«Սիրիայի տարածքում այժմ տեղի է ունենում այն, ինչի մասին թուրքական կողմը երեք ամիս առաջ զգուշացրել էր։ Այս ամենն անսպասելի չէ։ Միջազգային աղմուկը, որ առաջացել է այս հարցի շուրջ, ընդամենը ձևական բնույթ է կրում։ Թուրքիան դեռ երեք ամիս առաջ զգուշացրել էր, որ սկսելու է ռազմական գործողությունները և սպասում է ամերիկյան կողմի հստակ պատասխանին։ Իսկ գործողությունը սկսելուց երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից էլ Էրդողանը այդ մասին հստակ հայտարարեց։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում, բացարձակ անակնկալ չէ որևէ երկրի համար։ Միջազգային հանրությունն այսօր իրեն այս կերպ է պահում՝ դատապարտում է տեղի ունեցողը, որպեսզի հումանիտար ճգնաժամի դեպքում պատասխանատվություն չկրի»,- մեզ հետ զրույցում նշեց «Արևելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։
-Թուրքիայի գործողություններն ունեն միջազգային հանրության լուռ համաձայնությունը, ինչը նաև կանխատեսելի էր,- շարունակեց պատմաբանը։- Թուրքական կողմը հստակ հայտարարում է, որ իր գործողություններն ուղղված են քրդական զինված խմբերի դեմ և ոչ թե ժողովրդի։ Այնպես որ, Թուրքիայի գործողությունները սպասելի են, նաև համաձայնեցված միջազգային հանրության հետ։ Պարզապես միջազգային հանրությունը միշտ երկակի խաղ է խաղում և փորձում է նաև սիրաշահել քրդական կողմին։
-Այս գործողություններով սեղմվում է օղակը Իրանի շուրջը. իրական թիրախը հենց Իրա՞նն է։
-Իրականում այդպիսի բան չկա։ Այդ վարկածը շատ թույլ է։ Քրդական խնդիրը ճնշելով՝ Թուրքիան Իրանին չի ճնշում։ Պարզապես Թուրքիան քայլեր է անում՝ իր պետական շահերից ելնելով։ Նման քայլեր Թուրքիան միշտ էլ արել է։ Շատերը մոռանում են. 1990-ականներին Թուրքիան, թե՛ Սիրիայի, թե՛ Իրաքի հետ համաձայնեցված, նման գործողություններ իրականացրել է, և ես կարծում եմ, որ այս գործողությունը դարձյալ համաձայնեցված է Սիրիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ։ Սիրիական կառավարության հայտարարություններն ընդամենը շղարշ են, իրականում Սիրիայի կառավարության համար շատ օգտակար իրավիճակ է ստեղծվում։ Քրդերը ոչ միայն ինքնավարություն էին ցանկանում, այլև անկախություն, ինչին Սիրիան կտրականապես դեմ էր, դեմ էր նաև Թուրքիան։ Քրդերի հարցում այս պահին երկու երկրների շահերը համընկնում են։ Քրդերը մնացել են միայնակ, քանի որ նրանք իրենց առջև, ինչպես արևմտահայերի էլիտան 100 տարի առաջ, դրել են մաքսիմալիստական ծրագրեր, և ինչպես մեզ դա չհաջողվեց, չի հաջողվելու նաև քրդերին։
-Առաջիկայում ի՞նչ է սպասվում։
-Սեղանին դրված է մեկ հարց։ Այն, որ քրդական ստորաբաժանումները նահանջելու են, կասկածից վեր է, այդ պրոցեսն արդեն ընթացքի մեջ է։ Առաջիկայում դրված է Իդլիբի հարցը։ Սիրիական բանակը և ռուսական կողմը ցանկանում են իրավիճակն օգտագործել և Իդլիբը թուրքական վերահսկողությունից հանել, համաձայնության գալ քրդական շրջանների հետ, դրա դիմաց ստանալ Իդլիբի շրջանը։ Սակայն չեմ կարծում, թե թուրքական կողմը համաձայնի։ Հիմա հիմնականում քննարկվում է հարավային շրջանները 2 միլիոն արաբ փախստականներով բնակեցնելու հարցը։ Թուրքիայի նպատակն է Եփրատից արևելք ստեղծել բուֆերային գոտի՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ էության հիմնական խնդիրն այն է, որ փախստականներով չվերաբնակեցվի այդ տարածքը, քրդերը տան համաձայնություն, զինված խմբերը հետ քաշվեն և այդ տարածքներում իշխանությունը հանձնեն սիրիական բանակին։ Պետք է ասեմ, որ վերջին շրջանում քրդերը այդ հատվածում բազմիցս իրենց խոստումը չեն կատարել, և չեմ կարծում, թե թուրքական կողմը այդքան հեշտ համաձայնի։ Մյուս կողմից էլ, արաբ փախստականներին 100 հազարներով բերել-բնակեցնելը լուրջ ֆինանսական ծախսերի հետ է կապված, տեխնիկապես և անվտանգության առումով էլ շատ բարդ է դա իրագործելը։ Հարց է` Թուրքիան կկարողանա՞ դա իրականացնել, թ՞ ոչ։ Այս պահին հստակ է, որ սիրիական ջոկատները նահանջում են, բնական է, որ պետք է նահանջեն, որոհետև, որքան էլ զինված լինեն, չեն կարողանալու երկարաժամկետ պատերազմ վարել կանոնավոր բանակի դեմ։ Կարծում եմ` կգան համաձայնության Թուրքիայի սահմանից մոտ 50-60 կմ խորությամբ, այսպես կոչված, չեզոք բուֆերային գոտի ստեղծելու շուրջ, որը կապառազմականացվի։
-Հայաստանի համար այս ամենն ի՞նչ ռիսկեր է պարունակում։
-Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շտապեց հայտարարությամբ հանդես գալ, ինչը տեղին չէր։ Հայկական ընտանիքները, որ մնացել են տարածքում, տեղյակ են, թե իրենց ինչ է սպասում։ Այս հարցում մեզ շատ մեծ զգուշավորություն է պետք դրսևորել և երբևէ չխառնվել թուրք-քրդական հակամարտությանը։ Շատերը ռոմանտիկորեն մտածում են (ցավոք, նման մոտեցումը մեզ մոտ կա դեռ 1990-ականներից), թե քրդերին պետք է աջակցել ընդդեմ Թուրքիայի։ Սակայն սա շատ սխալ գիծ է։ Նախ՝ քրդերը երբեք հայերին չեն դիտել որպես դաշնակից, դա կեղծ թեզ է, մյուս կողմից, շատ վտանգավոր փաստի ենք ականատես դարձել։ Քրդերի շրջանում ստեղծվել է հայկական զինված խումբ՝ Օզանյան անվանումով։ Սա համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Պետք է զգույշ լինենք և կոչ անենք այդ կազմավորման մեջ ներգրավված մեր հայրենակիցներին դուրս գալ և չդառնալ գործիք մեծ պետությունների ձեռքին։ Դա կարող են օգտագործել և միջազգային հանրությանը ցույց տալ, թե գոյություն ունի հայկական տեռորիզմ։ Այդ կազմակերպությունը պետք է դադարի գործել և վերջ դնի իր PR ակցիաներին ու հրապարակումներին։ Մեր խնդիրն այս հակամարտությունում բացարձակ չեզոքություն պահպանելն է և խրախուսելը հայերին, որպեսզի դուրս գան այդ բնակավայրերից։ Սիրիայում հայ բնակչությունը առաջիկա 50 տարում որևէ ապագա չունի, և որքան շուտ գիտակցեն սա, շուտ լքեն այդ տարածքները, այնքան լավ։
Զրույցը` Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ