Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը

Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը
29.05.2018 | 08:52

Սովորաբար Տիրոջ հարության քառասուն օրերից, ապա Համբարձումից ու Հոգեգալստից հետո սկսվում է եկեղեցական տոների շքերթը, ինչպես գարնան արևից հետո սկսում են իրենց անկրկնելի գույներով ծաղկել ու փթթել մարգագետինները: Հարության գարնան առաջին «ձնծաղիկներ» դարձան սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերը, Գրիգոր Լուսավորիչը եղավ Խոր վիրապից ելնելուց հետո, իսկ այդ ամենից հետո Տիրոջ երկնային կնիքով հաստատվեց Սուրբ Էջմիածինը, ինչը նշանակում է Միածնի իջման վայր: Ցավով պետք է նշենք, որ այդ երկնային գանձի երկնատուր փայլը շատ հայորդիների սրտում խամրել է անտարբերության կամ նույնիսկ թշնամանքի աստիճանի։ Բայց մինչ նորից այդ ցավոտ վերքին անդրադառնալը, ավարտենք սկսած թեման ու խոսենք սրբուհի կույսերի մասին։
Եթե ուշադիր եղավ ընթերցողը, ապա հասկացավ, որ բոլոր տոները մեր առաքելական եկեղեցու հաստատման հետ են կապված։ Այդպես էլ կա, քանզի Տերը Իր սկսած գործը կիսատ չի թողնում։


Հայտնի է, որ Տերը Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցեք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկոս 16.15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվեց աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին:

Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև Իր առաքյալների՝ Թադևոսի ու Բարդուղիմեոսի սերմանած ավետարանի խոսքով առաջինը հայոց ազգը պտղակալեց ու հասունացավ, ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Իսկ երբ Հռիփսիմյանց կույսերը, իրենց երկրում հալածվելով, նախ Հռոմ գնացին, ապա, Սուրբ Հոգու թելադրմամբ, Երուսաղեմ, որտեղ և Տիրոջից առաջնորդություն ստացան, որ գան Հայաստան աշխարհ, արդեն սերմանվածը փխրեցնելու և պարարտացնելու իրենց սեփական արյան ոռոգումով. քանզի այդ էր Արարչի կամքը: Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը պետք է ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Եվ երբ դա կատարվեց, ու երեսունչորս կույսեր նահատակվեցին Տրդատ թագավորի հրամանով, Արարատյան դաշտավայրը ոռոգվեց սրբուհիների կուսական արյունով, նույն տեղում աճեցին ու հառնեցին ապագա Սուրբ Էջմիածնի այժմյան եկեղեցիները։ Կա մատենագրական փաստագրում, որ երբ թագավորի զինվորները սպանում ու սրախողխող էին անում սրբուհիներին, նրանք մունջ գառների նման իրենց սպանողներին էին հանձնում որպես հայոց ազգին մատաղացու։ Իսկ երբ նրանց նահատակված դիերը թողեցին ամայի դաշտում որպես այդ շրջապատում թափառող կենդանիներին կեր, հեթանոսական այդ զազրելի սովորույթը նույնիսկ կենդանիները խախտեցին, ու կույսերի մեռած մարմիններին ոչ մի գազան կամ շուն չմոտեցավ, ու այդպես մնացին ինն օր դաշտում ընկած, առանց ապականության նշույլների, մինչև որ Տերն Իր սկսած գործը կշարունակեր: Հեթանոս հայորդիներից ոչ ոք չէր հասկանում, որ կույսերի անապական սուրբ արյունով ապագա քրիստոնեական Հայաստանի հավատքի հիմքերն են ոռոգվում։ Անցնում է ինն օրը՝ երկնային հրեշտակների նույնքան դասերի չափով, մինչև որ այդ օրերի ընթացքում կատարվեր մեկ այլ խորախորհուրդ իրադարձություն, թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի հնգապատկված երազներին անսալով, պալատական արքունիքը գնում-հանում է Խոր վիրապից տասներեք տարվա մահապարտ Գրիգոր Պարթևին՝ ապագա Լուսավորչին, ով պետք է առաջին Հայոց հայրապետը դառնար ու մի գահ հաստատեր, որ մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը անսասան ու հաստատուն մնար։ Այդպես էլ եղավ ու այդպես էլ կա և կլինի։ Իսկ երբ Գրիգորը իմանում է, թե իր ելքից առաջ ինչեր են կատարվել, առաջին հերթին գնում և քրիստոնեավայել թաղում է սրբուհիների անվնաս ու անապական մնացած մարմինները, ինչը ապագա հրաշքների դուռն էր բացելու Հայաստան աշխարհի հավատքի հաստատման առաջ։ Եվ դրանցից առաջինը եղավ այն, որ Գրիգոր Լուսավորչի աղոթքով դիվահարությունից ազատվեց Տրդատ արքան, ով մինչև իսկ խոզի կերպարանք էր ստացել իր անմարդկային դաժանության համար։


Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի դեմ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս» ու անարատ, ՝ արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը՝ իր հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնը, ու Արարատի կուսական փեշերին Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի Սուրբ Անունը դավանողներից անդրանիկ առաջին ազգին: Եվ դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել, պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթող լինելով: Բայց սատանան իր ոխը մինչև վերջ պահեց այդ քաջ ու նվիրյալ Աստծո ծառայի՝ Տրդատի հանդեպ, քանզի նրան իր դեռևս հեթանոս, գողամիտ ու պղծասեր նախարարների միջոցով մահաթույն խմեցնելով հայոց մեծաբորբոք ջահը մարեց, խավարեցնելով Հայաստան աշխարհը: Չտարակուսենք Տիրոջ նախասահմանյալ խորհուրդների այդ թողտվության համար, քանզի ինչպես կանանցից ծնվածներից ամենամեծը՝ Հովհաննես Մկրտիչը՝ կնոջ ձեռքով գլխատվեց, այդպես էլ հեթանոս արքաներից ամենաքաջը մի կույս աղջնակով պարտության մատնվեց և վերջում էլ հեթանոս հայորդիների ձեռքով նահատակության բաժակն ըմպեց:

Այդպես է՝ մարդկային մտքից ու իմաստությունից վեր է Տիրոջ գործելակերպը, քանզի Նրա ծրագրերը հավիտենականությունից են բխում: ՈՒ այդ է պատճառը, որ հոգու հավատքով երկնային բուրմունք չհոտոտած մշակութային անձեր, այս օրերին որպես թե մտավորականներ թունաթափ են լինում, իրենց հեթանոսական կամ անաստվածության մաղձը թափելով հոգևորապես իրենց աջն ու ձախը չտարբերող հայորդիների վրա, դրանով իսկ անմտաբար նսեմացնելով Հայոց ազգի տիեզերածավալ առաքելությունը։ Նմանները ազգային խլուրդների են նման, որոնք իրենց կենցաղամիտ ապրելակերպով խարխլում են մեր ազգային հենքը, իրենց երկրաքարշ մտային կարողությամբ այն որպես պատմագեղարվեստական խղճուկ արժեքներ ներկայացնելով, իրենց տկարամիտ «արշինով» չափ ու ձև անելով ու կարկատելով, հայոց ազգի դարձի պատմությանը մեզ են հրամցնում իրականության խրտվիլակը, կամ էլ ավելի վատթարը՝ քննադատում են Գրիգոր Լուսավորչին ու Տրդատին, որ նրանք հայոց հին մշակույթի տաճարներն են քանդել ու բռնի քրիստոնեություն տարածել: Իբր մեր ազգը այլևս կարիքը չունի Նարեկացի սրբի, այլ ժամանակակից այլ արժեքներով պետք է առաջնորդվենք, կամ էլ ավելի վատթար` պետք է վերադառնանք մեր հին աստվածների պաշտամունքին։

Տկարամտության այդ ջատագովներին հարց եմ տալիս (քանի որ լրագրա-հեռուստատեսային իշխանության բարձունքները իրենց ձեռքում են). դու՛ք, որ ճոխացված ու պաճուճազարդ խոսքերով փորձում եք բարբառել երկնային անճառ խորհուրդներից, խոստովանեք ամենատես Աստծո և հայ ժողովրդի առաջ, որից փառք ու պատիվ եք ակնկալում, նսեմացնելով մեր հայոց մեծերին, ազգի ուղնուծուծը համարվող սրբերին՝ հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլ ընտիրների հավատն ու հոգու դավանանքը, գոնե մի անգամ սկզբից մինչև վերջ կարդացե՞լ եք մեր ազգի համար սուրբ համարվող գիրքը՝ Աստվածաշունչը: Ինչո՞վ եք զբաղված Տիրոջ սուրբ օրերին՝ կիրակիներին ու եկեղեցական տոներին. ձեր մարմնի ու մտքի հեշտասեր կա՞մքն եք կատարում, թե՞ հոգիներիդ քաղցն ու ծարավն եք հագեցնում Աստծո անունով կայացած շինություններում, որ կոչում եք եկեղեցիներ: Վերջին անգամ ե՞րբ եք աղոթք արել ու եթե արել էլ եք, ապա ու՞մ, Աստծու՞ն, Որի խոսքն եք զանց արել կյանքով ու գործով: Ծոմ ու պահք պահե՞լ եք, զղջումով ու խոստովանությամբ սուրբ կենարար Հաղորդության խորհրդին մոտեցե՞լ եք, նախապես ձեր չարակամներին ու հայհոյողներին օրհնելով, ձեզ ատողներին ներելով, ձեր դեմ թշնամացածների մոտ գնալով ու հաշտվելով, որբերին ու որբևայրիներին այցելելով, նրանց ցավն ու վիշտը կիսելով, հաց ու հանդերձ բաժին հանելով: Իսկ եթե չեք արել, Տերը այն ահեղ Օրը ձեզ պիտի ասի. «Գնացե՛ք մի կողմ, անպիտան ծառաներ, Ես չգիտեմ դուք որտեղից եք»: Եվ դարձյալ. եթե մեկի ընտանիքի մեջ բորոտության մահաբեր վարակ տարածված լիներ, դրանից ազատվելու համար նա կխնայե՞ր այդ ախտով վարակված հագուստները կամ տան եղած-չեղածը, թե՞ դրանք ամբողջովին կայրեր կյանքները փրկելու համար: Իհարկե ամեն գնով կազատվեր դրանցից, ինչքան էլ դրանք թանկարժեք լինեին, այլապես նորից վարակվելու ահը միշտ սրտներում կլիներ, որը ավելի վատթար է, քան ինքը՝ բորոտությունը: Երկրորդ ավանդությունը կապված է Տրդատ թագավորի հետ, որը նույնպես սիրում էր այդ հրաշագործ վայրը, և հաճախակի այցելությունների էր գալիս և իր մահից հետո էլ թաղվում է նույն տաճարին կից: Այդ վայրում նաև կուսաստան է եղել, որտեղ աղոթքով իրենց հրեշտակային կյանքն են ապրել Հռիփսիմյանց կույսերը:

Հետագայում Գրիգոր Լուսավորիչը, այդ վայրն ընդարձակելով, մի հրաշալի վանք է կառուցում, իսկ Տրդատ արքան էլ, որպես ապաշխարություն մեղքերի, իր հզոր թիկունքին դրած Արարատի փեշերից հսկայական քարեր է կրում ապագա Մայր Տաճարի հիմքերի համար. հիմքեր, որոնք անսասան ու հաստատուն էին մնալու ի հեճուկս ամենակուլ ժամանակի ու գալիք բարբարոսների և արյունարբուների, որոնք ասպատակելու էին մեր երկիրը, բայց մինչև հիմքեր չէին սասանելու։ Արդ, ինչ որ գրված է, մենք ինքներս ենք տեսնում ու զգում մեր ազգի հանդեպ, բայց խոստովանենք, որ մի Աներևույթ Զորություն, ՈՒմ Անունն է Հիսուս Քրիստոս, մեր տկար աղոթքներով դեռևս պահում ու պահպանում է այս փոքրիկ ածուն՝ Հայոց ազգը, մինչև որ կկատարվի Ավետարանի Խոսքը. «Ձեզ համար լաւագույն հարստություն ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է: Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա: Ձեզ համբերություն է պետք, որպեսզի, Աստծո կամքը կատարելով, հասնեք Նրա խոստմանը, քանի որ մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս, և գալու է Նա, Ով պիտի գայ և չպիտի ուշանա» (Եբրայեցիներին 10.34-37):


Հայորդի մեր ընթերցող, մեր ազգային հիմքերի զորացման, ամրացման ու հաստատուն պահելու համար այժմ էլ մշակներ ու աղոթողներ են պետք, քանզի մենք շրջապատված ենք մեր դեմ թշնամացած ու մեր Փրկիչ Աստծուն մերժած արյունարբու ազգերով, որոնց կրոնը պարտադրում է օրը հինգ անգամ նամազ անել: Աշխարհը ալեկոծվում է ավերող փոթորիկներից, ինչպես որ տեսնում ու լսում ենք. ազգը ազգի հետևից, երկիրը երկրի հետևից ավերակների կույտերի ու թշվառությունների երախներ են բացվում։ Մարդկային արյունը գետի պես է հոսում։ Մեզնից առավել զորեղ ազգեր մեկը մյուսի հետևից ծնկի են գալիս մի աներևույթ կործանող ուժի առջև, և այդ ուժի անունն է Նեռի իշխանություն, որ իր թագավորությունն է ուզում հաստատել աշխարհում։ Մեր ազգի փոքրիկ նավակը չի կարող դիմանալ այդ փոթորիկներին, եթե խարսխված չլինի հաստատուն ժայռին, իսկ այդ Ժայռի Անունն է Հիսուս Քրիստոս՝ Որդին Աստծո, Ով Իր Խաչով հաղթեց այս աշխարհի իշխանին՝ սատանային։
Այս ազգակործան ու խառը ժամանակներում Հայոց ազգի անսասանության խարիսխը պետք է հաստատենք միակ անսասան Ժայռին` Հաղթող Քրիստոսի վրա, որը մեր նախնիների լույս հավատքն է, սուրբ Խաչով կնքված ու սուրբ մեռոնով օծված։ Քանզի Տեր Հիսուսն ասաց. «ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ ԿԱՆՑՆԵՆ, ԲԱՅՑ ԽՈՍՔԵՐԸ ՉԵՆ ԱՆՑՆԻ»։


Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը մինչև Իր խոստացած Երկրորդ գալուստը, այստեղ հիշատակված Իր բոլոր հաղթող սրբերի բարեխոսությամբ. ամեն։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 16031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ