Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բեթհովենի սիմֆոնիաները՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ

Բեթհովենի սիմֆոնիաները՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ
25.01.2021 | 12:19

Աշխարհի ամենախոշոր և հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ ռուսական Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համաձայնությամբ, Հայաստանում տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Նվագախումբն իր «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում այս օրերին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ձայնագրության համար կատարում է հանճարեղ կոմպոզիտորի Թիվ 1, Թիվ 2 և Թիվ 5 սիմֆոնիաները՝ 9 պլանավորվածից։ Ձայնագրման և տեսագրման աշխատանքներն իրականացվում են Արամ Խաչատրյան համերգասրահում։

14 հոգանոց անձնակազմը, Մարիինյան թատրոնի լավագույն մասնագետների գլխավորությամբ, իր հետ մեր երկիր է բերել բարձրորակ ու գերժամանակակից տեսանկարահանող և ձայնագրող տեխնիկա՝ այդ թվում՝ 2 PTS սարք, ինչպես նաև ժամանել է 5 օպերատոր, որոնք նկարահանումներն իրականացնում են 10 դիրքերից, որպեսզի արդյունքում ստեղծվի բարձրակարգ ձայն ու պատկեր։ Վերջինս էլ իր հերթին կտարածվի միջազգային հարթակներում՝ լավագույնս ներկայացնելով հայաստանյան դասական արվեստը։ Ի դեպ, հենց այս մասնագետներն են ստեղծում հանրահայտ Mariinsky TV-ի ամբողջ արտադրանքը։


«Մեզ համար մեծ պատիվ է, որ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը համաձայնել և Հայաստան է ուղարկել նման բարձրակարգ մասնագետների՝ «Գրեմիի» առաջադրված ձայնային ռեժիսոր Իլյա Պետրովի, բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովի և գլխավոր օպերատոր Արսենիյ Նիկոլաևի ղեկավարությամբ։ Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները բարձր են գնահատել նվագախմբի կատարողական մակարդակն և մաեստրո Թոփչյանի վարպետությունը ու նվիրվածությունը, ձայնի և լույսի տեղի մասնագետների հմտությունները և դահլիճի անձնակազմի պատրաստակամությունը․ ի դեպ նրանք Մարիինյան թատրոնի մասնագետներին են աջակցում ձայնագրման ամբողջ ընթացքում։ Շուտով հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և լսել արդյունքը: Մենք կունենանք և՛ վիդեո, և՛ աուդիո բարձրորակ արտադրանք, որը պետք է տարածենք տարբեր եղանակներով»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, ով հենց կազմակերպել է Մարիինյան թատրոնի թիմի այցը Հայաստան։


Հիշեցնենք, որ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում: Փառատոնի շրջանակում արդեն իսկ տեղի է ունեցել երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։ 2021 թվականի ընթացքում սպասվում են մի շարք բեթհովենյան համերգներ: Հիշեցնենք, որ ՀԱՖՆ-ը նախատեսում է 2021 թվականին ավարտել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաների ձայնագրությունները:

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ