Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն կոչ է արել Անկարային դուրս բերել զորքերը Սիրիայից

ԵՄ-ն կոչ է արել Անկարային դուրս բերել զորքերը Սիրիայից
15.10.2019 | 12:50

ԵՄ-ն միաձայն դատապարտեց Թուրքիայի ներխուժումը Սիրիա՝ կոչ անելով Անկարային անհապաղ դուրս բերել զորքերը հարևան պետությունից: ԵՄ ԱԳ նախարարները, Լյուքսեմբուրգում հանդիպումից հետո, համատեղ հայտարարությամբ ընդգծեցին՝ Թուրքիայի ռազմական գործողությունները լուրջ վնաս են հասցնում ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:


«Մենք միաձայն որոշեցինք դատապարտել, ընդգծում եմ բայը՝ դատապարտել, ոչ թե մտահոգություն կամ անհանգստություն հայտնել», - հայտարարեց Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը՝ նշելով. «Մենք կախարդական փայտիկ չունենք՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, սակայն հնարավորին շատ ճնշում կգործադրենք, այն, ինչ կատարվում է հիմա, անընդունելի է մեզ համար»։


Քննադատելով Անկարային՝ ԵՄ-ն խուսափեց որոշում կայացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու, մասնավորապես, զենքի վաճառքը միասնաբար դադարեցնելու հարցում, ինչին կողմ էին Ֆրանսիան և Գերմանիան: Նախօրեին Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը, հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հետ: «Մեր նպատակն էր մեկ, հստակ ուղերձ փոխանցել Էրդողանին՝ այս հարձակումը պետք է ավարտվի, քանի որ այն սպառնում է անտանելի դարձնել մարդասիրական դրությունը, մյուս կողմից՝ նպաստել, որ «Իսլամական պետություն»-ը վերադառնա այս տարածաշրջան», - հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը: ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանն ընդգծեց՝ ժամանակն է խոսքից գործի անցնել. «Թուրքական այս ներխուժումը լուրջ մարդասիրական աղետ է ստեղծելու, և Ֆրանսիան ակնկալում է, որ այս հանդիպմանը հստակ որոշում կընդունվի Թուրքիային վաճառվող զենքի վերաբերյալ»:


Անցած տարի Թուրքիան 45 միլիոն եվրոյի զենք-զինամթերք է գնել ԵՄ երկրներից: Գերմանիան ու Ֆրանսիան արդեն իսկ սառեցրել էին զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակցին՝ Սիրիայի հյուսիսում սկսված գործողությունների պատճառով, ավելի ուշ այդ որոշմանը միացել էին նաև Ֆինլանդիան, Նորվեգիան և Նիդերլանդները, Իտալիան: «Մենք չպետք է աջակցենք այդ պատերազմին», - հայտարարել էր Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը:
«Թուրքական հարձակման արդյունքում քրդերը դաշինք կնքեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ ավելի խճճելով իրավիճակը: Մենք մտավախություն ունենք, որ սա ի վերջո կամրապնդի «Իսլամական պետության» դիրքերը, ինչի նախանշաններն արդեն տեսնում ենք», - նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:


Չնայած Փարիզի ու Բեռլինի հորդորներին՝ ԵՄ-ն միասնական արգելանքի փոխարեն որոշեց զենքի վաճառքի սահմանափակման հարցը թողնել անդամ երկրների հայեցողությանը: Չորս ժամ շարունակված քննարկումներից հետո Իսպանիան, Ավստրիան, Բելգիան հայտարարեցին՝ միանում են նախաձեռնությանը:


Անկարայի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են՝ որոշումները որևէ ազդեցություն չեն թողնի: «Մենք բավականաչափ արտադրանք ունենք, և կարող ենք նրանց զենքերը շատ ավելի լավ համակարգերով փոխարինել», - ասել է ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան, նախագահ Էրդողանի նախկին խորհրդական Սադիկ Արսլանը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ