«Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ ստացվում է, որ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է»
29.11.2019 | 02:12
Իրականության մեջ մի շարք քրեական գործերում քաղաքական պատվերն է գործում, այլ ոչ թե իրավունքը կամ օրենքի գերակայությունը: «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե կոռուպցիոն գործերով է լցնելու այն դատարկ արկղերը, որոնք ՀՅԴ-ական երիտասարդները տարել էին Արայիկ Հարությունյանին, որպեսզի իրերը հավաքի և հեռանա:
«Եթե Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ շարժվենք, ապա առնվազն այն հայտնի, հնչեղ քրեական գործերը, որոնք այսօր կան և հարուցվել են այս իշխանության ժամանակահատվածում, ուրեմն պատասխանատու պետք է լինեն նրանց նշանակողները կամ անմիջական ղեկավարները: Հիմա առողջապահական ոլորտում փոխնախարարին առաջադրում են մեղադրանք՝ հարգելով անմեղության կանխավարկածը: Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ ստացվում է, որ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է: Մենք այդ տրամաբանությամբ չենք շարժվում, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր հանցագործություն ունի կոնկրետ հասցեատեր, կոնկրետ միջավայր և կոնկրետ հանցակազմ՝ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերով: Արդար դատաքննությունն է, որ պետք է պարզի անձի մեղավորությունը: ՈՒրեմն Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական բարձր պաշտոն զբաղեցրած անձի գիտակցություն»,- ասում է ՀՅԴ-ականը:
Նշենք, որ խորհրդաժողովին իրենց մասնակցությունն էին բերել բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, առանձին մտավորականներ և քաղաքագետներ, որ քննարկվեցին ազգային պետականությանը, կրթական, մշակութային և լեզվական քաղաքականություններին առնչվող հարցեր: Նախաձեռնող խումբը նպատակ ունի քննարկումները դարձնելու շարունակական՝ արծարծելու և արժևորելու հանրությանը հուզող հոգևոր ու մշակութային խնդիրները:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ