«Իրատեսի» զրուցակիցն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ։
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ձեր գործընկերներն առաջարկում են հարկել շրջիկ առևտուրը: Տպավորություն է, թե իշխանությունը մարդկանց հարկելու տեղ է ման գալիս:
- Այո, նապագիծը ժամանակավրեպ էր և սխալ տրամաբանությամբ։ Իշխանությունը դրանով պարտադրում է փողոցներում փուչիկ, նկար կամ անձեռոցիկ վաճառողներին գրանցել իրավաբանական անձ, օրինակ,Ա/Ձ, և ձեռք բերել ՀԴՄ տպող սարք, որն իր արժեքով, կարծում եմ, խնդիրներ է առաջացնելու առևտրի այդ տեսակով զբաղվող մարդկանց համար։ Մենք լիովին հասկանում ենք, որ հաճախ քաղաքի որոշ հատվածներում այդպիսի առևտուրը խամրեցնում է մայրաքաղաքի արտաքին տեսքը, սակայն որտեղ որ դա թույլատրվում է, չի կարող իրականացվել նման նախապայմաններով։ Փուչիկ, նկար կամ անձեռոցիկ վաճառողները սոցիալապես խոցելի խմբեր են, այդ տիպի վաճառքից դեպի մուրացկանություն մեկ քայլ է, ինչպե՞ս կարելի էր նրանց բերել նույնպիսի դաշտ, որտեղ փոքր և միջին առևտուրն է։ Շրջածախ առևտրով զբաղվողները ունեն շատ ավելի սուղ հնարավորություններ և փաստացի ինքնազբաղ անձինք են, ովքեր վաստակում են օրվա հացը, և նրանցից պահանջել, որ գրանցվեն որպես անհատ ձեռներեց և ունենան ՀԴՄ տպող սարք, պարզապես ողջամիտ չէ։
Կարծում եմ՝ ավագանու այդ որոշումը հնարավոր չի լինի կյանքի կոչել, քանզի այդ անձինք, չունենալով բավարար միջոցներ, չեն գնելու ՀԴՄ սարքեր, իսկ նրանց տուգանելը ո՛չ հեռանկարային, ո՛չ իրատեսական կլինի։ Կիրառված վարչական տույժերն էլ մնալու են չվճարված, քանի որ նրանցից շատերը վճարունակ չեն և կրկին ունենալու ենք իրավական կարգավորում, որը միայն թղթի վրա է:
-Երևանի քաղաքապետարանը հայտարարում է նոր «Գազելներ» ձեռք բերելու մասին: Փաստորեն, հուսահատության գազելները շարունակելու են հուսահատեցնել մեզ, իսկ ու՞ր մնաց դեռևս նախորդ իշխանությունների կողմից բրիտանական ընկերությանը պատվիրված տրանսպորտային ցանցի նախագիծը: Նորերը չկարողացա՞ն կյանքի կոչել այն:
-Ցավոք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից երկու տարի անց կարող ենք արձանագրել, որ տրանսպորտային բարեփոխումները ձախողված են, և հարկատուների հաշվին նոր «Գազելների» ձեռքբերումը դրա վառ վկայությունն է։ Այո՛, փաստացի այդ ցանցի նախագիծը դրվել է մի կողմ, քանի որ դրա իրականացման ուղղությամբ ոչ միայն քայլեր չարվեցին, այլև նոր միկրոավտոբուսների ձեռքբերումը խաթարեց դրա կիրարկումը այն պարզ պատճառով, որ նոր ցանցը բացառում է միկրոավտոբուսների առկայությունը։ Երկու տարի շարունակ մեզ ցուցադրում էին քաղաքակիրթ ավտոբուսներ, ասում, որ երկուսից չորս տարվա ընթացքում դրանք կներդրվեն, իսկ երբ երկու տարին բոլորեց, որոշեցին գոնե մի բան ցույց տալու համար գնել նոր «Գազելներ»։ Համայնքային միջոցներով միկրոավտոբուսների ձեռքբերումը շատ վատ պրակտիկա է, քանի որ դրանք մշտապես ձեռք են բերվել մասնավոր գծատերերի կողմից, որպես ներդրում իրենց բիզնեսի մեջ։ Պատկերացրեք՝ իրավիճակը որքան վատ է, որ անգամ գծատերերը հրաժարվում են նոր շարժակազմ ձեռք բերելուց, իսկ քաղաքապետարանը, չկարողանալով նոր ցանցը ներդնել, գումարները վատնում է նոր միկրոավտոբուսների վրա։
Հիմա էլ ասում են, թե այդ «Գազելները» տարբերվում են նախորդներից, ավելի գեղեցիկ են: Ըստ էության, խոսում ենք նույն միկրոավտոբուսների մասին, որոնք ունեն 17 նստատեղ և կանգնելու նույնպիսի հնարավորություն, ինչպիսին մեր երթուղիներում առկա այն «Գազելները», որոնց առաստաղը փոքր-ինչ բարձր է։ Մնացյալ բոլոր առումներով մի քանի տարի անց այդ միկրոավտոբուսները դառնալու են նույնպիսի «հուսահատության գազելներ», որոնցից խոստացել էին ձերբազատվել այս իշխանությունները։
-Երևանի քաղաքապետը նորից արձակուրդում է, ի՞նչ է հուշում սա։
-Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Մարությանն ունի քաղաքային խնդիրներով զբաղվելու մոտիվացիայի էական անկում։ Վերջին երկու տարիներին նա ամբողջությամբ սպառում է իրեն հասանելիք վճարովի արձակուրդը և պարբերաբար կորչում հասարակության տեսադաշտից։ Քաղաքապետն աշխատանքի գալիս է ուշ և գնում շուտ։ Իհարկե, դա իր գործն է, իր անցուդարձի վերաբերյալ ես կարծիք ունենալ չեմ կարող, բայց ակնհայտ է, որ ջանասիրության բացակայության դեպքում քաղաքը չի կարող արդյունավետ կառավարվել։
Բազմաթիվ առանցքային պաշտոններ շարունակում են մնալ թափուր։ Ամիսներ շարունակ քաղաքը չունի իրավաբանական վարչության պետ, իսկ ոլորտից տեղյակ մասնագետները գիտեն, որ դա պարզապես աղետ է: Թերևս հենց այդ պատճառով է նաև, որ քաղաքապետարանը պարտվում է դատարաններում, քանի որ ժամանակին կայացրել է ապօրինի և իրավաբանորեն չհիմնավորված որոշումներ։
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, թե այս իշխանություններն իրենք են պարբերաբար իրենց համեմատում Տարոն Մարգարյանի իշխանության հետ, ինչու՞:
-Իշխանափոխությունը, բնականաբար, վկայությունն էր այն բանի, որ ժողովուրդը բացասաբար է գնահատել նախկին իշխանությունների աշխատանքը և նոր եկածներից ունի մեծ ակնկալիքներ։ Այդ ակնկալիքների մեծությունը պետք է աչքի առաջ ունենալ, վերհիշելով իշխանությունների ստացած վստահության քվեի տոկոսները։ Այս պայմաններում իշխանությունը չի կարող հպարտանալ միայն նրանով, որ իրենց պաշտոնավարման շրջանում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Նախ ես տեսնում եմ, որ կոռուպցիա կա, և այն կբացահայտվի, երբ գան նոր իշխանություններ՝ նոր իրավապահ համակարգով։ Բայց բուն հարցն այն է, որ իրենք բոլոր խնդիրները վերագրելով նախկիններին, իրենց համար հնարավորություն են ստեղծում խուսափելու դրանց լուծման պատասխանատվությունից։ Տեսե՛ք ինչ էր ասում Մարությանը տրանսպորտի խնդրի վերաբերյալ մեկ տարի առաջ։ Ասում էր, որ խնդիրը բերվել է ամենածայրահեղ վիճակին, և իրենք պետք է շտապեն լուծումներ տալ։ Տրանսպորտի խնդիրը իրոք օրհասական էր անգամ երկու տարի առաջ, բայց ի՞նչ է փոխվել այս ընթացքում, ի՞նչ արեց Մարությանն այս ուղղությամբ։ Ոչ մի էական քայլ։
Ստացվում է, որ եթե իրենք բովանդակային համեմատականներ տանեն տարբեր քաղաքային իշխանությունների աշխատանքի հետ, ապա կհայտնվեն անհարմար իրավիճակում, ուստի հարմար են գտնում մշտապես համեմատվել հեռացված իշխանությունների հետ։
Ես պարբերաբար համեմատության եզրեր տանում եմ, որպեսզի ցույց տամ քաղաքի զարգացման դինամիկան ոլորտ առ ոլորտ, և տեսնում եմ, որ առաջընթացից խոսելն իրատեսական չէ։
-Ձեզ ի հակադրություն կասեն, թե աղբահանության հարց են լուծել:
-Այո, լուծել են, բայց դրա խորացման գլխավոր պատասխանատուն իրենք էին։ Ոչ ոք չի կարող հերքել, որ նախնական շրջանում աղբահանության մասնավոր օպերատորը բարեհաջող կերպով իրականացնում էր իր գործառույթը։ Շատ կարևոր է շեշտել, որ այդ գործառույթը իրականացվում էր նույն գումարի շրջանակում, ինչ կար նախկին ԶԻԼ-երով աղբահանություն իրականացնելու ժամանակ։ Խնդիրներն սկսեցին առաջանալ, երբ շարժակազմի ընթացիկ սպասարկման համար եղած բյուջեն սկսեց չբավականացնել։ Շատերը այդ ժամանակահատվածում համարեցին, որ «Սանիթեքը» սաբոտաժ է իրականացնում։ Դա կարող էր ապացուցվել մեկ դեպքում, եթե համայնքի կողմից ստեղծված հիմնարկը նույն գումարով ավելի լավ ծառայություն մատուցեր, բայց եթե «Սանիթեքին» տրամադրվում էր շուրջ 5,2 մլրդ դրամի բյուջե, ապա համայնքային հիմնարկի համար այդ թիվը գերազանցում է 6 մլրդը։ Այսինքն, աղբահանության հարցը լուծվեց ոչ թե կառուցվածքային, ավելի արդյունավետ լուծում գտնելու, այլ պարզապես շատ փող հատկացնելու շնորհիվ:
-Արթուր Մեսչյանի հրաժարականի մասին այդպես էլ ոչ ոք որևէ պատճառաբանություն չներկայացրեց: Ըստ Ձեզ՝ իշխանությունն ինչու՞ զոհեց նրան, կամ արդյո՞ք զոհեց:
-Իմ ունեցած տեղեկություններով՝ Մեսչյանը հրաժարվեց շարունակելուց իր աշխատանքը Մարությանի գլխավորությամբ և դուրս եկավ։ Պարզապես դրա մասին շտապեց հայտնել ինքը՝ Մարությանը, որպեսզի հավելյալ հարցեր չառաջանան։ Միանշանակ է, որ Մեսչյանի դուրս գալը լուրջ հարված էր այս իշխանության վարկանիշին, քանի որ նրա խոսքը մարդկանց համար շատ ավելի արժանահավատ էր, քան որևէ այլ պաշտոնյայի հավաստիացումները։ Ցավոք, Մեսչյանը որևէ հիմնարար ժառանգություն չթողեց քաղաքապետարանում, որ գոնե կարողանայինք ասել, որ քաղաքաշինությունը դրվել է ռելսերի վրա, և օրինակ, շինթույլտվությունները բացառապես ողջամտության շրջանակներում են տրվում: Առայսօր շինթույլտվությունների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ եմ ստանում, որոնք տրվել են Մեսչյանի օրոք և պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին։ Ըստ էության, Մարությանը մսխեց թե՛ իր, թե՛ Մեսչյանի հեղինակությունը:
Հույս ունեմ, որ մի օր Մեսչյանն ինքը կբարձրաձայնի այն պատճառները, որոնք հանգեցրին իր հրաժարականին։ Դա, կարծում եմ, ազնիվ քայլ կլինի երևանցիների նկատմամբ։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ