«Նյու Վասյուկի Հռոմը»
25.02.2020 | 01:08
Ո՞րն է այսօրվա մեր տնտեսական զարգացման ցուցանիշը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։ Մարդիկ 50 եվրոյով կարող են գնալ Հռոմ։ Բայց վարչապետը տնտեսական առաջընթացի «փայլուն» օրինակի մասին իր միտքը կիսատ է թողնում։ Իսկ որ ՀՀ քաղաքացին 50 եվրոյով հասնի Հռոմ, կկարողանա՞ գոնե օդանավակայանից դուրս գալ, թե՞ գնում է Հռոմի օդը շնչի ու հետ գա։ Ասենք՝ ամիսը 3 անգամ կգնա Հռոմ, ինքնաթիռից կիջնի, Հռոմի օդը կշնչի, աշխարհայացքը կընդլայնի, Եվրոպա կտեսնի ու անմիջապես կվերադառնա։
Իսկ իրականում ի՞նչ էր ակնկալվում իշխանափոխություն իրականացրած իշխանությունից ու Նիկոլ Փաշինյանից։ 2 տարի հետո ոչ թե կիսատ-պռատ մի թռիչքի մասին խոսի, այլ մարդկանց կենսամակարդակի բարելավման վերաբերյալ կոնկրետ տվյալներ ներկայացնի։ Մինչդեռ այսօր տնտեսական աճի մասին ինչ թիվ նշում է, տնտեսագետների քննադատությանը չի դիմանում, էլ չենք խոսում, որ հաճախ սխալ վիճակագրական ցուցանիշներ է ներկայացնում։ Մոռացվել են նախկին խոստումներն ու հայտարարությունները։ Զորօրինակ, մի դրվագ. երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, հայտարարեց. «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշների մեջ, դա արդեն շատ լուրջ խնդիր է մի երկրում, որտեղ շուրջ 30 տոկոս աղքատություն կա: Մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը.՝ մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը»։ Սակայն 2 տարի հետո ի՞նչ ունենք։ Ըստ վիճակագրական տվյալների, ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» անունը՝ 23 տոկոս: Գերազանցում է բանկերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հիվանդանոցների գործունեությանը։ Հիմա սա «ղումարբազությու՞ն» է, թե՞ ոչ։ Փաշինյանը հայտարարում էր, թե մեր ընդերքը չենք թալանի, հանքերի տերերին պիտի բացահայտենք։ Մինչ օրս ոչ մեկը դեռ չգիտի, թե ովքեր են հանքերի իրական տերերը, իսկ այդ ոլորտի արտահանման ցուցանիշներն էլ շարունակում են բարձր մնալ։
Տնտեսական բազմաթիվ այլ խնդիրներից տնտեսագետներն ամեն օր բարձրաձայնում են, սակայն տնտեսական «հեղափոխության» կողքով են դրանք անցնում, որովհետև կառավարությունն ամեն ինչում ու նաև այս հարցում «սեփական կետից» է սկսում, իսկ թե որն է դա, ոչ մեկն այդպես էլ չիմացավ։ Չկա մշակված հստակ ռազմավարություն, արմատական փոփոխություններ ևս, փոխարենը կան առկախված հարցեր, որոնցից մեկն էլ Ամուլսարի խնդիրն է, որը տնտեսական իրավիճակի գնահատման, ներդրումների ներգրավման տեսանկյունից անկյունաքարային հարց է դարձել։ Կառավարությունը 2 տարի է չի կարողանում որոշում ընդունել, իսկ օտարերկրյա ներդրողների համար խնդրահարույց է գործ ունենալ այսպիսի երկրի հետ։
Այնպես որ, տնտեսական հազար ու մի խնդիրները թողած խոսել 50 եվրոյով Հռոմ գնալու մասին նույնն է, թե` մեր ձեռքից գնացած տնտեսություն, ձեր` Հռոմի օդը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ