Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թունավորված հարաբերություններ

Թունավորված հարաբերություններ
17.09.2020 | 09:56

Նավալնու շուրջ Գերմանիայի ու Ռուսաստանի ճգնաժամը աճում է օրեցօր: Գերմանիայի որոշ շրջանակներ ռուս ընդդիմադիրի թունավորման միջադեպի պատասխանատվությունը դնում են Պուտինի վարչակարգի վրա ու պահանջում են, որ Բեռլինը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ի պատասխան, Ռուսաստանը հարցը դիտարկում է իր դեմ զրպարտչական արշավի արգասիք:

Նավալնու թունավորումն անկասկած թունավորեց և գերմանառուսական հարաբերությունները: Բեռլինը, որ առաջ շատ զգույշ էր վերաբերվում Ռուսաստանի հետ հարաբերություններին և չէր ցանկանում ուղիղ բախում Մոսկվայի հետ, ռիսկի տակ դրեց հարաբերությունները, երբ ռուս ընդդիմադիր գործչին տարավ իր երկիր: Գերմանիայի կանցլերը բավականաչափ փորձառու է, որ ընդուներ այդ որոշումը ռիսկի գիտակցությամբ: Ուրեմն հարց է ծագում՝ բուժման համար Նավալնուն տանելով՝ Գերմանիան Ռուսաստանի հետ հարաբերությունների նո՞ր փուլի է անցել: Այդ հարցին պատասխանելու համար օգտակար է նայել ևս մեկ կողմին, որ Ռուսաստանի հետ ունի «թունավորված» հարաբերություններ: Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ ծայրահեղ լարվեցին Լիտվինենկոյի ու Սկրիպալի միջադեպերից հետո, դեռ խնդրահարույց են մնում: 2006-ին պոլոնիումով թունավորման հետևանքով ռուս նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահից հետո Բրիտանիայի կառավարությունը մեղադրեց Ռուսաստանին, երկու երկրների միջև լուրջ լարում ծագեց: Մեծ Բրիտանիան Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառեց, որոնց թվում էր ռուս որոշ դիվանագետների արտաքսումը և ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության դադարեցումը: Չցանկանալով ռիսկի տակ դնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Լոնդոնը ձեռնպահ մնաց հետագա պատժամիջոցներից: 2018-ին Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման միջադեպը նյարդակաթվածահար «Նովիչոկ» նյութով Մեծ Բրիտանիայում ավելի մեծ ճգնաժամ հարուցեց Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Մեղադրելով ՌԴ ղեկավարությանը Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ, որ ինչպես Լիտվինենկոն նախկինում ռուսական գործակալ էր եղել, իսկ հետո աշխատել էր բրիտանական МИ6 հետախուզական ծառայության համար, և Յուլիա Սկրիպալի, Բրիտանիայի կառավարությունը ինքը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանեց, և կոչ արեց ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին միջոցներ ձեռարկել այդ հարցում:
Երբ Մեծ Բրիտանիան արտաքսեց ՌԴ 26 դիվանագետի, Ռուսաստանը արձագանքեց 26 բրիտանացի դիվանագետների արտաքսումով: Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, համերաշխություն դրսևորեցին Բրիտանիայի հետ և խստացրին իրենց դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում՝ նույնպես արտաքսելով ՌԴ դիվանագետներին:
Նավալնու հետ միջադեպը ցույց տվեց, որ Ռուսաստանի ու արևմտյան երկրների հարաբերությունները շարունակում են «թունավորված» մնալ: Ի տարբերություն Լիտվինենկոյի ու Սկրիպալների միջադեպի՝ այս անգամ թունավորումը տեղի է ունեցել ոչ թե թե եվրոպական երկրի տարածքում, այլ՝ Ռուսաստանում: Բացի այդ՝ Լիտվինենկոն ու Սկրիպալն անցել են մյուս կողմը և աշխատել են բրիտանական հատուկ ծառայությունների համար, իսկ Նավակնին ընդդիմադիր գործիչ է, որ ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ Ռուսաստանում: Մեծ Բրիտանիայի համար իր տարածքում ինչ-որ մեկի թունավորմանն արձագանքը, որ աշխատում էր իր հատուկ ծառայությունների համար, անխուսափելի էր: Բայց Ռուսաստանի հետ սերտ տնտեսական հարաբերություններ ունեցող Գերմանիայի միջամտությունը Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակին գերակայություն է, ոչ թե անհրաժեշտություն: Եթե Նավալնուն Գերմանիա տանելու որոշումը չի ընդունվել անկարողությունից, Բեռինը կխստացնի իր քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ:

Գերմանիայում արդեն ակտիվորեն քննարկվում են այդ իրադարձության հնարավոր հետևանքները «Հյուսիսային հոսք-2» գազատարի վրա, որի շինարարությունը 95%-ով ավարտվել է: Ամեն օր ավելանում է նրանց թիվը, ովքեր մտածում են հրաժարվել գազատարից այդ իրադարձությունների հիման վրա և ազատվել ամերիկյան պատժամիջոցներից: Մյուս կողմից, որ Գերմանիան աջակցում է Պուտինի ամենալուրջ հակառակորդին, Մոսկվայում տագնապ է առաջացնում: Գերմանառուսական հարաբերությունները բարդ ճգնաժամի մեջ են: Այդ ճգնաժամի ընթացքը կարող է ազդել Ռուսաստանի ու ամբողջ Եվրոպայի, նույնիսկ Գերմանիա-ԱՄՆ հարաբերությունների վրա: Ռուսաստանի ու Գերմանիայի «թունավորված հարաբերություններին» պետք է ուշադիր հետևել: Թուրքիան այն երկրներից մեկն է, ում այդ ճգնաժամը նույնպես կարող է վերաբերվել:
Քեմալ Ինատ, Türkiye (Թուրքիա)


Հ.Գ. Ռուս-գերմանական հարաբերությունների սրումը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սկսած՝ ֆրանս-ռուսականն հարաբերությունների վերբեռնումը կասեցնելը, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատացումը ամբողջ աշխարհում ձեռնտու է միայն Թուրքիա-Ադրբեջան տանդեմին: Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը սկսվեց համաշխարհային մեկուսացման պիկին, ու Անկարան չի ուզում կորցնել մեկուսացմանն իր հուսալի գործընկերոջը, իսկ Բաքուն ամեն գնով ուզում է «Հյուսիսային հոսք-2»-ի ճանապարհը փակել՝ իր գազը Եվրոպային վաճառելու համար: Եվ եթե ծագում է՝ ու՞մ էր ձեռնտու Նավալնու թունավորումը հարցը, պատասխանն ակնհայտ է: Մնում է մեկ քայլ՝ պատասխանել՝ ո՞վ նրան թունավորեց, իմա՝ ո՞վ էր իրական պատվիրատուն հարցին, որ կարող է լինել ՌԴ իշխանության մեջ, բայց գործել հանուն թուրք-ադրբեջանական շահերի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ