագործելի է, քանզի երկրում առկա են բավականաչափ գիտակ և ունակ ուժեր։
Հ. Գ.2. Կոմիտասը նույնպես վահանակներից մեզ է ներկայացվում գրաֆիկական թեթևաչունչ գծապատկերով։