Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին

Նիկոլ Փաշինյան. Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
21.10.2020 | 21:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը.


- Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:
- Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
- Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում գտաք, որ այս անհանգստությունը երկուստեք է:
- Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:
- Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:
- Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:
- Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուց ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:
– Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում
զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից, շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:
– Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ-արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:
-Մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Իրանական իշխանությունները բազմիցս հակամարտութան կողմերին այս կապակցությամբ նախազգուշացումներ են կատարել: Այս խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունեք:
- Եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում եմ: Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի:

Դիտվել է՝ 4540

Մեկնաբանություններ