Ինչո՞վ է կորոնավիրուսը այդքան վտանգավոր մարդկանց համար

Ինչո՞վ է կորոնավիրուսը այդքան վտանգավոր մարդկանց համար
18.03.2020 | 07:52

Վերջին ամիսներին մարդկության ամբողջ ուշադրությունը գամված է կորոնավիրուսի տարածման նորություններին: ԱՀԿ-ն COVID-19-ն արդեն պանդեմիա է հայտարարել: Շատ երկրներ արմատական միջոցներ են կիրառում վարակի տարածումը կանխելու համար: Ինչո՞վ է կորոնավիրուսն այդքան վտանգավոր: Հարցին պատասխանում է Իսպանիայում աշխատող ուկրաինացի դոկտոր Ռոման Գլուշչենկոն: Վարակակրի վտանգավորությունը որոշում է 3 գործոնների համադրումը՝ փոխանցման վեկտորը, վարակվածությունը (պաթոլոգիկ վիճակը), մահացությունը: COVID-19-ի փոխանցման վեկտորը 1.5- 2.5 է՝ գրիպից 3 անգամ բարձր: Մաթեմատիկական մի քանի գործողություններից կարելի է կռահել, որ տարածումը երկրաչափական պրոգրեսիայով է՝ 1-2-4-8-16-32-64… Ի տարբերություն գրիպի և SARS-ի (ռեսպիրատոր ծանր սինդրոմ, որ կորոնավիրուսի վերջին համաճարակն էր 2003-ին), COVID-19-ը տարածվում է և վարակիչ է նույնիսկ ինկուբացիոն փուլում, այսինքն՝ կարող է տարածվել մինչև կլինիկ դրևորումները: Եվրոպայի վարակվածության ու մահացությունների մասին խոսելիս՝ կարևոր է հասկանալ, որ առաջիկա 3 ամիսներին մենք բոլորս կվարակվենք COVID-19-ով՝ պարզ ու թեթև: 1000 վարակվածներից 900-ի դեպքում հիվանդությունն անցնում է առանց հետևանքների՝ ներառյալ երեխաներին ու դեռահասներին, 100-ը կունենան սիմպտոմներ ու կհոսպիտալացվեն: 100-ի դեպքում հիվանդությունը կանցնի ծանր գրիպի պես՝ չոր հազ, մկանների ու գլխի ցավեր, 2-3 շաբաթ տանը: 20 հիվանդներից 15-ը երկկողմանի պնևմոնիա կունենան շնչառական անբավարարությամբ, պարտադիր հոսպիտալացումով՝ թթվածին, բրոնխոդիլատատորներ և կորտիկոիդներ ստանալու համար: 5-ը կունենան թոքերի ֆիբրոզ, որ անհապաղ վերակենդանացում է պահանջում ու մեխանիկական օդամղում: Նրանցից 3-ը կմեռնեն: Երկուսը կունենան այնպիսի հետևանքներ, որ կարող են վերացվել միայն թոքերի տրանսպլանտացիայով: Սրանք պաշտոնական տվյալներ են: Այս թվերից հետո ամեն ինչ այդքան սարսափելի չէ: Խնդիրն այլ է՝ ի տարբերություն գրիպի, որից բնակչությանը պատվաստում են, որի հետ 5 ամիս բնակչությունը վերջին 100 տարում հանդիպում է, կորոնավիրուսը ալիք է, որ 2-3 ամսում վարակում է բոլորին և որին մեր օրգանիզմը բնավ պատրաստ չէ:
Իսպանիայի օրինակով տեսնում ենք, որ 40 միլիոն բնակչության միայն 4 միլիոնը կունենա սիմպտոմներ, 3,2 միլիոնը ծանր գրիպի պես կտանի, 600 000-ը հոսպիտալացման ու թթվածնի կարիք կունենա և հավանաբար կհայտնվի վերակենդանացման բաժնում: Ո՞րն է պրոբլեմը: Պրոբլեմ է, որ Իսպանիայում պետական ու մասնավոր բուժհաստատություններն ունեն ընդամենը 200000 մահճակալ հիվանդանոցներում ու 4000՝ վերակենդանացման բաժանմունքներում: Սա է պրոբլեմը: Պրոբլեմը բուն հիվանդությունը չէ, նույնիսկ չնայած վարակվածությանն ու մահացությանը, այլ համաճարակային բնութագրում՝ կորոնավիրուսը ալիքի պես ծածկում է ամբողջ բնակչությանը 2-3 ամսում, որի հետևանքով սկսվում է առողջապահական համակարգի լիակատար կոլապս: Երբ մահճակալները սպառվում են, ակտիվացվում է ռազմական բժշկության պրոտոկոլը, և բժիշկն ինքն է որոշում՝ ում բուժել, ում տուն ուղարկել թթվածնի բարձիկով (որը նույնպես չի հերիքելու): Եվ այդ որոշումն ընդունվելու է տարիքից ու ընդհանուր վիճակից ելնելով: Այսինքն՝ ընտրվելու են ավելի երիտասարդները, որ ողջ մնալու ավելի շատ շանսեր ունեն: Հաշվի առեք այլ պաթոլոգիաները, որ ամեն օր են վերակենդանացում պահանջում՝ ինսուլտներ, ինֆարկտներ, վթարներ, և այդ ամենը՝ առանց վերակենդանացման բաժանմունքների: Այս ամենը թվում է ֆանտաստիկ ֆիլմ, բայց հենց դա է հիմա կատարվում Իտալիայի հյուսիսում: Ուրեմն ի՞նչ անել: Վիճակախաղի պես է՝ բարդ է շահել, բայց ինչքան շատ տոմս ունենաս, այնքան մեծ են շանսերդ: Երկու շաբաթ կարևոր է աշխատանքի ու խանութ գնալ բացառապես անհրաժեշտության դեպքում: Տնից դուրս չսնվել, մարզասրահ չգնալ, հենց այնպես շտապ օգնություն չզանգահարել, զանգվածային հանդիպումների չգնալ, նվազեցնել հասարակական տրանսպորտից օգտվելը: Երկու շաբաթ: Հարց՝ եթե բոլորս վարակվելու ենք, ինչի՞ համար են նախազգուշական միջոցները: Կա շատ մեծ տարբերություն՝ վարակը անհետևանք կանցնի, թե թթվածին ու վերակենդանցում պետք կգա, որ կախված է տարիքից ու իմունիտետից: Եվ՝ վարակի խտությունից, այսինքն՝ ձեր օրգանիզմ մտած վիրուսի քանակից: Որքան շատ է վիրուսը, այնքան մեծ վնաս կարող է հասցնել թոքերին, քանի դեռ ձեր իմունային համակարգը կկազմակերպվի ու հակամարմիններ կստեղծի պաշտպանության համար: Ակնհայտ է, որ նույնը չէ համբուրվել վարակվածի հետ, ներշնչել վարակի կաթիլները հիվանդից և ձեռք տալ այն իրին, որի վրա այդ կաթիլներն ընկել են 3 ժամ առաջ, ու դրանից հետո ձեռք տալ դեմքին: Այդ պատճառով, եթե մենք նույնիսկ վարակվենք, պետք է այնպես անել, որ վարակի խտությունը նվազագույնը լինի, ուստի պետք չէ հասարակական վայրերում լինել, պետք է խուսափել հասարակական տրանսպորտից ու հասարակական սննդի վայրերից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թարգմանել եմ haqqin.az -ից ու թարգմանելիս մի քանի անգամ ուզում էի ջերմությունս չափել. լավատես եղեք, պահպանեք պարզ կանոնները ու չեք հայտնվի 1000-ից 100-ի մեջ:

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ