Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դաշնության խորհուրդը հետին թվով թույլ տվեց Պուտինին զինվորականներ ուղարկել Ղարաբաղ

Դաշնության խորհուրդը հետին թվով թույլ տվեց Պուտինին զինվորականներ ուղարկել Ղարաբաղ
20.11.2020 | 10:28

Նոյեմբերի 18-ին Դաշնության Խորհուրդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տվեց նոյեմբերի 10-ից ռուս զինվորականների ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ռուսական զորքի, սպառազինության ու հատուկ տեխնիկայի Լեռնային Ղարաբաղ ուղարկման թույլտվությանն աջակցություն են հայտնել նիստին ներկա 129 սենատորները: ԴԽ սահմանադրական օրենսդրութան և պետական շինարարության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը կարող էր զորք ուղարկել Ղարաբաղ և առանց խորհրդարանի վերին պալատի թույլտվության, որովհետև իրավիճակը Ղարաբաղում զարգանում էր ողբերգականորեն և զոհվում էին նաև ՌԴ քաղաքացիներ: ՙԶոհվում էին ՌԴ քաղաքացիներ խփվեց ռուսական ուղղաթիռ: Նախագահը լիակատար իրավունք ուներ՝ 2009-ին ընդունված պաշտպանության օրենքի համապատասխան օգտագործել ՌԴ զինված ուժերը՚՝ բացատրեց սենատոր Անդրեյ Կլիշասը, թե ինչու են ռուսական զորքերը ուղարկվել Ղարաբաղ նոյեմբերի 10-ին՝ առանց ԴԽ նախնական համաձայնության: Բայց ԴԽ թույլտվությունը, այնուամենայնիվ, պետք եկավ, որովհետև խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում շարունակվելու է նվազագույնը 5 տարի և խնդիրների լայն շրջանակ ունի: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրեց, որ Վլադիմիր Պուտինը դիմել է ԴԽ՝ Ղարաբաղում առաքելության մասշտաբայնության ու պատասխանատվության պատճառով: Նոյեմբերի 11-ին Պեսկովն ասում էր, որ ռուս խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելու համար խորհրդարանի վերին պալատի թույլտվությունը պետք չէր, դեռ ուժի մեջ է ԴԽ 2015-ի որոշումը զինվորականներին արտասահման ուղարկելու մասին, որ ընդունվել է Բաշար Ասադին օգնելու համար ռուսական զորամիավորումը Սիրիա ուղարկելուց առաջ: Ռուսական զորքը Լեռնային Ղարաբաղ մտցնելու մասին հայտարարվել է նոյեմբերի 10-ի գիշերը հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Ռուս առաջին զինվորականները Ղարաբաղ են մտել նոյեմբերի 10-ին: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը նախօրեին թվարկեց Ղարաբաղի կարգավորման հարցերը, որոնց վերաբերյալ Ֆրանսիան Ռուսաստանից պատասխանների է սպասում: Այդ թվում՝ Թուրքիայի դերը ղարաբաղյան կոնֆլիկտում և կարգավորման մեջ, արտասահմանյան զինյալների խնդիրը, փախստականների ճակատագիրը, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
RFI


Հ.Գ. Երեկ ղարաբաղյան խնդրին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվայում են ԵԱՀԿ Մինկսի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ բանակցությունները շարունակվում են և ընդհանրապես Մոսկվան քսանչորսժամյա ռեժիմով զբաղվում է ղարաբաղյան խնդրով․«Մեր երկրի ղեկավարությունը մշտական շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Կարևոր է պայմանավորվածությունների կատարման ապահովումը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը թույլ տվեցին հասնել կրակի կայուն դադարեցմանը, որը հաստատվեց նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությանը համապատասխան: Այդ ջանքերը թույլ տվեցին նաև կարևոր քայլեր կատարել խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ»։
Մոսկվան գրեթե ամեն օր տարբեր հարթակներից հայտնում է, որ ստորագրված հրադադարի հայտարարությունն արդար էր, և այդ փաստաթղթում հաշվի են առնված ինչպես Արդբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերը։


Նոյեմբերի 23-ին Մոսկվա է այցելելու Իրանի ԱԳ նախարարը, և բանակցությունների օրակարգի առաջին հարցը, Զախարովայի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղն է։
ՌԴ ԱԳ նախարարը նորից ասել է, որ չի հասկանում, թե ինչու են նեղանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան։ Նրա խոսքով, ամեն դեպքում հրադադարին հասնելուն իրենց մասնակցությունն են ունեցել և Վաշինգտոնը, և Փարիզը։
Երեկ Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ՝ հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Տեղական ինքնակառավարման մարմինների ՏԻՄ ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր քաղաքական կուսակցություններին հարող մի խումբ խորհրդարանականների հանձնառու համախմբումը, ովքեր 2020թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով «Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի» առաջարկ են ներկայացրել,
Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքային շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլիի, «Առաջադիմականներ և Անկախներ» խմբակցության անդամներ Պիեռ-Իվ Բուրնազելի, Ալեքսի Գովցյանի և «Մոդեմ, Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցության անդամ Մոդ Լըլիևրի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ կոչը, որը վերջիններս որոշեցին միացնել Փարիզի քաղաքային խորհրդի ընդհանուր կոչին,
Հաշվի առնելով, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցությամբ և Սիրիայից ջիհադիստ գրոհայինների ներգրավվածությամբ, ռազմական հարձակում սանձազերծեց,
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օդային հարվածներից Լեռնային Ղարաբաղում վիրավորվել և զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքների 80%-ը, այդ թվում՝ կրթական և առողջապահական հաստատությունները մեծամասամբ ավերվել են, և որ այլ բնակավայրերում ևս առկա են բազմաթիվ ավերածություններ և տուժածներ,
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետալի իրավիճակը և մեծաթիվ զոհերի առկայությունը,
Հաշվի առնելով, որ, չնայած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դրանք անհապաղ դադարեցնելու Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ և հակամարտության միջնորդ երկրի կոչերին՝ իրավիճակն է′լ ավելի վատթարացավ, և որ մի քանի անգամ հրադադարի ռեժիմ հայտարարվեց, որոնք բոլորն էլ խախտվեցին հայտարարվելուց մեկ ժամվա ընթացքում,
Հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո ստորագրված վերջնական զինադադարը, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել և որտեղ ուժի հաղթանակը գերիշխեց երկխոսության հաղթանակին:
Հաշվի առնելով, որ այս հրադադարով մարտնչող երկու կողմերի զինված ուժերը կանգ են առնում տվյալ օրվա դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում՝ ի վնաս հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի,
Հաշվի առնելով, որ, չնայած ռուսական խաղաղախահ ուժերի տեղակայմանը, վտանգված է Լեռնային Ղարաբաղի գոյության հարցը,
Հաշվի առնելով, որ Փարիզի քաղաքապետը ռազմական գործողությունների ընթացքում բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ կոչ անելով դրանք դադարեցնել և վերահաստատելով Փարիզի քաղաքային իշխանությունների աջակցությունը հայ ժողովրդին, որտեղ էլ նա բնակվի,
Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի և հայ ժողովրդի միջև վաղեմի և անսասան բարեկամական հարաբերությունները, որոնց մասին Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանություններին վերահաստատվեց նաև մեր գործընկեր, փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի մակարդակով, ով մարտական գործողությունների թեժ ժամանակամիջոցում ուղեկցում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության - ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի դիտորդական առաքելությանը,
Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզն ավանդաբար օգնություն է ցուցաբերում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին զոհ դարձած բնակչությանը, և որ առկա է մարդասիրական աղետալի իրավիճակի մասին ահազանգելու անհրաժեշտություն,
Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Երևանը Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) անդամ է,
Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզի քաղաքային իշխանությունների համար մեծապես կարևորվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցության տրամադրումը,
Փարիզի քաղաքապետարանի Գործադիր մարմնի, «Միասնական Փարիզ», «Կոմունիստ և Քաղաքացի», «Փարիզի բնապահպաններ», «Սերունդներ», «Անկախներ և Առաջադիմականներ», «Փոխել Փարիզը», «Մոդեմ», «Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցությունների առաջարկով, Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում.
- որպեսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ),
- որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջև դրված Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնության համատեքստում նրանց արտոնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,
- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարավորինս հասցեագրված օգնություն հատկացնելով հակամարտությունից տուժած բնակչությանը,
- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները 50,000 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Այս օգնությունը, որը տրամադրվում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր և ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երևանին նախապես տրամադրված 50,000 եվրոյի օժանդակությանը»,- ասված է հայտարարության մեջ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ