ՈՒկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «ՈՒկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք դա հստակ ենք ասել»,- շեշտել է Միլլերը։               
 

Մեր դիվանագիտությո՞ւնն է անորակ, թե՞ մենք չունենք դաշնակիցներ

Մեր դիվանագիտությո՞ւնն է անորակ, թե՞ մենք չունենք դաշնակիցներ
24.01.2015 | 19:49

Երբ որևէ պետություն անդամակցում է ռազմական բլոկի, որոշակիորեն սահմանափակում է իր ինքնիշխանությունը՝ անվտանգության խնդիր լուծելու համար: Հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, հայ-ադրբեջանական հակամարտությունը մեր քաղաքական էլիտային դրդեցին, որ Հայաստանը դառնա ՀԱՊԿ-ի անդամ: Մեր իշխանության պաշտոնական տեսակետն այն է, որ այս կազմակերպությունը, որին անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, մեր անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ է: Տեսական մակարդակի վրա չեմ ուզում հիմա քննարկել, թե ինչքան է իրական թուրքական սպառնալիքը ու թե որքան գործուն կլինի ՀԱՊԿ-ի ներդրումն այդ սպառնալիքի չեզոքացման հարցում: Քննարկենք ավելի իրական ու թեժ հակամարտություն, որն է հայ-ադրբեջանականը, և տեսնենք՝ ի՞նչ դեր է խաղում նույն ՀԱՊԿ-ը, որը, ինչպես նշեցի, մեր իշխանության կողմից ներկայացվում է որպես մեր անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ: Երբ ռազմական գործողությունները ծավալվում են Ղարաբաղում, մեր պաշտոնյաները ու նաև Մոսկվայի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը ակնարկում են, թե Ղարաբաղը դեյուրե Հայաստանի մաս չէ, ըստ այդմ՝ ՀԱՊԿ-ն այդ հարցում միջամտելու իրավական հիմք չունի: Փաստարկը, կարծես թե, տրամաբանական է. Արցախը ոչ միայն Հայաստանի մաս չէ, նույնիսկ նրա կողմից ճանաչված չէ ու Երևանին դժվար է լինելու ՀԱՊԿ-ի օրակարգ բերել հարց, որը վերաբերում է հենց Արցախում ծավալված ռազմական գործողություններին: Սակայն վերջին օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական ակտիվ ագրեսիայի՝ արդեն Հայաստանի սահմանին, Տավուշում, ու դարձյալ ՀԱՊԿ-ը լռում է, չնայած այս անգամ ոտնձգություն է կատարվել նրա անդամ երկրի սահմանների անվտանգության հանդեպ: Ոմանք կասեն՝ մենք չունենք ղեկավարություն, որն ադեկվատ արձագանքելու կարողություն ունի, չունենք դիվանագիտություն, որն աչքի է ընկնում նպատակասլաց ու արդյունավետ գործունեությամբ: Այս փաստարկին կհամաձայնեմ, որովհետև բազմաթիվ առիթներ եղել են դրանում համոզվելու համար: Այսինքն, չեմ էլ բացառում, որ, օրինակ, մեր ԱԳ նախարարը զբաղված է եղել Կոնգոյի պատվիրակությանն ընդունելու կարևոր առաքելությամբ ու ժամանակ չի ունեցել ՀԱՊԿ-ին դիմելու: Կարճ ասած՝ մեր դիվանագիտությամբ հիացած չեմ, բայց այս փաստարկը թերի եմ համարում ու ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությանն անգամ թույլ էլ չեն տալիս դիմել ՀԱՊԿ-ին կամ նրանից օգնություն ակնկալել: Եթե ուսումնասիրենք այս կազմակերպության կազմը, ապա շատ բան ակնհայտ կլինի, օրինակ, այն, որ դրա անդամները բնավ էլ մեր դաշնակիցները չեն: Ռուսաստանը թղթի վրա մեր ռազմավարական դաշնակիցն է, զենք է մատակարարում Ադրբեջանին, Ղազախստանը մեր երկրի հետ միասին ընդգրկված է մի քանի միության մեջ, բայց Ադրբեջանի շահերի հետևողական լոբբիստն է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս արտահայտել է իր համակրանքը Ադրբեջանի հանդեպ: Ըստ այդմ, ոչ կարգին դիվանագիտություն ունենք, ոչ էլ խելքը գլխին դաշնակիցներ, ու դրա գիտակցումը բերում է նրան, որ, դասական իմաստով, չունենք նաև ինքնիշխան երկիր, որն ինքնուրույն է իրականացնում իր քաղաքականոթյունն ու ազատ է դաշնակիցներ ընտրելու հարցում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ