Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խանե Սարգիսը

Խանե Սարգիսը
28.04.2017 | 10:17

-Կուռտիկ սարի գլխին, նեղ կածանի վրա, դիրք էր բռնել շենիկցի Խանե Սարգիսը։ Իր հետ էին գյուղի տղերքը։ Կանայք, երեխաներն ու ծերերը վերևում էին։ Անեծքն ու հայհոյանքը խառնվել էին աղոթքին ու վիրավորների տնքոցներին։ Կոտորածի պահին գյուղում իրար կորցրած հարազատները գոռուն-գոչյունով փնտրում էին... Ով գտնում էր, ընդամենը մի քանի վայրկյանանոց «Փառքդ շա՛տ, Տեր Աստված» էր թաքուն մրմնջում, իսկ չգտնողների կամ դաժան մահվան լուրը լսողների ողբը բոլորինն էր՝ «Կո՛ւյր աստված, ո՞ւր ես...»։

Սակայն բոլորի հայացքները գյուղի կողմն էին՝ Շենիկը վառվում էր։ Թանձր ծխի քուլաներում Խանե Սարգիսը իր տունն էր որոնում։ Թեև ահագին հեռու էր, բայց նրա աչքերը սաստիկ մրմռում էին այրվող տան ծխից, որի բոցերի մեջ կեռ յաթաղաններ էին փայլփլում։
-Սարգի՛ս, սրտիս մուրազ էի դրել՝ էս աշուն տղիս պսակեի։ Փափագում էի, որ նոր տնկած խաղողի այգու առաջին նուբարին հարսանիք անեմ։ Այգու առաջին բերք առաջին էրեխու պես քաղցր է, սրտի մուրազ է։
-Աշխարհ քանդվավ, քու տուն ավերվավ, դու քո այգու նուբարի մասի՞ն կմտածիս,- հորեղբոր որդուն խեթ նայեց Սարգիսը... Երկուսի աչքերն էլ հեռավոր ծխից մրմռում էին։
Մութը դանդաղ քանդեց գիշերվա կապերը, և տագնապներով խավարը գրկեց Կուրտիկը։ Ցավից գալարվում էր լեռը։
-Դու դիրքը ուշադի՛ր պահիր, փամփուշտները խնայիր, ես ներքև իջնեմ, մի բան իմանամ՝ ով ողջ մնաց, ով սպանվավ,- հորեղբոր տղային հանձնարարեց Սարգիսը և զգուշորեն շարժվեց կածանն ի վար։ Մութը թանձր էր, բայց Սարգիսը ամեն քար ու թփին ծանոթ էր։ Դանդաղ մոտեցավ ծխացող Շենիկին։ Գյուղում թուրքեր ու քրդեր էին շրջում, թալանն էին բաժանում՝ անասունները, գույքը, ոսկին։ Գյուղի շներին սպանել էին, որ հանգիստ տնետուն մտնեն և ամեն անկյուն քրքրեն։ Կնոջը և երեխային գտնելու հույսը մարել էր. հարևանները տեսել էին։ Սարգիսը հենվեց իրենց թոնրատան դեռ ծխացող սյանը։ Ծուխը լցվեց թոքերը, հետո մտավ արյան մեջ, դարձավ սև գնդիկ ու չջնջվող հիշողություն... Հետո Սարգիսը կամաց բացեց հորեղբոր տղայի խաղողի այգու դուռը։ Ափով շոշափեց դեռ խակ խաղողի ողկույզները, զգուշորեն քաղեց և լցրեց իր մեջքին կապած ֆիդայական պատանքի կտորի մեջ։ ՈՒզեց մի հատիկ բերանը դնել, հետ կանգնեց՝ «Նուբարի իրավունքը այգին հիմնողինն է»։ Հետո գրպանից հանեց դաշույնը, սկսեց կտրել խաղողի շարքերի մետաղալարերը՝ «Կհալեցնենք, հրացանի գնդակ կսարքենք»։ Ականջին հասնում էր քրդերի վեճը՝ «Ով շա՛տ հայ է սպանել, նա շա՛տ ոչխար ու ոսկի կստանա»։ Արյունը զարկեց գլխին, և Սարգիսը մի պահ հրացանը սեղմեց ափով՝ «Մի երկուսին հիմի զարկիմ, որ գոնե ամոթի ցավից չմեռնիմ։ Բայց չէ՛, ես սպանվելու իրավունք չունիմ, ես պիտի շա՜տ ու շա՜տ սպանիմ, իմ բաժինը երկու-երեքը չեն։ Տե՛ր, ուժ տուր, որ հիմի չկրակիմ»,- ցավը զսպեց Սարգիսն ու բռնեց Կուրտիկ սարի ճամփան։


-Ա՛ռ քու նուբարն էրա, դրա իրավունք այգի հիմնողինն է,- հորեղբոր որդուն պարզեց խաղողի այգու իր պատանաշորով փաթաթած առաջին բերքը։

-Ա՛յ Պողոս, ուշքի՛ արի, էդ ո՞ւմ հետ էիր երազում կռվում, էլի՞ գնացիր հասար 1915-ին, հիմի 2008 թիվն է,- թևից քաշեց համերկրացի Հարություն Պետրոսյանը:- Նայի՛ր, Արևմտյան Հայաստանում ենք, արդեն Կարս քաղաքի մոտ ենք, մի քանի ժամից մեր ավտոն Էրգիր կհասնի...
-Ախպե՛ր Հարություն, ես քնուկ չիմ, ես Էրգիր շուտ իմ հասե, իմ հոր՝ Խանե Սարգսի հետ կխոսիմ,- կոպերը ծանր բարձրացրեց յոթանասունյոթամյա Պողոսը ու վարորդին նորից խնդրեց, որ ավելի արագ գնա։
-Քեռի՛ Պողոս, էս տարիքին դու Ղարաբաղ ո՞նց գնացիր, կռվար, քու հրամանատար տղան՝ Ռոմիկ Մարգարյանն ու մեկելներ քեզ չխանգարեցի՞ն,- կամեցան Պողոսի ծանր մտքերը մի քիչ ցրել կաքավաձորցի Անդրանիկն ու աշնակցի Կառլեն Քամալյանը։
-Հայ-հո՜ւյ, իմ հրամանատար իր կռիվ կիսատ թողած իմ հեր Խանե Սարգիսն է, իմ հոր ձեն ամեն օր կլսիմ։ Իմ երկրապահ տղերքի հրամանատար Էրգրի օրենքով ես իմ՝ ամեն զավակի հրամանատար նախ իր հերն է։ Թողեք վազիմ իմ էրազի ետևեն...
...Գաղթականների խումբը Սուրմալուից երեկոյան հասավ Արարատյան դաշտ։ Տարոնցի մի խումբ հեծյալներ հայացքները հառեցին Արագածի ստորոտին՝ Ներքին Թալինի բարձունքին տիրող Կամսարական իշխանների պարսպապատ բերդին, ուր արդեն հարյուր հիսուն տարի պարսիկներ ու թաթարներ էին։ Մախլուտոյի, Փեթարա Մանուկի, Ախոյի ու Չոլոյի հետ էր Խանե Սարգիսը։ Բերդը Էրգրի ճամփին է ու պիտի մաքրվի։ Որոշվեց հաջորդ օրը՝ 1918 թվականի մայիսի 5-ի առավոտյան, մոտ երկու տասնյակ սասունցի-մշեցի հեծյալներով վերցնել բերդը, որը երկու անհաջող հարձակումով չէր կարողացել գրավել հազար վեց հարյուր զինվորով ու թնդանոթներով զորքը։

-Բերդը մաքրվեց մինչև կեսօր, բայց Խանե Սարգիսը որոշեց շենիկցի Չոլոյի հետ ուրիշ գյուղ գնալ ապրելու։ Հասան ՈՒջան, հետո եկան Թալինի Ադյաման (Գառնահովիտ)։ Գյուղը բարձր լանջերին էր, բայց տները գոգավորության մեջ էին, և Մասիսը չէր երևում։
-Չոլո՛, էս ապրելու տեղ չի՛, Էրգրի ճամփեն ու Մասիս չերևան, էրթանք դեպի ներքև։- Հասան Խուլդարվեշ (Ոսկեթաս) գյուղ, ուր թուրքեր էին։ Չոլոն հրաման ստացավ դաշնակցության կենտրոնից, որ առանց այն էլ ծանր օրերին թուրքերին չկոտորեն՝ ավելի չգրգռելով թշնամուն։
-Խանե՛ Սարգիս, որոշվել է, որ օրական մի երեք-չորս թուրքի գյուղից տանես դուրս, ճամփու դնես Թուրքիա,- հայրենակցին հանձնարարեց Չոլոն՝ թեև հրամանը իր սրտով էլ չէր։
Հաջորդ օրը մի քանի թուրք դեմն առած՝ Խանե Սարգիսը շարժվեց ձորի ուղղությամբ՝ հրամանի համաձայն անվնաս ճամփու դնելու նրանց։ Երբ հասավ ձորապռնկին՝ Սարգիսը մաուզերը հանեց. «Շարվե՛ք, ես ձեր հավատը, երդվել եմ՝ շա՜տ պիտի զարկիմ...»։

Փամփուշտը խնայելու համար գլխին էր կրակում, որ մի գնդակով հարցը լուծի։ Հետո դիակները գլորեց անդունդը։ Եկավ գյուղ և Չոլոյին զեկուցեց, որ անվնաս ուղարկել է թուրքերին։ Հաջորդ օրը էլի մի քանի թուրքի դեմն առած՝ տարավ ձորի քարափի մոտ և նույն ձևով սպանեց, գլորեց անդունդը։ Երրորդ օրը հարևան գյուղի չոբանները տեսնում են, մոտենում. «Սարգի՛ս, մի՛ արա, կասենք Չոլոյին»։ Մռայլվում է Խանե Սարգիսը, իր մի մաուզերը տալիս է հովվի ձեռքը, իսկ մյուսը դնում է հովվի ճակատին և գոռում. «Հենց հիմա սպանի՛ր, թե չէ ես քեզ կսպանեմ»։ Հովիվը ճարահատ կրակում է։ Սարգիսը մաուզերը վերցնում է հովվից և ասում. «Դե՛ հիմա գնա Չոլոյին ասա»։ Որտեղից որտեղ Չոլոն լսում է, որ Սարգիսը հանդգնել է դաշնակցության մարմնի հրամանը չկատարել։ Որոշումը չի ուշանում՝ զինվորական կարգը խախտելու համար Խանե Սարգսին գնդակահարել։ Անմիջապես հավաքվում են գյուղի շենիկցիները, զենքով ըմբոստանում՝ «Ո՞նց թե Սարգսին խփեք. դե ուրեմն՝ շատից՝ շատ, քչից՝ քիչ...»։ Հաշտվում են։ Որոշում են գոնե վերջին թուրքին գյուղից կենդանի ուղարկել։
-Եթե որևէ մեկը իմ թիկունքը դնի գետնին, ես նոր կգնամ էս գյուղից,- անսպասելի պայման է դնում հաղթանդամ թուրքը։
Ոչ ոք չի համարձակվում հսկայի հետ գոտեմարտել։
-Ես կկռվեմ նրա հետ,- առաջ է գալիս փոքրամարմին Սարգիսը։
Հավաքվում են գյուղի կենտրոնում, գետնին ծղոտ են փռում։ Թուրքը երկու անգամ Սարգսին ուղղակի շպրտում է գետնին։
-Տո դե լա՛վ, ես քու հետ երկա՞ր պիտի խաղամ, դուք մըզի զինվորական հրամանով կոտորիք, մենք ձըզի զինվորական հրամանով ճամփո՞ւ դնինք,- գոռում է Սարգիսը և մաուզերը շարում թուրքի ճակատին։

-Պողո՛ս, արդեն Բերկրիի ջրվեժի մոտ ենք, էստեղ հաց պիտի ուտենք,- համերկրացուն հուշերից նորից սթափեցրեց Հարություն Պետրոսյանը։


Ռեստորանում լիքն էին, հնչում էր թուրքական երաժշտություն: Հեռվից հայացքներով իրար էին տնտղում տեղացիներն ու եկվորները: Պողոսը դժվարությամբ կուլ տվեց առաջին պատառը, ծանր հազաց, ու հայկական երգը ռումբի պես անակնկալ պայթեց օդում՝
...Ստամբուլը պիտի դառնա արյան ծով,
Ամեն կողմից կռիվ կսկսվի շուտով...
Բոլորը ձգվեցին, ուր որ է մեծ իրարանցում կլինի։ Անկյունում նստածներից մեկը բաժակը դրեց սեղանին, դանդաղ վեր կացավ ու քայլերն ուղղեց դեպի Պողոսը։ Աշնակցի Սամվել Ավագյանը, վերինսասնաշենցի Վոլոդյա Մկրտչյանը և կաքավաձորցի Գրիգոր Գրիգորյանը երգը փոխեցին պարեղանակի, ու տղերքը միանգամից զարկեցին «Մշո խըռ»: Ոտքերը մռնչյունով զարկում էին գետնին ու ավելի բարձր երգում: Չպարողներս մեկական շիշ վերցրինք մեր ձեռքը։ Երգից ու պարից բացի՝ միակ զենքը դա էր, մեկ էլ աջ ձեռիս տեսախցիկը։ Հանկարծ կարծեցյալ թուրքը մի քանի քայլ հեռու կանգնեց ու անսպասելի գոռաց. «Ապո՜, ղուրբան, ապո ջա՜ն»... Անծանոթը մի ակնթարթում գրկեց Պողոսին ու գլուխն էր համբուրում.՝ «Մընըն բիյուկ մաման էրմենի, ապո ջա՜ն» (Իմ մեծ մայրը հայ է...): Մի քանի վայրկյանում դեպի Պողոսը վազեցին մյուսները՝ մեկը ծպտված հայ էր, մեկի տատն էր հայ, մյուսի՝ պապը։ Արցունքախառը համբուրում էին իրար, բաժակ զարկում... Այդպես հարյուր տարի իրար կորցրած եղբայրներն են գրկախառնվում, անխոս սրբում իրար արցունքները։ Ռեստորանից հայկական երգ ու պարի ձայները գիշերվա զովի թևերով միանում էին Բերկրիի ջրվեժի խուլ հնչյուններին ու գետի անհանգիստ ալիքների հետ գնում հեռո՜ւ հեռուները...


-Ներո՛ղ կլինես, ապո Պողոս, ես հայերեն չգիտեմ, թող ձեր թարգմանիչը մեզ օգնի,- մեղավորության զգացումով քրդերեն խոսեց ծպտված հայը: -ՈՒրեմն Էրգիր՝ քո հայրական օջա՞խն ես գնում։
-Հա՛, լաո՛, էս աշխարհում առանց հեր էլ մարդ կապրի, բայց առանց հոր տան ապրել ավելի ծանր է: Իմ հեր մեռավ՝ իր աչք էս ճամփին էր, չէր թողնում նոր տուն շինեինք, ասում էր. «ՈՒրեմն ձեր հույս կտրե՞լ եք Էրգիր էրթալու, նոր տուն կշինեք»: 1964 թիվն էր, մի քանի ամսով նրան տարանք իմ ախպոր տուն՝ Խարբերդ, որ Ոսկեթասում գաղտնի սկսենք նոր տան շինարարությունը: Երբ հետ եկավ, տեսավ, որ նոր տան կեսը կառուցվել է, խոժոռ նայեց իմ դեմքին, շրջվեց, թքեց կիսատ պատին. «ՈՒրեմն հաշտվել եք էն մտքին, որ Էրգիր չերթաք, հա՞, ես էս տան մեջ չեմ ապրի»: Կարճ կապեց ու հետ գնաց Խարբերդ: Ահագին ժամանակ անցավ, մեր բարեկամները հավաքվեցին, գնացին Խարբերդ: Մի կերպ համոզել են, որ երբ ճամփեն բացվի, նոր տունը չի խանգարի հետ գնալու համար: Լաո՛, դուք ձեր հորական տուն պինդ պահեք, հայի ժամանակն էլ կգա՝ միայն թե Հայաստան պետություն շատ զորանա... Թուրքի հավատ սուտ ընդունելով՝ դուք ձեր կյանք ձեր մտքի մեջ եք ապրե, հայերեն չեք խոսի, որ ձեր զավակին չմորթին։ Դուք մեղավոր չիք մենակ մտքով հայ ապրելու համար։ Ես իմ տղեքի հետ գնացի Ղարաբաղ, որ մի օր էդ ճամփեն երկարի... մինչև Էրգիր: Մենք պիտի զորանանք, դուք պիտի դիմանաք։ Ոչ ոք մեզի հայրենիք չի նվիրի, մենք ենք մեր սխալի ու ճշտի տեր...

…Մեքենան Մշո դաշտով սլանում էր դեպի Սասուն՝ հիշողության թևերով իր հետ տանելով Պողոսին: Կարոտի թևերին իր հետ Պողոսը Էրգիր էր տանում Խանե Սարգսին... Հայրական տունը կանչում էր...

Խանե Սարգիսը լսում է, որ Թալինի Դադալու (Եղնիկ) գյուղում մի արյունախում թուրք է թաքնվել, միլիցիայի ջոկատը չի կարողանում գտնել:
-Ես գիտեմ, թե թուրքը հայի գյուղում որտեղ կթաքնվի,- ասում է Սարգիսը և գնում հարևան գյուղ: Մոտենում է ցորենի ամբարին և դիմում տանտիրոջը. «Որտե՞ղ է թաքնվել թուրքը»: Տանտերը վախից լռում է: Պողոսը բռնում է տանտիրոջ թավ բեղերից և պինդ քաշում՝ մաշկախառը պոկելով բեղի կեսը:
Հետո հանգիստ բացում է ցորենի ամբարը և միջից դուրս քաշում թուրքին. «Քու պիղծ արուն էս սուրբ ցորենին չեմ խառնի: Իմ պարտքեր շատ ին, էս մի գնդակ քըզի նվեր»...
1937-ին ԷՆԿԱՎԵԴԵՆ երկու անգամ հիշեց Սարգսին: Տարան շրջկենտրոն: Թղթերը նախապես պատրաստել էին։ Հանձնաժողովի անդամներից մեկը կուսակցական պաշտոնյա էր: Վերջին պահին ձայն խնդրեց:
-Կոտորածի օրերին Խանե Սարգիսը շատ հայ որբերի է փրկել, սահմանն անցկացրել, բերել էս կողմ: Մի գաղտնիք բացեմ՝ էդ փրկվածներից մեկն էլ ես եմ: Նա բարի մարդ է, ժողովրդի թշնամի չէ,- վերջին խոսքերը հուզմունքով ավարտեց կուսշրջկոմի պաշտոնյան:
«Էս խեղճ մարդուն էլ հաստատ իմ հետ Սիբիր կուղարկեն, գոնե թողնեն ընտանիքիս մնաք բարով անեմ»,- մտքում ազնիվ պաշտոնավորին խղճաց Սարգիսը: Հանձնաժողովականները, ավելորդ գլխացավանքից խուսափելով, եզրափակեցին. «Լա՛վ, քաղաքացի՛ Սարգիս, դու ազատ ես»:
Մի քանի ամիս հետո ԷՆԿԱՎԵԴԵՆ նորից հիշեց Սարգսին:
-Մենք գիտենք, որ ձեր տանը մաուզեր է եղել, մինչև չհանձնես, կալանավորված կմնաս,- չեկիստները պայման են դնում: «Եթե խոստովանեմ ու հանձնեմ, մյուսների նման կասեն, որ ընկեր Բերիայի դեմ մահափորձ եմ կազմակերպում, ավելի լավ է լռեմ»,- քննիչների մտադրությունը հասկանում է Սարգիսը: Վեց ամիս մնում է բանտում: Սարգսի հավատարիմ եզդի հովիվներից մեկը գնում է միլիցիա և հայտնում, որ այդ մաուզերը իրենն է: Ինքը սար բարձրանալու ճանապարհին դա թողել էր Սարգսենց տունը, հետո վերցրել է: Խելացի հովիվը մաուզերը նախապես փաթաթել էր թերթի թարմ համարով և տարել սար: Քննիչները ձիերով սար են բարձրանում, տեսնում զենքը, համոզվում և ազատում Սարգսին։

-Ապո Պողո՛ս, էս քո հոր՝ Խանե Սարգսի տունն է,- քրդերենով դիմեց նոր տանտերը,- նե՛րս անցիր, մի կտոր հաց կիսիր, որ հորական տունդ հալալ անես իմ ընտանիքին: Մենք մեղավոր չենք։


Վերջին բառերի վրա քրդի լեզուն մոլորվեց բերանում, զգաց, որ ցավոտ վերք բացեց։ Պողոսը իր հոր ոտքերով ներս մտավ հայրական տուն։ Քիչ հետո Պողոսն ու Հարությունը գրկել էին դարավոր ընկուզենին՝ կոտորածի միակ խշշացող վկային ու իրենց դաշտով անցնող հորդ առվին հարցեր էին տալիս։ Հեռվում լեզուն քարկապ ընկած Կուռտիկ սարի գլուխը մոլորվել էր ամպերի մեջ։ Պողոսը որդու՝ Ռոմիկի գրած երգի տողերով խոսեց Կուռտիկի հետ, ու ամպախեղդ սարը ականջ էր դրել Պողոսին.
...Կուրտիկ սարի որձաքարին
Արծիվների պես թառել,
Հայացքները սպասումով
Մեր ճամփեքին են հառել...
Ձայն են տալիս մեր պապերի
Հոգիները Շենիկից՝
«Հեյ վա՜խ, տղերք, շա՛տ ուշացաք,
Բան չմնաց շեն Էրգրից...»:

Պողոսը մենավոր Կուրտիկ սարին շատ խղճաց, պատմեց, որ իրեն չեն մոռացել...
-Հա՛, իմ ախպեր սարին պատմիմ, որ իմ հեր Խանե Սարգիս, երբ հարյուրերեք տարեկան էր, մյուս օրինավոր սասունցի մեծերի նման մեկ-մեկ ծռում էր, տնից դուրս էր գալիս ու Էրգրի ուղղությամբ գնում: Համոզում էինք, տուն բերում: Մի անգամ արևմտոցին տեսանք, որ չկա... Դեսուդեն վազեցինք, հասանք էն ձորի բերան, ուր ինքը թուրքերին սպանել և անդունդն էր գլորել... Խանե Սարգիս շապիկ-թումբով կանգնել էր ձորի պռնկին, հրացանով կրակում էր անդունդի վրա ու գոռում՝ «Ես ձեր..., դե հիմի գնացե՛ք Չոլոյին ասեք...»: Սարը լսում էր...

-Պողոս լաո՛, էսօր իմ քոչի մեծ ու պստիկ ժողվեք իրար գլխի,- առավոտյան որդուն խնդրեց հարյուրհինգամյա Խանե Սարգիսը: Սասնա նահապետները այդպես միայն վերջին հրաժեշտին են պատվիրում: Սենյակը լիքն էր, դուռն ու լուսամուտները՝ բաց...
-Սարգի՛ս, ես մեղք իմ գործե քու հանդեպ, հիսուն տարի առաջ քզի խաբեր իմ, ներո՛ղ կեղնիս,- մահամերձի թույլ ձեռքը համբուրեց հորեղբոր որդին՝ Հայրոն:- Կհիշի՞ս, որ մաուզեր դրիր իմ ճակատին և ստիպիր, որ մեր գյուղ մնացած թուրքին սպանեմ: Ես դրան տարա բլրի հետև, մատը կտրեցի, արյունը քսեցի իր շորին, իրեն բաց թողի ու իր շորեր բերի, ասի, որ սպաներ իմ: Էդ մեղք իմ հոգին կերավ հիսուն տարի, ներո՛ղ եղիր։


-Հայրո՛, ես գլխի ընկա, թե ինչ արիր, բայց ձեն չհանի, ես ցույց տվի, որ իմ մոտ դու արդեն տղամարդ իս, քու սիրտ չկոտրի... Հիմի ես կերթամ էն աշխարհ, որ զիմ կռիվ շարունակիմ։
Խանե Սարգսի կոպերը հանգիստ իջան։ Այդպես ծիրանագույն մայրամուտին Կուռտիկ սարից ամպերն էին իջնում Շենիկին...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 177278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ