Պենտագոնը մեղադրում է Մոսկվային

Պենտագոնը մեղադրում է Մոսկվային
28.05.2020 | 11:23

ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը (Africom) մեղադրել է Ռուսաստանին Լիբիա ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մեջ: Թվիթերում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ հրամանատարությունը պնդում է, որ ռազմական ավիացիան Լիբիա է ուղարկվել Ռուսաստանից Սիրիայի տարածքով, որտեղ, իբր գունափոխվել է, որ թաքցվի ռուսական լինելը: Ամերիկացի զինվորականների կարծիքով՝ ինքնաթիռները Լիբիայում պիտի աջակցեն Վագների խմբի ռուս վարձկաններին, որ կռվում են Լիբիայում գեներալ Խալիֆա Խաֆթարի Ազգային բանակի կողմից Տրիպոլիի միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ: Ռուսաստանը իր մասնակցությունը կոնֆլիկտին հետևողականորեն հերքում է: «Երկար ժամանակ Ռուսաստանը հերքել է իր մասնակցությունը լիբիական կոնֆլիկտին: Հիմա այլևս ոչ մի կասկած չկա: Մենք տեսանք՝ ինչպես Ռուսաստանը Լիբիա ուղարկեց չորրորդ սերնդի կործանիչներ, արձանագրել ենք ամեն քայլը: Ոչ Լիբիայի ազգային բանակը, ոչ մասնավոր ռազմական ընկերություններ չեն կարող կառավարել ու օգնել այդ կործանիչներին՝ առանց պետական աջակցության, որ նրանք ստանում են Ռուսաստանից» հայտարարել է Africom-ի հրամանատար Սթիվեն Թաունսենդան: Africom-ը հրապարակել է լուսանկարներ, որտեղ իբր կործանիչներն են պատկերված, որոնց մասին խոսում է հրամանատարը:


Ամերիկացի զինվորականների հայտարարությանը արձագանքել են Պետդումայում: Պաշտպանության հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը Ինտերֆաքսին ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Հերթական ամերիկյան սարսափն է: Դա ֆեյք է և ապատեղեկատվություն՝ ամերիկյան նախորդ վարչակազմերի ոգով: Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է՝ մենք կողմ ենք Լիբիայում արյունահեղության դադարեցմանը, կոչ ենք անում կոնֆլիկտի բոլոր կողմերին ձեռնպահ մնալ զենքի կիրառումից ու նստել բանակցային սեղանի շուրջ» ասել է նա: ՌԴ ՊՆ-ն Africom-ի հայտարարությանը պաշտոնապես դեռ չի անդրադարձել:
BBC


Հ.Գ. Լիբիայում, 2011-ին նախագահ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող Տրիպոլիի կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ: Անցյալ տարեվերջին Թուրքիան Տրիպոլիի կառավարության հետ համաձայնագրեր էր կնքել Միջերկրական ծովում սահմանների փոփոխության և նավթի արտահանման վերաբերյալ: Հենց այդ նպատակին էին ծառայում Սիրիայի տարածքում Մ4 և Մ5 ճանապարհները թուրքական իբր անվտանգության գոտու վերահսկողության տակ վերցնելու ջանքերը: Անկարան նաև զորք էր ուղարկել Լիբիա` իբր խաղաղություն հաստատելու, իրականու իր համաձայնագրերի կատարումը ապահովելու համար: Սիրիայում ու Լիբիայում Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվեցին հակադիր կողմերում՝ ելնելով իրենց շահերից, Մոսկվան աջակցում է ապստամբ Խալիֆա Խաֆթարին, Անկարան` Տրիպոլիի կառավարությանը: Ի տարբերություն՝ Սիրիայի, որի պաշտոնական կառավարության խնդրանքով է Ռուսաստանը ռազմական միջամտության դիմել, Լիբիայի պաշտոնական կառավարությունից Մոսկվան ոչ մի խնդրանք չի ստացել և բանակ չի ուղարկել: Փոխարենը Լիբիա են ուղարկվել Վագների խմբի վարձկանները: ՄԱԿ-ի տվյալներով՝ 1200 պայմանագրային զինծառայողներ: ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ Վագների խմբի վարձկանները Լիբիայում են: Մարտի 18-ին Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը լուսանկարել է իր զինվորներին Տրիպոլիից հարավ՝ Խաֆթարի զորքերից խլված ավիաբազայում МиГ-23-ի կողքին, բայց Ռուսաստանում այդ ինքնաթիռները վաղուց հանված են սպառազինությունից: Երկուշաբթի Ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել է, որ մարտական գործողությունների դաշտից հեռացել են 1,5 հազար ռուս վարձկաններ՝առանց հաղորդելու, թե ուր են գնացել: Ստացվում է, որ ըստ Africom-ի հրամանատարի՝ կործանիչները Սիրիայից Լիբիա են բերվել՝ վարձկանների գործողություններին օդից աջակցելու, իսկ վարձկանները մեկնել են անհայտ ուղղությամբ: Բայց դե ֆակտո պատերազմը Լիբիայում շարունակվում է, ու Խաֆթարի զորքերը գրոհում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ