Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բորիս Ջոնսոնը բախվել է դիվանագիտական դիլեմայի

Բորիս Ջոնսոնը բախվել է դիվանագիտական դիլեմայի
25.01.2020 | 14:15

Բորիս Ջոնսոնը մտածում է երկրորդ աշխարհամարտի հիշատակին հանդիսավոր շքերթին ներկա լինելու հնարավորության մասին, որ անցկացնում է Վլադիմիր Պուտինը 2020-ի մայիսին: Դա դիվանագիտական տեստ է Մեծ Բրիտանիայի նոր կառավարության՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի՝ գրում է Financial Times-ը: Շքերթի ժամանակ, որ առաջին անգամ անցկացրել է Իոսիֆ Ստալինը, ռուս զինվորները անցնելու են Կարմիր հրապարակով՝ տանկերի ու հրթիռների քարշակների ուղեկցությամբ՝ ի նշանավորումն պատերազմի ավարտի 75-ամյակի: Ջոնսոնը, ինչպես հաղորդում են բանակցություններից տեղյակ 4 աղբյուրներ, հակված է ընդունել ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցել շքերթին: Քննարկումները Դաունինգ սթրիթում մասն են առավել մեծ բանավեճի, թե ինչպես պետք է Մոսկվայի հետ կառուցել հարաբերությունները, որոնք մթագնվել են 2018-ին Սոլսբերիում նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին նյարդակաթվածահար թույնով՝ Մոսկվայի սպանության փորձից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ մասնակցելու է շքերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գնահատում է Կրեմլի հրավերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես հրավիրված է: Բորիս Ջոնսոնի մեկնումը ակտիվ քննարկումների փուլում է: Կառավարությունը քննարկում է նաև արքայական ընտանիքի ներկայացուցչի մեկնման հնարավորությունը: Բորիս Ջոնսոնը հանդիպել է Վլադիմիր Պուտինին անցյալ շաբաթ Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի կուլուարներում: Դա նրանց առաջին հանդիպումն էր Ջոնսոնի վարչապետ վերընտրվելուց հետո: «Մենք հույս ունենք, որ ավելին կտեսնենք, քան կա: Այդ հարաբերությունները հեշտ չեն լինելու: Բայց նրանք գլոբալ տերություններ են»՝ ասել է դիվանագիտական աղբյուրը: Այս մեկնաբանությունները նկատելի հակասության մեջ են Դաունինգ սթրիթի առավել թշնամական հայտարարությունների հետ՝ Միացյալ Թագավորությունը հայտարարել է, որ հարաբերությունները չեն նորմալանա, «քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել ապակայունացնող գործունեությունը, որ սպառնում է Մեծ Բրիտանիային ու մեր դաշնակիցներին և խարխլում է մեր քաղաքացիների անվտանգությունն ու մեր հավաքական անվտանգությունը»: Բրիտանացի պաշտոնյաները հաստատել են, որ ստացել են շքերթի հրավերը, և հիմա կառավարությունը ձգտում է ավելին իմանալ միջոցառման բնույթի մասին: Պուտինի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կրեմլը Մեծ Բրիտանիայի վարչապետին հրավեր ուղարկել է, բայց պատասխան չի ստացել: Բուկինգհեմյան պալատը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Հենրի Ֆոյ, Financial Times


Հ.Գ. Երեկ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը ստորագրել է ԵՄ-ից դուրս գալու՝ բրեկզիտի օրենքը, որ պետք է վավերացնի Եվրախորհրդարանը: Հունվարի 31-ին Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, որ Եվրախորհրդարանում վավերացնելու հնարավորություն է ստեղծում: ԵՀ-ի նախագահը Twitter-ում գրել է. «Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, որ ը թույլ է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»: Շառլ Միշելը Twitter-ում նշել Է, որ ԵՄ-ն և ՄԲ-ն «նոր գլուխ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին: Փաստացի՝ բրեկզիտը Մեծ Բրիտանիային դնում է աշխարհի հետ նորից արտաքին քաղաքականություն կառուցելու անհրաժեշտության առաջ, և հիմա Բորիս Ջոնսոնը՝ իբրև վարչապետ, պետք է կառուցի նոր հարաբերություններ բոլոր երկրների հետ: Բնականաբար՝ առաջին տեղում ԱՄՆ է, հետո ԵՄ երկրները, բայց չի կարող Մեծ Բրիտանիան բրեկզիտից հետո էլ նույն հարաբերություններն ունենալ Ռուսաստանի հետ, ինչ բրեկզիտից առաջ: Շքերթին մասնակցել-չմասնակցելը պատրվակ է, որ կարող է ջերմացման սկիզբ լինել կամ սրման պատճառ: Սկրիպալների թունավորումը սոսկ պատրվակ էր՝ իրականում Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի հարաբերությունները երբեք էլ չեն եղել շատ բարեկամական ու շատ համագործակցային, որովհետև Լոնդոնը միշտ նախապատվությունը տվել է Վաշինգտոնին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ