Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հնդիկ և ամերիկացի Թրամփների հանդիպումը

Հնդիկ և ամերիկացի Թրամփների հանդիպումը
26.02.2020 | 11:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթին սկսեց Հնդկաստանում՝ Հուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքից, որտեղ ելույթ ունեցով կրիկետի աշխարհում ամենամեծ «Մոտերա» մարզադաշտում: Նրան լսում էր 100000 մարդ, և՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որ ծնվել է Հուջարադում ու ում անվանում են հնդիկ Թրամփ: ԱՄՆ նախագահի Հնդկաստան առաջին այցի նպատակն է աշխարհի երկու խոշորագույն ժողովրդավարությունների միջև կապերի ամրապնդումը: Թրամփի ելույթը «Մոտերայում» արդեն համեմատել են 2019-ի սեպտեմբերի 22-ին Մոդիի Հյուսթոնի ելույթի հետ: Թրամփին «Մոտերա» տանող ճանապարհին (22 կմ) նրա ու Մոդիի նկարներով պաստառներ էին՝ մակագրություններով՝ «Երկու ուժեղ անհատականություն, պատմական մեկ պահ»: ԱՄՆ նախագահին հանդիպել են ճանապարհի երկայնքով կանգանծ հնդիկներն ու նույնիսկ Հնդկաստանի նահանգների մշակութային գործիչները: Մարզադաշտում Թրամփը հայտնվեց Էլտոն Ջոնի երգի հնչյունների տակ: Նա հնդիկներին դիմեց ավանդական «նամաստեով», որ ջերմ ընդունվեց մարզադաշտում: Հետո նա թվարկեց Հնդկաստանի պատմության կարևորագույն պահերը մինչև կրիկետի ու Բոլիվուդի դարաշրջան ու հավաստեց. «Հնդկաստանը միշտ հատուկ տեղ ունի մեր սրտերում»: Թրամփը ջերմորեն խոսեց վարչապետ Նարենդրա Մոդիի մասին. «Նրան բոլորն են սիրում, բայց ես ասեմ, որ նա հեշտ մարդ չի: Դուք ոչ միայն Հուջարաթի հպարտությունն եք, Դուք փայլուն ապացույց եք, որ համառ աշխատանքով հնդիկները կարող են հասնել իրենց նպատակներին»:


Ինչպես հաճախ է պատահում՝ Թրամփը սխալ արտաբերեց որոշ անվանումներ: Հատկապես դժվար էր տրվեցին Ահմեդաբադը և հնդիկ փիլիսոփա Սվամի Վիվեկանանդայի անունը, իսկ հին հնդկական սրբազան վեդաների փոխարեն նա վեստաներ ասաց: ԱՄՆ նախագահը եղավ Սաբարամատի Աշրամում՝ Մահաթմա Գանդիի նստավայրում, որտեղ նա ապրել է 13 տարի: Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան փորձեցին աշխատել Գանդիի նշանավոր ճախարակով, որ դարձել է Հնդկաստանի անկախության պայքարի սիմվոլներից մեկը: Ապրանքաշրջանառության ու առևտրի հարցերը առավել մանրամասն քննարկվեցին բանակցությունների ժամանակ:


Հնդկաստանը ԱՄՆ-ի մեծությամբ 9-րդ առևտրային գործընկերն է: 2018-ին առևտրի ծավալը 142,6 միլիարդ դոլար էր: Չնայած քաղաքական փոխըմբռնմանը, երկու երկրների միջև չկա լիակատար համաձայնություն առևտրի հարցերում: Դոնալդ Թրամփը հնդկական մաքսատուրքերը անվանել է անընդունելի, իսկ Հնդկաստանը՝ հարկերի թագավոր: 2019-ին ԱՄՆ-ը Հնդկաստանին զրկեց առևտրական արտոնություններից, որոնց շնորհիվ շատ ապրանքներ ԱՄՆ էին մտնում առանց մաքսատուրքերի: Այդ քայլն անպատասխան չմնաց՝ Հնդկաստանը սահմանեց կոշտ մաքսատուրքեր ԱՄՆ որոշ ապրանքների նկատմամբ: 2019-ին ԱՄՆ-ը զեկույց հրապարակեց, որի համաձայն հնդկական մաքսատուրքերը ԱՀԿ-ի մյուս անդամների համար ամենաբարձրն են: Ամերիկացիները հատկապես դժգոհ են Հնդկաստանի սահմանած բժշկական սարքավորումների գների կարգավորումից ու թվային տվյալների պահպանման նոր կարգից: Ակնկալվում է, որ այցի ընթացքում այս հարցերի մի մասը կլուծվի: Այցի արդյունքում ստորագրվելու են մի քանի համաձայնագրեր ինտելեկտուալ սեփականության իրավունքների, առևտրի և անվտանգության ոլորտում: Հնդկաստանը համաձայնագիր կստորագրի ԱՄՆ 30 MH-60R Seahawk և AH-64E Apache ռազմական ուղղաթիռների գնման մասին՝ 2,6 միլիարդ դոլար ընդհանուր գնով: Առանցքային շատ հարցերով, մասնավորապես՝ առևտրային արտոնությունների վերականգնման, բանակցություններն ավարտված չեն, այցից մի քանի օր առաջ Թրամփն ասել էր, որ «կարևոր հարցերը հետոյին կմնան»: Ակնկալվում է, որ ԱՄՆ Westinghouse էներգետիկ ընկերությունը նոր պայմանագիր կկնքի Հնդկաստանի միջուկային էներգետիկայի կորպորացիայի հետ 6 միջուկային ռեակտորների կառուցման համար: Ռեակտորների վաճառքի մասին ԱՄՆ-ը Հնդկաստանը պայմանավորվել են 2008-ին՝ հաղորդել է Reuters-ը:
BBC


Հ.Գ. «Հնդիկ ու ամերիկացի» Թրամփների հանդիպումը ճիշտ ժամանակին է՝ Չինաստանը կորոնավիրուսի պատճառով որոշ ժամանակով դուրս է մնում «մեծերի» խաղից, որ ճանապարհ է բացում Հնդկաստանի առաջ: Ի տարբերություն Չինաստանի՝ Հնդկաստանը իսկապես կարող է ժողովրդավարություն անվանվել, բայց՝ ինքնատիպ, իր կաստաներով ու ավանդույթներով: Դելիի հետ առևտրային համաձայնագրերով Թրամփը նաև նոր աշխատատեղեր է ստեղծում ԱՄՆ-ում, որ ընտրարշավում ևս մեկ միավոր է նրա օգտին: Իսկ հայ-հնդկական հարաբերությունները մնում են մշակույթի հույսին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ