Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոստիկաններն իրենց ներդրումն են ունեցել կորոնավիրուսի տարածման մեջ

Ոստիկաններն իրենց ներդրումն են ունեցել կորոնավիրուսի տարածման մեջ
03.02.2020 | 10:09

Կորոնավիրուս 2019-nCoV-ով վարակվածներից մահացածների թիվը անցավ 300 –ը՝ փետրվարի 2-ին արձանագրել է France-Presse-ը: Reuter-ը հաղորդում է մեկ օրում Հուբեյ նահանգում 45 մահացածների մասին: Փետրվարի 2-ին մահ գրանցվեց Չինաստանից դուրս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ֆիլիպիններում մահացավ 44-ամյա տղամարդ, որ կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանից էր: ԱՀԿ-ն ընդգծում է, որ այդ դեպքը չի նշանակում Ֆիլիպիններում կորոնավիրուսի համաճարակ՝ տղամարդը վարակվել էր նախքան Ֆիլիպիններ գնալը: Նոր կորոնավիրուսի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին դեկտեմբերին: Այսօր վարակվածների թիվը հասել է 14380 մարդու: Ուհան քաղաքը արգելափակված է: Փետրվարի 2-ից կարանտինին միացել է Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքը, որտեղ ամենաշատ վարակվածներն են Ուհանից հետո: Վարակման դեպքեր են գրանցվել 24 երկրներում: Որոշ երկրներ արտակարգ միջոցներ են ձեռնարկել՝ համաճարակի տարածումը կանխելու համար: ԱՄՆ-ը արգելել է Չինաստանում եղած օտարերկրացիների մուտքը, պարտադիր է բուժզննումը վերադարձող ամերիկացիների համար: Նոր Զելանդիան, Ավստրալիան, Սինգապուրը, Իտալիան արտակարգ դրություն են հայտարարել, Ռուսաստանը փակել է Չինաստանի հետ սահմանը: Որոշ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, տարհանել կամ տարհանում են իրենց քաղաքացիներին Չինաստանից: AFP-ը հայտնում է, որ Ուհանից Ֆրանսիա հունվարի 31-ին 179 վերադարձածները վարակված չեն, այնուհանդերձ, բժիշկների վերահսկողության տակ են Մարսելից ոչ հեռու, հատուկ կենտրոնում:


ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով՝ Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Անդրբայկալում ու Տյումենում: Երկու վարակակիրները Չինաստանի քաղաքացիներ են:
Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Փարիզի Պաստերի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է Եվրոպայում առաջինը լաբորատոր պայմաններում մեկուսացնել նոր կորոնավիրուսը: Մասնագետները դա ճեղքում են համարում պատվաստման ու արդյունավետ բուժման համար: 2019-nCoV վիրուսը մեկուսացնել հաջողվել է և չինացի ու ավստրալացի գիտնականներին:
RFI


Հ.Գ. Վիրուսի մեկուսացումից պատվաստանյութի պատրաստում ու արտադրություն՝ որքա՞ն կտևի և քանի՞ կյանք կփրկի 14380 վարակվածներից: Պարզ է, որ մահվան դեպքերը միայն կորոնավիրուսի պատճառով չեն՝ ամեն ինչ կախված է օրգանիզմի դիմադրունակությունից, այլ հիվանդությունների համակցությունից, հիվանդի տարիքից ու խնամքից: Փաստացի՝ այսօր Չինաստանի տնտեսությունը վիթխարի վնասներ է կրում փակվող սահմանների, արգելվող զբոսաշրջության ու ապրանքների ներկրման արգելքների պատճառով: Ու խոսքը միլիարդների մասին է: Եվ Չինաստանի իշխանությունները շահագրգիռ են օր առաջ համաճարակի տարածումը կանխել ու վերաբացել սահմանները:


Չինաստանի հետ սահմանները փակել է և Մոնղոլիան, չինացիների մուտքն արգելել են Ավստրալիան, Ճապոնիան, Պակիստանը, Իտալիան, Հայաստանը: ԱՀԿ-ն այդ սահմանափակումները չի խրախուսում: ՙՏեղաշարժի սահմանափակումները կարող են ավելի մեծ վնաս տալ՝ դժվարացնելով տեղեկատվության փոխանակումը, բուժսարքավորումների ու դեղամիիջոցների փոխանցումը՚՝ հայտարարել է ԱՀԿ-ն: ԱՀԿ-ն գտում է, որ անհրաժեշտ է ուղևորներին զննել օդակայաններում ու նավահանգիստներում և զգուշացնում է, որ սահմանների փակումը կարող է հանգեցնել վարակի ավելի արագ տարածման, որովհետև մարդիկ կփորձեն անլեգալ անցնել սահմաններն ու վարակակիրները կմնան առանց վեահսկողության: Պեկինը նույնպես քննադատել է սահմանափակումները՝ մեղադրելով այդ պետություններին, որ անտեսում են ԱՀԿ-ի հորդորները:
14380 վարակվածերից 2110-ը շատ ծանր վիճակում են, 304-ը մահացել են, 328-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Վարակի 100 դեպք է գրանցվել Չինաստանից դուրս՝ այդ թվում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում:
Շաբաթ օրը Հնդկաստանն է իր 300 քաղաքացիների վերադարձրել Ուհանից, նույն է անում Թայլանդը: Չինաստանը ԵՄ-ին խնդրել է արագացնել բուժսարքավորումների ու դեղամիջոցների առաքումը:


Վիետնամի ավիաուղիները դադարեցրել են չվերթները Չինաստան, Հոնկոնգ, Թայվան: Ավստրալիական Qantas-ը, նորզելանդական Air New Zealand-ը, կանադական Air Canada-ն ու բրիտանական British Airways-ը ևս կրճատել կամ բեկանել են չվերթները: Տրանսազգային հյուրանոցային համալիրները՝ Hyatt-ը, Radisson-ը, Hilton-ը վերադարձնում են հյուրանոցների կանխավճարները: Apple-ը ժամանակավորապես փակել է խանութները Չինաստանում: Սինգապուրը փակել է սահմանը Չինաստանից մեկնած բոլոր ուղևորների առաջ:
Ի՞նչ է կատարվում Չինաստանում: Արդյունաբերական, նավահանգստային Տայուան քաղաքը՝ 15 միլիոն բնակչությամբ, հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր ձեռնարկությունների աշխատանքը, եթե կենսական անհրաժեշտություն չկա: Շանհայում, Պեկինում, Շիցզյաչժուանում փողոցները դատարկվել են: Չինացիների մեծ մասը ողջունում է իշխանությունների վճռական քայլերը, բայց սոցիալական ցանցերում մեղադրանքներ են հնչում Ուհանի քաղաքապետարանի հասցեին՝ ոչ բավարար արագությամբ համաճարակի բռնկման սկզբնական փուլում արձագանքելու համար: Պարզվում է՝ ոմանք նույնիսկ խոչընդոտել են վիրուսով վարակվածության մասին տեղեկությունների տարածմանը: Լի Վենլիանը, որ բժիշկների առաջին խմբից էր սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածել դեռ դեկտեմբերի սկզբին, հիմա ինքն էլ է վարակվել: Նրան սկզբում ձերբակալել են սուտ լուրերի տարածման ու հասարակական կարգը խախտելու համար: Չինաստանի Գերագույն դատարանը քննադատել է Ուհանի ոստիկանությանը՝ առաջինը տագնապ բարձրացրած բժիշկների հետապնդման համար: Փաստացի՝ ոստիկանները ՙհամագործակցել են՚ կորոնավիրուսի հետ՝ նպաստելով արագ տարածմանը ու ժամանակին չկանխմանը, բայց դժվար է ասել, որ նրանք ինքնուրույն են գործել կամ պատկերացրել են՝ ինչի հետ գործ ունեն: Ապաքինում բոլոր հիվանդներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ